ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Հաց բերող Արթուր Սարգսյանի հետ կատարվածին, երբ արձանագրվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում բավարար ազդեցություն ունենալ պետական մարմինների, իշխանության վրա, ասաց. «Կարող է այդպիսի հանրային տպավորություն ստեղծվել, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեր աշխատանքով զգալիորեն նպաստել ենք առողջական վիճակի եւ ընդհանրապես իրավունքի պահպանման երաշխավորմանը՝ անընդհատ, ամենօրյա այցերով: «Ժողովուրդ»-ի մտահոգությանը, որ Արթուր Սարգսյանի ճանապարհով է գնում նաեւ 2015թ. Նորք-Մարաշի հանցավոր խմբավորման գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, եւ հարցին, թե ինչ է անում պաշտպանն այս ուղղությամբ, ՄԻՊ-ն ասաց. «Նա որոշ դեղեր է սկսել ստանալ, հիմա դատապարտյալների հիվանդանոցում է»:

Մեր դիտարկմանը, որ դատապարտյալների հիվանդանոցի պայմանները բոլորին են հայտնի, եւ Շիրխանյանը պետք է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվի, Արման Թաթոյանը արձագանքեց. «Ես էլ եմ այդպես կարծում: Նա որոշակի գոհունակություն է հայտնել դատապարտյալների հիվանդանոցի պայմանների առնչությամբ, բայց մենք շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները»:
«Ժողովուրդ»-ը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրուցեց նաեւ ՄԻՊ 2016 թվականի տարեկան զեկույցի որոշ հարցերի շուրջ:
-Պարո՛ն Թաթոյան, 2016 թվականի զեկույցում անդրադարձել էիք 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, երբ մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվեց 10 հոգի: Բայց այստեղ էլ ընդամենը կրկնվել են նախորդ զեկույցներում նշված մտքերը, թե չնայած ՀՔԾ-ի կողմից արված քննչական գործողություններին՝ չի ապահովվել քննարկվող քրեական գործերի վերաբերյալ հանրային իրազեկվածության պատշաճ մակարդակ, եւ որ քրեական գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումը կարող է հանգեցնել մահացած անձանց իրավահաջորդների իրավունքների խախտմանը: Ըստ էության արտատպել եք նախորդ պաշտպանների գնահատականները:
-Չի արտատպվել, ես նաեւ նշել եմ, թե այնտեղ ինչ գործողություններ են կատարվել, ինչը պարտավոր էին անել, բայց դրանով հանդերձ ամեն դեպքում նշել եմ, որ դա բավարար չէ:
-Իսկ փորձե՞լ եք տեղեկանալ, թե այս գործով ինչ նորություններ կան:
-Տեսեք, քննություն է ընթանում, նախաքննությունը գաղտնիություն ունի, եւ մենք գաղտնիության հետ կապված սահմանափակված ենք այդ պահանջով: Բայց այդ հարցում կարեւոր է այն, որ ընդհանուր տեղեկություններ ենք պահանջել, ո՛չ տեսել ենք բավարար հրապարակայնություն, ո՛չ էլ էական առաջընթաց: Իսկ թե քննչական տակտիկայի ընթացքում ինչեր են պլանավորել եւ այլն, դա մարդու իրավունքների պաշտպանի միջամտության առարկա չէ, ցավոք սրտի:
-Անցել է 9 տարի, 10 զոհերի հարազատները իրենց սպանված զավակների ոտնահարված իրավունքների հետ կապված դեռեւս որեւէ քայլ չեն տեսնում, արդյո՞ք սա չի խոսում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի չգործելու մասին:
-Իմ դերը դա է, ես այստեղ այլ բան չեմ կարող անել, իմ կարգավիճակից բխող հարցը դա է:
-Զեկույցում անդրադարձել եք նաեւ բուհերի ուսխորհուրդների քաղաքականացվածության խնդրին՝ այն դիտելով կրթության իրավունքի իրացման սահմանափակումների համատեքստում: Սակայն ՄԻՊ զեկույցից այդպես էլ չի երեւում, թե բուհերի ուսխորհուրդներն ի՞նչ քաղաքական ուղղվածություն ունեն, ո՞ր կուսակցություններն են իրենց քաղաքական հայացքները թելադրում: Ինչո՞ւ կոնկրետ անուններ չեք տալիս:
-Որովհետեւ մեզ եկող տեղեկություններն էլ են ընդհանուր, դրա համար չկա, նախորդներում էլ չկա, եթե ուշադիր եք նայել:
-Բայց բոլորին էլ հայտնի է, որ բուհերի ուսխորհուրդները հանրապետականացված են: Վախենո՞ւմ եք նշել, թե՞ այլ խնդիր կա:
-Ո՛չ, ես չունեմ այդ տեղեկությունը, ոչ թե ասում եմ՝ չի համապատասխանում, այլ չեմ կարող պնդել, թե կոնկրետ ով է դա անում: Եթե տեսել եք՝ բոլոր մարդու իրավունքների պաշտպաններն էլ նույն սկզբունքով են, քանի որ դա իրենց կարգավիճակն է:
-Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո բարձրաձայնվեց ընտրակաշառքի, քվեարկության գաղտնիության խախտման դրսեւորումների մասին: Արդյո՞ք ընտրությունների մասով զեկույց կհրապարակվի:
-Այս պահին ես չեմ տեսնում առանձին անհրաժեշտություն` հատուկ զեկույց հրապարակելու, որովհետեւ դրանք /ընտրախախտումները/ այն աստիճան մեծ չէին, որպեսզի հատուկ զեկույցի առարկա դառնային, կարծում եմ՝ տարեկան զեկույցով կլինեն, եթե, իհարկե, բացառիկ իրադարձություններ չլինեն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները շարունակում են անպատիժ մնալ: Հիշեցնենք՝ մարտի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն հրապարակել էր Երեւանի եւ ՀՀ մարզերի 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որտեղ նրանք ներկայացրել են, թե ինչպես են մարդկանց ՀՀԿ օգտին ցուցակագրել ու ցուցակները հանձնել մարզպետարաններ, գյուղապետարաններ, քաղաքապետարաններ, թաղապետարաններ ու վերջապես՝ ՀՀԿ նախընտրական շտաբներ:
Այդ ձայնագրություններից մեկի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, թե այն առեւերույթ հանցագործության տարրեր է պարունակում, անգամ հանձնարարել նյութեր նախապատրաստել եւ քրեական գործ հարուցել: Խոսքը Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի «խոստովանությունների» մասին էր, որտեղ վերջինս ասել էր, թե ամուսնու հետ վախեցրել է մարդկանց, որ ՀՀԿ-ին ընտրեն: Ըստ այդմ, Ա. Ավետիսյանը ներկայացրել է 1700 հոգու անուն եւ խոստովանել. «Լրիվ, լրիվ, 1000 անգամ ստուգված մարդիկ են: Մենակ չեմ արել, իմ ամուսինս էլ է ոլորտի մեջ: Աշխատում են մեկ ամիս, ամենավերջին ձեւով վախեցնելով, ովքեր երկու տեղ են գրանցվել, հա՛մ էստեղ, հա՛մ էնտեղ, դուրս են բերվել ցուցակից: Այս ամենի գլխին կանգնած է ամուսինս»: Ի դեպ, Աստղիկ Ավետիսյանի ամուսինը՝ Արտակ Ավետիսյանը, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է: Եվ ահա ՀՀ գլխավոր դատախազությունը վերոնշյալ ձայնագրությունը ուղարկել էր ՀՀ ոստիկանություն, որպեսզի նյութեր նախապատրաստվեն:
«Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում դպրոցի տնօրենի հարցաքննությունից: Մասնավորապես ոստիկանները նրան հարցրել էին, թե ում են ամուսիններով վախեցրել: Աստղիկ Ավետիսյանն էլ ասել է իրավապահներին, թե. «Ես հանդիսանում եմ Հանրապետական կուսակցության անդամ եւ իմ ծանոթ-բարեկամներին ասել եմ՝ եթե չընտրեք Հանրապետական կուսակցությանը, ես ձեզանից կնեղանամ: Այդ վախեցնելու պահը կոնկրետ արտահայտել եմ նման խոսքերով, եւ որեւիցե սպառնալիք կամ վախեցնել չի եղել»: Բնականաբար, այս խոսքերը ոստիկաններն ընդունել են հալած յուղի տեղ ու ընթացք չեն տվել գործին:
Ավելին՝ ոստիկանությունը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1 մասի 2-րդ կետով գործը կարճել. «Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:
Իսկ մինչ այդ հայտնի հանրապետական Աստղիկ Ավետիսյանը շարունակում է առոք-փառոք պաշտոնավարել, ավելին՝ ԱԺ վերջին ընտրություններում նա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ էր իր իսկ ղեկավարած դպրոցում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԶՈՐԱՎԱՐԺՎՈՒՄ Է
Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 16-ից 21-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու: Դրանցում ներգրավվելու է մինչեւ 30 հազար զինծառայող, 250 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, մինչեւ 200 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետ, 25 միավոր մարտական ինքնաթիռ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժերի մարտունակությունը եւ մարտական իրական իրավիճակին մոտ պայմաններում զորքերի կառավարումը: Զորավարժությունները շարունակվելու են մինչեւ ապրիլի 21-ը:

 

 

ԿԵՂԾԵԼ ԵՆ
2016 թվականին ՀՀ ՊՆ-ի եւ N ՍՊ ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2016թ. 3-րդ եռամսյակում ՀՀ ՊՆ-ին ջեռուցման նպատակով կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ մատակարարել: Սակայն ՍՊԸ կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով պայմանագիրը լուծվել է, նշված ընկերության նկատմամբ հաշվարկվել է տույժ եւ տուգանք: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից պարզվել է, որ ՍՊԸ-ն ՀՀ ՊՆ-ին է ներկայացրել նախկինում նմանատիպ գործունեություն ծավալելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր: Ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

ԻՐԵՆՑ ՊԵՍ ՉԵՆՔ
Մենք Ադրբեջանի նման չենք, մենք պահպանում ենք պատմական, կրոնական, մշակութային կոթողները՝ անկախ նրանից՝ հայկական են, թե ոչ: Այս մասին Tert.am-ին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությանը, ըստ որի՝ հայկական կողմը Շուշիի մզկիթի վերականգնումն իրականացնում է սադրիչ նպատակներով: «Մենք վերանորոգում ենք ճարտարապետական մի կոթող, ինչ կապ ունեն սադրիչ գործողություններն այս ամենի հետ։ Մենք իրենց պես Ջուղայի խաչքարերը չենք ջարդում, ոչնչացնում, թափում գետը»,- շեշտել է նա: Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նաեւ հայտարարել էր, որ ծրագրվում է Հայաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնել։ Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձել է այս հայտարարությանը՝ նշելով. «Ներկայումս միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի եւ օրակարգի ձեւավորման ուղղությամբ կողմերի միջեւ աշխատանքներ են տարվում»:




Լրահոս