ՓՈՂՈՑԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ԴՊՐՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված ձայնագրությունները՝ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ, ընտրություններից հետո նոր ընթացք ստացան, մի բան էլ մեղավոր դուրս եկավ այդ ձայնագրությունները հրապարակած ՀԿ-ն. դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են դատարան,՝ պահանջով, որ դատարանը պարտավորեցնի ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Բացի այդ՝ նրանցից յուրաքանչյուրը 2-ական միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում: Նկատենք, որ ձայնագրությունները հրապարակվելուց եւ մեծ աղմուկ առաջանալուց հետո ԿԳՆ-ն հայտարարեց, որ սկսել են ուսումնասիրություն կատարել: Ի՞նչ փուլում է գտնվում այդ ուսումնասիրությունը, եւ ինչպե՞ս է տնօրենների այդ արարքին արձագանքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարը. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, դպրոցների տնօրենների մասնակցությամբ հայտնի ձայնագրությունների վերաբերյալ Ձեր նախարարությունը ուսումնասիրություններ էր սկսել: Ավարտեցի՞ք, ի՞նչ եզրահանգման եք եկել:
-Դեռ ընթացքի մեջ է, արդյունքներն առաջիկայում պետք է ներկայացնենք, եւ գիտեք, որ նաեւ հակընդդեմ հայց է եղել, նաեւ մենք որոշակիորեն ստացել ենք ԿԸՀ-ի տեսակետը, կփորձենք առաջիկայում տնօրենների հետ էլ մեր խոսակցության արդյունքը ներկայացնել:
-Ի՞նչ եք կարծում՝ այդ տնօրենները բարոյապես «իրավունք» ունեի՞ն հակընդդեմ հայց ներկայացնելու:
-Գիտեք, ընթացքի մեջ է, եթե դիմել են, քաղաքացի են, ուրեմն իրավունք ունեն, եթե դատարանը վերցրել է:
-Իսկ Դուք, որպես կրթության եւ գիտության նախարար, ինչպե՞ս եք վերաբերվում նրանց արարքին:
-Մի հատ հասկանանք՝ ինչպես է խնդիրը եղել, որից հետո հստակ դիրքորոշումը կլինի, ես այն ժամանակ եմ ասել, երկու-երեք շրջաբերականով ենք հաստատել:
-Խնդիրը նաեւ այն է, որ մինչ այդ էիք շրջաբերականներ ուղարկել բոլոր դպրոցների տնօրեններին, սակայն դրանից հետո նրանք հանդգնեցին այդպիսի քայլեր կատարել, ասել է, թե անտեսեցին այդ շրջաբերականները:
-Ես ինքս անձամբ որեւէ մեկին ե՛ւ նախարարությունում, ե՛ւ նախարարությունից դուրս նման բան երբեք թույլ չեմ տվել:
-Իսկ այդ մասին իմանալուց հետո վատ չզգացի՞ք, որ տնօրեններն աշխատել են ոչ թե Ձեր կուսակցության՝ Դաշնակցության համար, այլեւ Հանրապետականի:
-Ո՛չ, Դաշնակցությունը չի ուժեղանա այդ աշխատանքից, բայց ես Ձեզ ասեմ՝ տնօրենները պնդում են, որ իրենք իրենց աշխատանքային ռեսուրսները չեն օգտագործել եւ աշխատել են իբրեւ Հանրապետական կուսակցության անդամներ աշխատանքից հետո եղած ժամանակ: Եվ ԿԸՀ-ն քննական վարույթ վերցրեց, հիմա ունենք իրենց բացատրությունները, կպարզենք ավագ դպրոցների մասով բնականաբար, որովհետեւ ներառված են ավագ դպրոցները, մյուս ուղղություններով երեւի թե նմանատիպ խնդիրներ կանեն ե՛ւ մարզպետարանները, ե՛ւ քաղաքապետարանները: Նաեւ գիտեմ, որ դպրոցի տնօրենների մի խումբ, իրենց վիրավորված համարելով, դիմել է դատական հայցով, հիմա այս խնդիրը փորձենք առաջիկայում հասկանալ:
-Բայց ձայնագրություններն ամեն ինչ պարզ ցույց են տալիս…
-Դե, դատական նիստը ցույց կտա:
-Պարո՛ն Մկրտչյան, օրերս Երեւանի դպրոցներից մեկում տեղի ունեցած աշակերտների ինքնավնասման դեպքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք:
-Դպրոցի տնօրենը խոսեց, մենք երկուշաբթի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստ կանենք: Մտահոգիչը հետեւյալն է, որ ինքնավնասման ձեաչափը նշանակում է, որ փողոցային տրամաբանությունը մտած է դպրոց: Ինձ որպես նախարար սա է մտահոգում, եւ ուրեմն այդ դպրոցում դաստիարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, որովհետեւ դա փողոցի ձեռագիր է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դպրոցում այդպիսի բան հնարավոր, դա շատ կարեւոր խնդիր է, դրա համար մեծ մանկխորհուրդի նիստ է լինելու, որից հետո կտանք համապատասխան հաղորդագրությունը, որպեսզի սա լինի նախադեպային մյուս բոլոր դպրոցների համար: Ինձ, որպես կրթության պատասխանատու, ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես է, որ այդպիսի ձեւաչափը մուտք է գործում դպրոց, դա երկու երեխաների վեճ չի եղել, ինչ-որ կռիվ չի եղել, դպրոցի ներսում պրոցեսի մեջ են եղել, սա ինձ ավելի է հետաքրքրում:
-Եվ վերջում՝ արդյոք կվերանշանակվեք ԿԳ նախարարի պաշտոնում:
-Ինչպես հարմար կգտնեն:
-Իսկ Դուք ի՞նչ եք ցանկանում:
-Գիտեք, եթե հարմար գտնեն, կաշխատեմ, եթե չէ, արդեն սովոր եմ փոփոխությունների:

