ՇԱՆՏԱԺ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համացանցում հրապարակվել է ՀՀԿ-ական տխրահռչակ պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին պատկանող SAS գրուպում անցկացված նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Պատկերը, մեղմ ասած, ողբերգական է: Ձայնագրությունից պարզ է դառնում, թե ընկերության աշխատակիցներին ինչ շանտաժով ու սպառնալիքով են ստիպում ՍԱՍ-ի Արտակի համար ձայներ հավաքել, իսկ նրանց, ովքեր, մինչեւ այդ ժողովը չեն կարողացել անուններ ներկայացնել, ժողովը վարողը սկսել է մեկ առ մեկ նախատել: «Մարդիկ, որոնք նման վերաբերմունք են ցուցաբերում, տեղ չունեն… Էն մարդը, ում անունի դիմաց 0 ա, մենք իրան դիտարկելու ենք, որ մեր դեմ ա, ոչ թե որ չի օգնում, այլ դեմ ա… ստեղ լինելու են նաեւ պարգեւատրումներ, էն մարդիկ, որ կբերեն ձայներ, իրանք կընդունվեն որպես ակտիվիստ, կստանան գումարներ, ընտրողները՝ նույնպես»: Ցանկացած նորմալ երկրում այս ամենից հետո քրեական գործ կհարուցվեր, իսկ ՍԱՍ-ի Արտակն էլ, եթե փոքր-ինչ բարոյականություն ունենար, վայր կդներ իր մանդատը, կամ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը բարեկամաբար նրան խորհուրդ կտային գնալ այդ քայլի: Բայց քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, որը հեռու է ժողովրդավարական նորմալ երկիր համարվելուց, նման երեւույթները նույնիսկ խրախուսվում են: Եվ, ընդհանրապես, կարելի է վստահաբար պնդել՝ նման պատկեր է նաեւ պետական գերատեսչություններում, այլ ընկերություններում: Իսկ մինչ այդ արձանագրենք ցավալի իրողություն. մի երկրում, որտեղ աշխատանք գտնելը լրջագույն խնդիր է, նման ընկերություններում աշխատողները գտնվում են ստրուկի կամ պատանդի կարգավիճակում եւ պարտավոր են անտրտունջ ենթարկվել վերադասի ապօրինի հրահանգներին: Այս ձայնագրությունը նաեւ տալիս է հարցի պատասխանը, թե ինչու ԱԺ վերջին ընտրություններում մարդիկ զանգվածաբար տուրք տվեցին ընտրակաշառքին՝ ընտրելով իշխանական թեկնածուներին. այդպես վարվեցին ճարահատյալ՝ չունենալով այլընտրանք:

 

 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամեն քայլափոխի փորձում է ապացուցել, որ ինքը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ շարունակում է մնալ նույն հասարակ չինովնիկը, որ նախկինում էր: Թաթոյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվել է՝ արդյո՞ք պատրաստվում է զեկույց հրապարակել ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ, առավել եւս, երբ միջազգային դիտորդների մակարդակով անգամ խոսք գնաց ընտրողներին մասսայաբար ընտրակաշառք բաժանելու եւ ճնշելու մասին: «Այս պահին ես չեմ տեսնում առանձին անհրաժեշտություն` հատուկ զեկույց հրապարակելու, որովհետեւ ընտրախախտումները այն աստիճան մեծ չէին, որպեսզի հատուկ զեկույցի առարկա դառնային»,- եղել է նրա պատասխանը: Համաձայնեք՝ խիստ ինքնատիպ պատասխան, որից հետո խոսքերն ավելորդ են: Ավելորդ է նաեւ հիշեցնել, որ ընտրություններից հետո ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված օրինախախտումների վերաբերյալ արդեն 16 քրեական գործ է հարուցվել:

 

 

 
Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ տեղեկություններ է հաղորդել: Բանն այն է, որ Գյումրիի սելեկցիոն կայանից հնարավոր է սերմացուն ձեռք բերել 170-180 դրամով, մինչդեռ, սերմացուն ներկրվում ՌԴ-ից՝ կրկնակի թանկ գնով՝ 290-300 դրամով: Դեռ ավելին՝ պետությունն էլ սուբսիդավորում է ՌԴ-ից ներկրված սերմացուի գնի կեսը՝ այդ նպատակով ծախսելով միլիոնավոր դրամներ: Համաձայնեք՝ անբարեխիղճ մոտեցում, քանի որ կարելի է օգտագործել Հայաստանի երկրորդ քաղաքում առկա սելեկցիոն կայանի հնարավորություններն ու լուրջ գումարներ տնտեսել: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը ԳՆ-ից տեղեկացավ՝ միայն այս տարվա գարնանացանի աշխատանքների կատարման համար 587 մլն դրամի չափով 1710 տոննա սերմ է ներմուծվել, որից մոտ 280 մլն դրամը սուբսիդավորվել է պետության կողմից:

