Թուրքիային ձեռնտու է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ժիրինովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը ձեռնտու կլիներ բոլորին: Այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում ասել է ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Թուրքիան վաղուց պետք է փոխեր իր դիրքորոշումը, առավել ևս, որ դժվար է հերքել Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների սպանությունը, առաջին հերթին` հայերի սպանությունը: Եթե Անկարան մեղմացներ իր դիրքորոշումը, ապա վաղուց կսկսեր վերականգնել Հայաստանի հետ լավ հարաբերությունները, քանի որ դա ձեռնտու է Թուրքիային: Հայաստանն ուղիղ կապ է Եվրոպայի հետ: Այսինքն, դա ձեռնտու է կոմերցիոն տեսանկյունից»,- ասել է Ժիրինովսկին:

Նրա կրածիքով՝ երկու ժողովուրդների միջև հաշտեցման հարցին պետք է աստիճանաբար մոտենալ:

«2015թ. ԼԴՊՌ կուսակցությունը Պետդումային առաջարկեց որոշում ընդունել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանության ճանաչման մասին: Սակայն մեզ չհաջողվեց, խորհրդարանական մեծամասնությունը չաջակցեց մեզ: Եկեք միջազգային մակարդակով քննադատենք ցանկացած ցեղասպանություն, ոչ միայն հայերի ցեղասպանությունը, այլև, օրինակ, ռուսականը 1914թ., երբ ավստրիական բանակը Գալիցիայում ոչնչացրեց ռուսական բնակչությանը»,- ասել է Ժիրինովսկին:

Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Հայոց ցեղասպանության հարցով Վաշինգտոնի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը:

«ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է գրեթե բոլոր նահանգների կողմից, բազմիցս բարձրաստիճան անձինք, այդ թվում նաև ԱՄՆ նախագահները, կողմ են արտահայտվել այդ հարցի քննարկմանը: Դաշնային մակարդակով ճանաչման բացակայությունը կապված է այն բանի հետ, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարևորագույն դաշնակից է Մերձավոր Արևելքում»,- եզրափակել է Ժիրինովսկին:




Լրահոս