ԷԺԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 11-ին անակնկալ այցելել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Այցի ընթացքում վարչապետը ուշագրավ հայտարարություն էր արել հացահատիկի եւ գարու սերմացուների ձեռք բերման հետ կապված:

Վարչապետի ԳՆ այցելության ժամանակ նախ անդրադարձ էր կատարվել գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրին: Վարչապետին զեկուցվել էր, որ սերմերի ներկրման եւ մատակարարման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է: Նշվել էր նաեւ, որ դրանց մի մասը ձեռք է բերվել Գյումրիի սելեկցիոն կայանից, որի սերմերի վաճառքի գինը զգալիորեն մատչելի է դրսից ներմուծվողից: Դա ավելի էր կարեւորվել վարչապետի կողմից, եւ վերջինս հանձնարարել էր կարճ ժամանակահատվածում իրեն ներկայացնել Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացման ու գործունեության ընդլայնման վերաբերյալ համապատասխան ծրագիր:
«Ինչո՞ւ առ այսօր հաշվարկ չենք արել, թե ինչպես անել, որպեսզի դրսից կախվածությունը նվազեցնենք: Անընդհատ ասում ենք, որ պետք է ներմուծումը փոխարինել, ուրեմն պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանն ինչ է ներմուծում, եւ դրա դիմաց ինչ ենք կարողանում անել: Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: Եթե խոսում ենք արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին, ունենք մի բան, որը լավ է աշխատում, ուրեմն պետք է ընդլայնենք նրա գործունեությունը: Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է ե՛ւ սերմերի արտադրությամբ, ե՛ւ վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- ասել էր Կարեն Կարապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դաձավ, որ վարչապետի այս հայտարարությունը Գյումրիի սելեկցիոն կայանի աշխատակիցների մոտ մեծ հույսեր է արթնացրել: Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ վարչապետը միակ պաշտոնյան է, ով, ի վերջո, խոսել է այս հարցի մասին, ինչը տարիներ շարունակ կայանի աշխատակիցները չեն բարձրաձայնել:
«Ի վերջո, եկավ մի մարդ, ով ճիշտ գնահատեց իրավիճակը, քանի որ լիարժեք մաքուր, զտարյուն եւ որակով սերմացու կարող է միայն գյուղացուն տալ Գյումրիի սելեկցիոն կայանը: Ամենակարեւորը՝ էժան գնով: Գյումրիի սելեկցիոն կայանից հնարավոր է սերմացուն ձեռք բերել 170-180 դրամով: Մինչդեռ նախընտրում են այն ձեռք բերել Ռուսաստանից կրկնակի թանկ գնով՝ 290-300 դրամով: Սա որքանո՞վ է ճիշտ»,- ներկայացրեց Կարախանյանը:
Սելեկցիոն կայանի տնօրենից տեղեկացանք նաեւ, որ հացահատիկի սերմը իրենք առաջարկում են 180 դրամով, իսկ գարունը՝ 170 դրամով: «Եթե տեղյակ եք, վարչապետը նախարարությունում զարմացած հետաքրքրվեց, թե ինչու է հացահատիկի եւ գարու սերմացուները թանկ գնով ներկրվում: Վարչապետի այդ հայտարարությունը հստակ էր, դա մեզ համար գնահատելի էր: Մենք առաջին անգամ ուրիշի շուրթերից լսեցինք այն մտահոգությունը, որը մեզ այդքան անհանգստացրել է»,- նկատեց Կարախանյանը:
Նա հավաստիացրեց, որ սելեկցիոն կայանի առաջարկած սերմացուն որակապես չի զիջում ՌԴ-ից ներկրվածին. «Ո՛չ որակական ցուցանիշով, ո՛չ վերարտադրությամբ եւ ո՛չ էլ իր արդյունաբերությամբ: Յուրաքանչյուրն էլ կարող է գալ, սերմացու տանել: Ազատ շուկայական հարաբերություններ են, առաջարկ-պահանջարկ կա: Բնական է, բիզնես է: Եթե կա մրցակցություն, ապա պետք է համեմատական տրվի»:
Կարախանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց նաեւ, որ վարչապետի ԳՆ-ում արած հայտարարությունից հետո դեռ որեւէ արձագանք ինքը չի ստացել: «Մենք հանձնարարություն չենք ստացել, որ հասկանանք՝ ինչ անենք: Առայժմ ոչ մի նորություն չկա: Բայց մենք վայրկյան առ վայրկյան սպասում ենք այդ գործընթացին, որովհետեւ մենք հուսով ենք, որ դա կիրականացվի»,- ասաց Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրենը:
«Ժողովուրդ»-ը ԳՆ-ից տեղեկացավ, որ այս տարի գարնանացանի աշխատանքների կատարման համար 587 մլն դրամի չափով 1710 տոննա սերմ է ներմուծվել, որից մոտ 280 մլն դրամը սուբսիդավորվել է պետության կողմից: Նշենք, որ քանակը ձեւավորվել է մարզերի կողմից ներկայացված պահանջարկի համաձայն:
ԳՆ-ից հայտնեցին նաեւ, որ ձեռք է բերվել 4 մլրդ 621 մլն 36 հազար 750 դրամի պարարատանյութ, որից 673 մլն 295 հազար 750 դրամը կազմում է սուբսիդիան: Իսկ գարնանացան ցորենի եւ գարու սերմացուն ՌԴ-ից ձեռք է բերվել 290 դրամով: Գարին գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է 130, գարնանացան ցորենը՝ 150 դրամով: Մինչդեռ անհրաժեշտ քանակությունը Գյումրիի սելեկցիոն կայանից ձեռք բերելու դեպքում նախ սերմացուն գյուղացուն կհասնի ավելի մաչելի գնով, ապա կառավարությունը միլիոններ կտնտեսի: Դիզվառելիքի համար նախատեսված է 275 մլն դրամի չափով սուբսիդիա, ձեռքբերում դեռեւս չի իրականացվել: Ի դեպ, միայն խորհրդատվության համար ԳՆ-ն հատկացրել է 360 մլն 361 հազար 500 դրամ:
Իսկ դիզվառելիքն ու պարարտանյութը նախատեսված են ամբողջ տարվա, սերմացուն՝ գարնանացանի համար: Այս ամենի արդյունքում միթե գյուղերի բնակիչները պիտի համոզված պնդեն, թե իրենք էլ ունեն իշխանություն եւ պետություն: Չէ որ որեւէ ոլորտում, որեւէ հոգս թոթափելու խնդրում գյուղացիները չեն զգում պետության զորակցությունն ու հովանավորությունը: Միայն ու միայն մի բանում է զգացվում պետության գոյությունը. հարկերը հավաքելու ժամանակ: Եւ որքան էլ կառավարությունը պնդի, թե սուբսիդավորելով նվազեցնում է գյուղացու հոգսը, այն ամենեւին էլ այդպես չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՀԱԼԱԾՈ՞ՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակչուհի Արեւհատ Կարապետյանը: Նա բողոքում է Հովտաշատի նախկին գյուղապետ Սիմոն Անդրեսյանից, ով ըստ նրա՝ իրեն ու իր ընտանիքին հալածում է:
«Ես 50 տարի ապրել եմ Հոկտեմբերյան (խոսքը Արմավիր մարզի Արմավիր քաղաքի մասին է) քաղաքում: 14 տարի աշխատել եմ որպես 1-ին կարգի հեռախոսավարուհի: Պարգեւատրվել եմ բազմաթիվ պատվոգրերեով: Ունեմ մեկ աղջիկ, ով ավարտել է Սվերդլովի անվան ինժեներա-մանկավարժական ինստիտուտը, սակայն արդեն 25 տարի է՝ գործազուրկ է:
1995 թվականին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գնել եմ 1400 քմ տնամերձ հողամաս, որտեղ էլ կառուցել եմ մեկ սենյականոց տուն: Այդպես ես դարձա նախկին գյուղապետ Սիմոն Անդրեասյանի կնոջ ազգականներ Բադալյաններին հարեւան: Նրանք սկսեցին ինձ հալածել, սադրանքներ կազմակերպել իմ դեմ: Ուզում էին, որպեսզի ես հեռանամ գյուղից: Իմ տնամերձ հողամասից 1 մետր զավթեցին՝ ցանկապատս հետ հրելով: Տնամերձի վերջավորության կից հողամասիցս անօրինական զավթեցին տարածք: Նշեմ, որ նախկին գյուղապետ Ս. Անդրեասյանի որդին դատախազ էր, եւ ես ինչքան բողոքում էի իրենց ազգականների հալածանքներից, նա միեւնույնն է՝ ոչ մի միջոց չէր ձեռնարկում:
Ապա՝ 2006 թվականին գյուղապետից ստացել եմ մի քանի ձեռագիր գրություններ այն մասին, որ ես պետք է ներկայանամ ՀՀ գլխավոր դատախազություն: Նշեմ, որ չեմ ներկայացել դատախազություն, որպեսզի կենդանի մնամ: Գյուղապետը հասկանալով իր հանցանքը՝ ինձ առաջակեց տալ 150 հազար դրամ եւ 80 մետր ջրի խողովակ: Սակայն ես հրաժարվեցի նրա այդ կաշառքից, քանի որ նա 17 տարի ինձ թույլ չէր տալիս ոռոգման եւ խմելու ջուր ունենալ:
Հետագայում ես իմանում եմ, որ գյուղապետը իմ անուն-ազգանունով ստեղծել էր սեփականության նոր վկայական: Մեր գյուղի փոստային բաժանմունքի վարիչ Գոռի որդին 3 ամիս գտնվում էր բերդում, իսկ գյուղապետն էլ նրան խոստացել էր, որ կազատի իր որդուն մի պայմանով, եթե իմ դեմ գործի: Գոռն էլ համաձայնել էր, եկել ինձ մոտ ու առաջարկել 2 թուղթ ստորագրել, թե իբր նպաստ ստանալու հետ կապված իմ հարցերն է կարգավորում: Ստորագրեցի իմ անվան դիմաց, բայց հետո պարզեցի, որ նա ինձ խաբել է: Զանգեցի իր հետ խոսելու, ասաց ինձ հետ գործ չունես: Նա իր այդ հանցանքով վարձահատույց էր եղել գյուղապետին, իր որդուն ազատ արձակելու դիմաց:
Մի խոսքով, ես ապրում եմ վտանգի մեջ: Ինձ հանգիստ չի տալիս նախկին գյուղապետը: Մենք մեր տան մեջ հանգիստ ապրել չենք կարողանում: Մեզ անընդհատ հետապնդում եւ անհանգստացնում են:
Ուզում եմ նշել, որ 2010թ. մինեւ այսօր նպաստ չեմ ստանում, գոյատեւում եմ իմ 32.000 դրամ թոշակով եւ հողամասի բանջարեղենով: Մինչեւ հիմա այս մեկ սենյականոց տանն եմ ապրում, որը գոմից գրեթե չի տարբերվում: Խնդրում եմ օգնել, իմ ու աղջկաս խնդիրներին որեւէ կերպ լուծում տալ»:
«Ժողովուրդ»-ը տիկին Արեւհատի դժգոհությունների հետ կապված փորձեց կապ հաստատել Հովտաշատի նախկին գյուղապետ Սիմոն Անդրեսյանի հետ, սակայն ապարդյուն: Պատրաստ ենք ներկայացնել նաեւ երկրորդ կողմի կարծիքը:

 

 
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՀԱՆՎԵՆ
Երեկ կառավարության նիստի ընթացքում ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարեց. Հայաստանում շրջանառությունից կհանվեն 2013-2014 թվականների ակցիզային դրոշմանիշները: Դրանց շրջանառությունը կարգելվի 2017 թվականի հուլիսի 1-ից, իսկ ապրանքների համար, որոնք արդեն դրանցով դրոշմվել են, 2018 թվականի հուլիսի 1-ից: 2015 թվականի եւ դրանից հետո թողարկված ակցիզային դրոշմանիշները հարկատուի մասին մեծ տեղեկատվություն են պարունակում, քանի որ թույլ են տալիս հաշվարկել ընկերության անվանումը, հասցեն, հարկատուի հաշվառման համարը, ապրանքի անվանակարգը, դրա չափաքանակի ծավալը:

 

 

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Ապրիլի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ապրիլի 16-18-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի: Երեւանում ապրիլի 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ապրիլի 16-18-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:




Լրահոս