 

 

 
ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններն անպատիժ կմնան: Միայն թե, հիշեցնենք, այդ սկանդալային բացահայտումից հետո, երբ հրապարակվեցին տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, ԿԳ նախարարությունն իր հերթին, ԿԸՀ-ն իր հերթին հայտարարել էին փաստերն ուսումնասիրելու մասին: «Ժողովուրդ»-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ եղան նրանց ստուգումները: «Մի հատ հասկանանք՝ ինչպես է խնդիրը եղել, որից հետո հստակ դիրքորոշումը կլինի, ես այն ժամանակ եմ ասել, երկու-երեք շրջաբերականով ենք հաստատել»: Իսկ թե ինչու շրջաբերականներից հետո անգամ տնօրենները գնացել են նման քայլի, Մկրտչյանն ասել է. «Ես ինքս անձամբ որեւէ մեկին ե՛ւ նախարարությունում, ե՛ւ նախարարությունից դուրս նման բան երբեք թույլ չեմ տվել»:

 

 

 
ՉԱՆԼՐՋԱՑՆԵԼ
Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետություն մեկնած Սերժ Սարգսյանն այսօր Բիշքեկում մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպմանը: Հատկապես վերջին միջոցառումը մեզ համար առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերում այն պատճառով, որ դեռեւս տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց, որ կազմակերպութան գլխավոր քարտուղարի նշանակման հարցը վերջնականապես կքննարկվի ապրիլին կայանալիք հանդիպման ընթացքում:
Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես հայտնի է, ըստ կազմակերպության նորացված կանոնադրության՝ ռոտացիոն է եւ դեռեւս երկու տարի առաջ այն պետք է անցներ Հայաստանին: Սակայն ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը նախ՝ 2015թ աշնանը հետաձգվեց մեկ տարով, ապա արդեն 2016-ին երկու անգամ տարբեր իրավիճակներ ստեղծվեցին, որպեսզի Հայաստանի ներկայացուցչի նշանակումը տեխնիկապես հնարավոր չլիներ: Վերջին՝ արդեն հիշատակված տարեվերջյան գագաթնաժողովում անդամ երկրներից Բելառուսի նախագահը պարզապես չմասնակցեց՝ առանց որեւէ պատճառաբանություն ներկայացնելու՝ այդպիսով չեղարկելով այդ հարցի լուծումը:
Եվ հիմա շատ հետաքրքիր է՝ արդյոք այսօրվա հանդիպման ընթացքում, ի վերջո, հնարավոր կլինի այս հարցում հասնել կոնսենսուսի, թե մենք հերթական անգամ կլսենք նոր պարզաբանումներ, թե ինչու է նշանակումը վերստին հետաձգվում:
Մյուս կողմից էլ, սակայն, նկատենք, որ այս ոչ հեշտ փուլում, երբ վերստին շեշտակիորեն լարվեցին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, ՀԱՊԿ-ի դերակատարությունը առանձնահատուկ կարեւորություն է ստանում Ռուսաստանի համար, եւ համապատասխանաբար որոշակիորեն կարեւորվում է նաեւ այդ կառույցի թեկուզ ֆորմալ ղեկավարի ընտրության հարցը: Ինչ խոսք՝ Հայաստանի ներկայացուցչի նշանակումն այս առումով պետք է որ միանգամայն ձեռնտու լինի Ռուսաստանին. ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանը, թերեւս, ամենամեծ կախվածություն ունեցողն է Ռուսաստանից: Սակայն արդյոք դա ընդունելի տարբերակ կլինի Ղազախստանի եւ Բելառուսի համար, արդյոք հենց ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ նրանց ձայնը ավելի բարձր չի հնչի ընդհանուր ժողովում՝ ի վնաս Հայաստանի շահերի:
Ամեն դեպքում՝ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ դոմինանտ երկիր, ստիպված է լինելու առաջիկայում չափավորել եւ բալանսավորել կազմակերպության անդամների վարքագիծը, հակառակ պարագայում որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ ստեղծված այս ռազմաքաղաքական դաշինքը առավել ցցուն կերպով կարձանագրի իր անլրջությունը: Իսկ դա այս փուլում Ռուսաստանին ձեռնտու չէ առավել, քան երբեւէ:




Լրահոս