«ԵԼՔ»-Ի ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՆՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում առկա նոր իրողությունը կարելի է բնորոշել, որպես ընդդիմության լիակատար սերնդափոխություն: Սա փաստ է: Անկախ նրանից ընդդիմադիր դաշտի հին գործիչները կհամակերպվեն այս իրողության հետ, թե ոչ եւ ինչ վարք կդրսեւորեն, միեւնույնն է՝ Հայաստանի քաղաքական դաշտում առաջիկա զարգացումները բխելու են սերնդափոխության իրողությունից:

Նոր իրողությունը «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին պարտադրում է առաջիկա ամիսներին՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, միավորվել եւ դառնալ մեկ՝ հզոր ընդդիմադիր քաղաքական ուժ, որն ի վիճակի կլինի իր համակարգը կառուցել՝ իշխանական համակարգի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: «Ելք»-ը հետեւողական օգտագործելու է կուսակցության զարգացման համար անհրաժեշտ եւ իր տրամադրության տակ առկա գործիքակազմը՝ ԱԺ խմբակցության եւ Երեւանի քաղաքապետի կամ ավագանու պատկառելի խմբակցության ներուժը: Կասկած չունեմ, որ այդ գործիքակազմը գնալով կավելանա՝ իշխանական համակարգից նոր համայնքներ ազատագրելու տեսքով: Սրանում համոզված եմ եւ այդ նպատակով, որպես «Ելք»-ի անդամ, ինձանից հասանելիք ամեն ինչ անելու եմ:
Սակայն այս հոդվածս մեր՝ «Ելք»-ի հետագա անելիքների մասին չէ: Նյութս ցանկանում եմ հասցեագրել հին ընդդիմության նոր ներկայացուցիչներին, որոնցից շատերի հետ երկար տարիներ ընդհանուր ճանապարհ ենք անցել, մեջք մեջքի պայքարել ենք՝ մեր երազած Հայաստանն ունենալու համար:
Եթե Երեւանի ավագանու ընտրությունները մեկ ամսից չլինեին կամ իրերի
վիճակն այլ կերպ ստացվեր
Քաղաքական «հրադադարի» պայմաններում «Ելք»-ի կողմից կուսակցաշինությունը շարունակելով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցած սերնդափոխությունն անժխտելի կդառնար անգամ արդյունքում քաղաքական դաշտից դուրս մղված հին գործիչների համար: Իհարկե, սկզբում նրանք հույսեր կփայփայեին, որ մենք իրենց սխալները կրկնելով՝ ռեւանշի հնարավորություն կտանք իրենց, սակայն ժամանակի ընթացքում կգիտակցեին, որ իզուր են հույսեր փայփայում: Արդյունքում, հին ուժերի նոր ներկայացուցիչները երկընտրանքի առջեւ կհայտնվեին. իրենց քաղաքական ուժի ներսում ներքին սերնդափոխություն իրականացնել եւ միանալ «Ելք»-ին կամ նման հնարավորություն չունենալով՝ պետք է անհատապես որոշեին միավորվել: Իհարկե, կա եւս մեկ տարբերակ, որը մի շարք անհատների պարագայում ինձ համար ցանկալի չէ. այն ենթադրում է, որ հին քաղաքական ուժերի հետ միասին նրանց նոր գործիչները եւս կարող են քաղաքականությունից հեռանալ: Նման տարբերակը Հայաստանի համար ռեսուրսների վատնում է: Իսկ միավորման հաջողվելու երաշխիքը «Ելք»-ի ներսում ձեւավորված ներքին ժողովրդավարությունն է, որը հնարավորություն է տալիս ցանկացած տարաձայնություն հաղթահարել, երբեմն նաեւ առաջին հայացքից անհնար թվացող: Ասվածում ոչ մի չափազանցություն չկա:
Երեւանի ավագանու ընտրություններում իրերի այլ վիճակի՝ 5-6 քաղաքական ուժերի մասնակիցության դեպքում, միեւնույն է, «Ելք»-ը, որպես ընդդիմադիր դաշտի նոր «սեփականատեր», իր դիրքերն է՛լ ավելի ամրապնդելու էր: Ինչից հետո իրադարձությունները կրկին կզարգանային այն նույն տարբերակով, որը նկարագրել եմ, եթե Երեւանի ավագանու ընտրություններն ընդհանրապես այս փուլում չլինեին:
Երեւանի ավագանու այս ընտրությունների ընձեռած բացառիկ հնարավորությունը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նման՝ գրեթե համապետական նշանակություն ունեցող կարեւորագույն ընտրություններում իրերի վիճակը շատ պարզ է. մեզ սպասում է սեւի եւ սպիտակի պայքար:
Հին քաղաքական ուժերի շարքերում գտնվող իմ ընկերներին կխնդրեի, որպեսզի իրենք իրենց համար գտնեն այն հարցի պատասխանը, թե կուսակից հին գործիչներն ինչու են փորձում «Ելք»-ին կծմծել, որն է նրանց շահը: Արդյոք այն չի, որ նրանք հույս ունեն, իբր մեր՝ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ չարձանագրելու դեպքում իրենք ռեւանշի հնարավորություն կստանան եւ փորձում են իրենց համեստ լուման ներդնել ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու գործում: Բայց փաստն այն է, որ նրանք այս անգամ էլ սխալվում են, նոր իրողությունն այլեւս անշրջելի է: Եթե նույնիսկ մեզ չհաջողվի հաղթել, միեւնույն է, մենք՝ «Ելք»-ը, ամենօրյա աշխատանքով եւ ջանասիրությամբ արդարացնելու է իր ընտրողների վստահությունը՝ հող նախապատրաստելով ապագայում վստահության շատ ավելի մեծ եւ որոշիչ քվե ստանալու համար:
Բայց իրողությունն այն է, որ ներկա իրավիճակում իրադարձությունները կարող են շատ ավելի արագ զարգանալ: Եթե որոշեք հենց այս փուլում միանալ «Ելք»-ին, եթե որոշեք, որ հենց վաղվանից մենք պետք է կրկին միասին պայքարենք մեր երազած Հայաստանի համար, հավատացեք, որ Երեւանից մենք կսկսենք Հայաստանի «ազատագրումը»: Անհնար է գերագնահատել նման վերամիավորման արդյունքում Երեւանի ընտրողին հաղորդված դրական լիցքերի ազդեցությունը, այն ի վիճակի կլինի իշխանական ցանկացած համակարգի ծնկի բերել:
Հ.Գ.-1 Նյութը հասցեագրված չէ հին քաղաքական ուժերի շարքերում ծվարած այն երիտասարդներին, որոնք մոլագարության աստիճան տառապում են անձերի պաշտամունքով:
Հ.Գ.-2 Եթե համարում եք, որ վերը գրվածի հասցեատերն եք, ապա հաստատ հեռախոսահամարս ունեք՝ չի փոխվել, զանգե՛ք, միասին մի գավաթ սուրճ կխմենք:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀՀ ԿԸՀ-ում «Ելք» դաշինքի
լիազոր ներկայացուցիչ
«Ելք» դաշինքի ցուցակով Երեւանի ավագանու թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության վարչության անդամ