 

 

 

 
«ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ ՎԱՏԸ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԱՏՆ ԵՆ»

Դեռեւս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած պատգամավորների եւ 2018 թվականից հետո վարչապետի հավանական թեկնածուների մասին:

-Պարո՛ն Աղաբաբյան, ՀՀԿ-ն կարծես թե ուզում է երիտասարդացնել իր թիմը ԱԺ-ում, երիտասարդները կարո՞ղ են ավագներին փոխարինել, ունե՞ն այդքան ներուժ:
-Ես գոհ եմ այն փաստից, որ ժամանակին ես ասացի, որ ՀՀԿ-ում հարկավոր է ավագների խորհուրդ ստեղծել, եւ այն ստեղծվել է: ՀՀ-ում կա հանրային խորհուրդ, ՀՀԿ-ի մեջ էլ պետք է լինի նման խորհուրդ, բայց ոչ հանրային, այլ ավագների, կուսակցական, քաղաքական փորձ ունեցողների: Դա նշանակում է, որ կուսակցությունն ունի քաղաքական, գաղափարախոսական մեծ փորձ, ունի ազգի կրթության, ազգորոշ գաղափարախոսության փորձ, որն այսօր հայկական հեռուստատեսության մեջ չկա, ավագների խորհուրդը Ձեր թվարկած ջահել պատգամավորների համար կդառնա խորհրդական, եւ մեր ջահելները կյանքում չեն սխալվի:
-Իսկ ի՞նչ կարծիքի եք Ձեր մարզից՝ Շիրակից ընտրված պատգամավորների մասին, ոչ միայն Ձեր կուսակցության, այլեւ ընդդիմադիր: Օրինակ՝ պատգամավոր ընտրվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
-Դու հիմա կրակ ես վառում, որ ես վրան բենզին լցնե՞մ: Վարդան Ղուկասյան ես ասում, լսի, կարեւոր չի, ով անցավ, ոնց անցավ, կարեւորը հետո, թե իրենք հայրենանվեր, ազգային ճանապարհ են անցելու, թե իրանց բնավորության համեմատ կփորձեն իրենց դրսեւորեն: Չերչիլն ասում էր՝ յուրաքանչյուր կրիզիսը նոր բիզնես է ստեղծում, թող նոր պառլամենտը նոր ազգային օրենքներ բերի, որ մեր ազգը ապրի: Մի հասարակ բան ասեմ, ասում ենք՝ էս մինիստրը վատն է, մինիստրը վատը չէ, օրենքն է վատը, որով ինքն աշխատում է: Վատ մարդ չկա ազգի մեջ, վատ մարդիկ նրանք են, ովքեր եվրոպական, ամերիկյան օրենքներ են բերում Հայաստան, որը մեր օրենտացիան չի, մեր ազգայինը չի, թող ազգային օրենքներ լինեն, վատ նախարար, վատ վարչապետ չենք ունենա: Օրենքներն են վատը, դրա համար մեր նախարարները վատն են, մեր ղեկավարությունը վատն է, բյուջեն լցնելու համար պետք չէ վաղվա տնտեսությունը քանդել, որը արել են մինչեւ այսօր:
-Ակտիվորեն քննարկվում է, թե ով կլինի վարչապետը 2018-ից հետո, նշվում են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի անունները…
-Ես Կարեն Կարապետյանին վստահում եմ, ես չեմ ասում, թե ում չեմ վստահում, բայց Կարեն Կարապետյանին վստահում եմ:
-Այսինքն՝ կցանկանա՞ք, որ նա լինի 2018-ից հետո:
-Ես կուզենայի՝ այսօրվանից մինչեւ վերջ ինքը մնար, որովհետեւ ինքը խելացի, ազգային, իր ժողովրդին որպես իր ընտանիք նայող է, կուզենայի ինքը լինի, քանի ապրումա:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ԱՌԵՎՏՐԱԿԱՆԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը անցած տարվա ընթացքում լուրջ առքուվաճառքով է զբաղվել: Նա 6 մլն դրամով գնել է հողամաս եւ 75 հազար դոլարով անհատական բնակելի տուն: Փոխարենը պատգամավորն անցած տարվա ընթացքում 25 հազար դոլարով վաճառել է բնակարանը, իսկ 22 հազար 500 դոլարով՝ անհատական բնակելի տունը: Տիկին Եսայանի դրամական միջոցները կազմել են 4 հազար դոլար, որը 2015 թվականին չի եղել: Իսկ որպես եկամուտ Եսայանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 592 հազար դրամ, եւ ստացած փոխառությունները, վարկերը՝ 25 մլն դրամի եւ 100 հազար դոլարի չափով: Նրա ամուսինը՝ Լեւոն Եսայանը, որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմել է 668 հազար դրամ:

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ «ԿՈՒՅՐ» Է
Տեւական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար, հնարավոր է, նշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը Բաբլոյանին տեսնում է իրեն փոխարինողի դերում: Հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարարը ժպտալով ասաց. «Ես չեմ տեսնողը կամ չտեսնողը: Տվյալ դեպքում ես կույր եմ»: Հիշեցնենք, որ մինչ այս, տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից: Նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, եւ ինքը չի հարմարվում պետական աշխատանքին:

 

 

ԸՆԴԴԵՄ 14/10 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ շարունակվում են դատական հայցերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 10-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ոչ իրավաչափ ճանաչի թիվ 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի անգործությունը: Պարզեցինք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ՀԿ-ի Դիտորդ Օժենի Ավետիսյանը վերոնշյալ ընտրատեղամասում արձանագրել է, որ միեւնույն անձը երեք անգամ ինքնուրույն քվեարկել է այն անձանց համար, որոնք օգնության կարիք են ունեցել: Արդյունքում դիտորդը թիվ 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովին տեղյակ է պահել ստեղծված իրավիճակի մասին եւ պահանջել կազմել համապատասխան արձանագրություն, սակայն հանձնաժողովականները հրաժարվել են: Այդքանից հետո հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի թիվ 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովին՝ արձանագրելու դիտորդի գնահատականը: Այս գործով դատական նիստերը կայացել են, եւ առաջիկայում կհրապարակվի վճիռ: Ի դեպ, սա կարեւոր է՝ եւս մեկ անգամ ապացուցելու, որ ապրիլի 2-ի ընտրություններին իշխանություններն ըստ էության վերահսկել են, թե ով ինչպես է քվեարկում:




Լրահոս