 

 

 

 
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԸ ՄՏԱՀՈԳԻՉ է

Հայաստանում գրանցված հանցագործությունների քանակը ավելացել է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում գրանցված հանցագործությունների քանակը այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 29-ով ավելացել է: Այսինքն՝ այս տարվա հունվար-փետրվարին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը կազմել է 2570:

«Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ գրանցված ոչ մեծ ծանրության հանցագործությունների քանակը կազմել է 1374, որը 160-ով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածից: Իսկ ահա միջին ծանրության հանցագործությունների քանակը ավելացել է 40-ով եւ կազմել 800: Սրան զուգահեռ՝ նկատենք, որ նվազել է ծանր հանցագործությունների քանակը. այս տարվա հունվար-փետրվարին այն կազմել է 367, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 539: 5-ով նվազել են նաեւ սպանության դեպքերը՝ կազմելով 9:
Սակայն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը 72-ով աճել է. ըստ ԱՎԾ-ի՝ դրանք այս տարվա հունվար-փետրվարին կազմել են 1119: Աճել են նաեւ պետական կամ հանրային գույքի հափշտակությունները՝ 8-ով: Այս տարվա հունվար-փետրվարին պետական կամ հանրային գույքի հափշտակությունները կազմել են 17: Մի ուշագրավ փաստ եւս. զգալի նվազել են կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերը: Այսպես՝ պաշտոնապես այս տարվա հունվար-փետրվարին գրանցվել է կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 11 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 92: Իսկ ահա պետական իշխանության ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների քանակը ընդամենը 3-ով է աճել՝ կազմելով 236: Ի դեպ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքերը այս տարվա հունվար-փետրվարին կազմել են 31, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4-ով: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը նույնպես աճել է՝ 49-ով: Նշենք, որ այս տարվա հունվար-փետրվարին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը կազմել է 139, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 90: Ըստ մասնագետների՝ երկրում սոցիալ-տնտեսական ոչ բավարար վիճակն է հանդիսանում հանցագործությունների աճի հիմնական պատճառը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 850 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ Հայտարարված 3.2 մլրդ դրամ ներդրումները 2-3 տարվա ծրագիր է: Ըստ նրա` այս տարի նախատեսվում են 850 մլն դոլարի ներդրումներ, որոնց իրականացման աղբյուրներն ու իրականացնողները հստակ են: «Ես ակնկալիք ունեմ, որ մեր ներդրումներն ավելին կլինեն, քան հայտարարվել է»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ ներդրումային ծրագրերը շատ ակտիվ քննարկվում եւ իրականացվում են, հետաքրքրություն կա էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, սննդի վերամշակման ոլորտների հանդեպ:
«Մեղրիում ներդրումների հարցում վրացական կողմը շատ հետաքրքրված է: Պայմանավորվածություն կա՝ մայիսի վերջ մենք Հայաստանում կկազմակերպենք վրացական բիզնեսի օրեր, եւ վրացական այն բիզնեսմենները, որոնք շահագրգռված են Իրանի սահմանին ազատ առեւտրի գոտում ներդրումներ անել, ինչպես նաեւ առհասարակ Հայաստանում ներդրումներ իրականացնել, իրենք կգան, եւ կոնկրետ, առարկայական քննարկումներ կունենանք»,- ասաց Կարայանը:

 

 

ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 6-ից մինչեւ 12-ը գրանցված երկրաշարժերից 3-4-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Այս մասին տեղեկացնում են սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալությունից:
Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 2-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ապրիլի 8-ին Իջեւան քաղաքից 23 կմ դեպի հյուսիս֊արեւմուտք, ապրիլի 10-ին Վեդի քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 15 երկրաշարժ, բոլորն էլ Թուրքիայի տարածքում: Ապրիլի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքից 34 կմ դեպի հյուսիս֊արեւելք: Ապրիլի 9֊ին նույն օջախային գոտում տեղի է ունեցել 12 երկրաշարժ՝ 3-ից մինչեւ 5-6 բալ ուժգնությամբ: Ապրիլի 10-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պատնոս քաղաքից 50 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, որին հաջորդ օրը հետեւել է եւս մեկ ստորգետնյա ցնցում՝ 3 բալ ուժգնությամբ: Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: Ապրիլի 10-ին Կենտրոնական Ամերիկայում՝ Սալվադորի Մեհիկանոս քաղաքից 3 կմ դեպի արեւմուտք, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տուժել երկուսը:




Լրահոս