ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՇԱՏ ՔԻՉ Է ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իշխանությունների քաղած դասերի, ԼՂՀ նախկին ՊՆ Սամվել Բաբայանի ձերբակալության եւ այլ հարցերի շուրջ:

-Պարո՛ն Քոչարյան, լրացավ ապրիլյան պատերազմի մեկ տարին, ի՞նչ եք կարծում՝ այս ընթացքում հետեւություններ արվեցի՞ն:
-Նայած հետեւություններն ինչին միտված պետք է լինեին. եթե սահմանի երկայնքով ինչ-որ նոր տեխնիկական միջոցների ավելացման մեջ պետք է տեսնեինք հետեւությունները, կարծում եմ, որ դա շատ քիչ է: Մենք մեր երկրի ներսում պետք է փորձենք ուժեղանալ, որպեսզի ապրիլյան պատերազմի հնարավոր կրկնությունների ժամանակ կարողանանք դիմակայել, իսկ դիմակայողը մեր ժողովուրդն է եւ նրա կողմից բանակին տված զինվորը, որը պետք է լինի պատրաստված եւ պետք է լինի պաշտպանված նաեւ առաջնագծում: Ես ապրիլյան պատերազմից հետո բազմիցս ասել եմ, որ պետք է վերանայվի մեր ռազմական դոկտրինը, եւ առաջնագծում կանգնած 18 տարեկաններին վաղուց պետք է փոխարինենք ավելի պրոֆեսիոնալ ստորաբաժանումների ներգրավմամբ: Ես կարծում եմ՝ մենք շուտ թե ուշ սպեցնազ բանակի ստեղծման ճանապարհին ենք հայտնվելու, եթե կարողանանք երկիրն ուժեղացնել ներսից այնպես, որ որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա՝ ընտրությունները կեղծվել են, թե ոչ:
-Այս ընթացքում ՊՆ-ում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, կարծում եք, արդյունավե՞տ են եղել:
-Ես կարծում եմ, որ կադրային փոփոխություններն արդյունավետ կլինեին, եթե դասեր քաղած լինեինք, թե ինչ եղավ ապրիլին, դա իր մեջ մի քանի հանգամանք էր պարունակում. տարիներ շարունակ բացթողումների կուտակում, որը բացթողում էր նաեւ կոնկրետ ղեկավար անձնակազմի: Իսկ ղեկավար անձնակազմի մեջ պաշտոններից հեռացվեցին մարդիկ՝ առանց պատասխան տալու, թե տարիներ շարունակ պաշտոնավարման ընթացքում սխալներն ինչպիսի բնույթի են: Եվ միայն պաշտոններից հեռացումը շատ քիչ է՝ դասեր քաղելու համար, որովհետեւ նրանցից հետո եկողները նույնպես պետք է հասկանան, որ իրենց սխալ պաշտոնավարման արդյունքում եղած մեղքերը պետք է պաշտոնազրկմամբ չավարտվեն:
-Պարո՛ն Քոչարյան, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին չհաջողվեց մուտք գործել խորհրդարան: Չե՞ք կարծում, որ պատճառը նրանց առաջարկած խաղաղության ծրագիրն էր:
-Ո՛չ, դաշինքի այլ սխալների արդյունքում է, որ ձայն չհավաքեցին: Խաղաղության բոլորն էլ ձգտում են, եւ վերջին հաշվով մեր խնդիրը դրան հասնելն է: Ուրիշ բան, թե խաղաղություն ասելով ինչ ենք հասկանալու, բայց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պրոբլեմն այդտեղ չէ: Նրանք բացթողումներ շատ ունեցան նաեւ այն ժամանակ, երբ հայտարարում էին, որ բուրժուադեմոկրատական հեղափոխություն կանեն, բուրժուան այդպես էլ չհայտնվեց, եւ այդ հեղափոխությունն այդպես էլ չարեց, հեղափոխություն արեց Սերժ Սարգսյանը: Իշխանություններն անընդհատ հեղափոխություններ անում են, բայց արդյունքում մեր ժողովուրդն անընդհատ օտարվում է: Կոնգրեսի ամենամեծ սխալներից մեկը հիմա ասեմ՝ որն է. վերջին հաշվով տեւական ժամանակ հասարակությանը ինչ-որ պրոյեկտի շուրջ զբաղեցնում էին՝ 4+4+4, ես կատակով ասում եմ՝ հանած 17, գումարած 49, որովհետեւ այդ ամբողջը վերածվեց բլեֆի: Իմ հիացմունքը պետք է ասեմ Դավիթ Հարությունյանի մասին, ով հրաշալի տարել է Կոնգրեսի հետ բոլոր բանակցությունները, եւ արդյունքում իշխանությունը անընդհատ նման բանակցություններից հետո ձեռք է բերել նոր գործիքներ՝ ոչ միայն իշխանությունը պահելու, այլեւ ընտրակեղծիքները կոծկելու առումով: Խաղաղության մենք հասել ենք 94 թվականի մեր հրաշալի հաղթանակների արդյունքում, իհարկե, այդ խաղաղությունը ամրապնդելու համար մեծ դիվանագիտական աշխատանք պետք է տանի արտաքին գործերի համակարգը, որը, կարելի է ասել չի կարողացել այդ խնդիրը լուծել: Մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը Հոկտեմբերի 27-ից հետո, որովհետեւ 27-ի արդյունքում մենք կորցրինք ոչ միայն լիդերներին, այլեւ այդ լիդերների շուրջ համախմբված պետական ինքնիշխան համակարգը: Այն ժամանակ ոչ ոք չէր կարող Հայաստանի իշխանությանը ժողովրդի թիկունքում գործարքներ առաջարկել մադրիդյան սկզբունքների անվան տակ, քանի որ կար մեկ այլ շահ. դա մեր երկրի, մեր քաղաքացու անվտանգությունն ապահովելու շահն էր:
-Իսկ ի՞նչ դիրքորոշում ունեք ԼՂ նախկին ՊՆ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին: Նշվում է, որ Բաբայանի պատվերով փորձել են «Իգլա» տեղափոխել Հայաստան:
-Ծիծաղելի է, ուրիշ պատասխան չկա: «Իգլա»-ն այդպիսի հեշտ բան չէ, որ բերեն: Այդպես էլ չերեւաց, թե այդ բերողն ով էր, ցուցմունք տվողն ով էր, հետո Սամվել Բաբայանը միամիտ մարդ չէ, միամիտ մարդը դժվար դառնար Ղարաբաղում լեգենդ:
-Այսինքն՝ քաղաքակա՞ն դրդապատճառներ կային:
-Ես կարծում եմ, որ այստեղ պրոբլեմը պետք է գտնել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Արկադի Ղուկասյան հարաբերությունների շրջանակում: Ես եղել եմ Մարտի 1-ի փաստահավաք խմբի կարկառուն անդամներից մեկը, որին այդպիսի նյութերով չես կարող խաբել: Լավ, գիտեիք, որ «Իգլա»-ն ձեր կանտրոլի տակ է, գիտեիք, որ Հայաստան է մտցվել, ինչու՞ չթողեցիք հասնի հասցեատիրոջը, դե, Սամվել Բաբայանին, որպեսզի իրեղեն ապացույցով բռնեիք, որպեսզի տարակուսանքի տեղիք չտար: Պարզ էլ չէ՝ որտեղ եք բռնում՝ ավտոտնակում, սահմանի վրա՝ այս կողմ, թե այն կողմ, ուզում եմ ասել, որ ինձ համար ծիծաղելի է սա, այստեղ ակնհայտ է. եթե բացատրությունները չեն տրվում իրավական դաշտում, բնականաբար ավտոմատ դառնում է քաղաքական: Իսկ քաղաքականը, ուզենք, թե չուզենք, կապվում է նախկին հարաբերությունների հետ, որն ինձ համար տեսանելի է, որովհետեւ այդ անձնական հարաբերությունները միշտ գործում են: Ուզենք, թե չուզենք, դա Արցախի պարագայում ավելի շատ է: Մենք անընդհատ չլուծված պրոբլեմը պրոբլեմի վրա դնելով թուլանում ենք, եւ ապրիլյան պատերազմի դասերը հենց այդտեղ են, ապրիլյան պատերազմի դասերը քաղված չեն նաեւ այդ առումով: Եթե քաղված լինեին, ապա մենք մեկ տարվա ընթացքում ոչ թե կուրախանայինք, որ լույս է քաշված, դիտարկող սարքեր ունենք դրած, այլեւ պետք է արդեն այնտեղ մեր զինվորը պաշտպանված լիներ ոչ թե անվադողերի, այլ ավելի ուժեղ՝ երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների հետեւում: Մեր խնդիրն այն է, որ ինժեներական պաշտպանողական համակարգը լինի անխոցելի նույնիսկ ատոմային ռումբ գցելու դեպքում:

 

 

 
ՇԱՐՈՒՆԱԿՈ՞ՒՄ Է ՕՀԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՐԱՊԵՏ ՀԱՄԱՐԵԼ

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 12-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ անցած տարի` մայիսի 4-ին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փակ հանդիպում է ունեցել խորհրդարանի ղեկավար կազմի, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների հետ: Երեք ժամ տեւած հանդիպման ընթացքից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ էին հայտնի դարձել: Օրինակ՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը, դիմելով այնժամ ՊՆ Սեյրան Օհանյանին, ասել էր՝ թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում: «Ժողովուրդ»-ը Դավթյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք շարունակում է մնալ նույն տեսակետին եւ համարում է, որ Օհանյանը սպարապետ է:
-Պարո՛ն Դավթյան, նախ ի՞նչ խնդիրներ եք նախանշել, որ պետք է լուծեք որպես պաշտպանության փոխնախարար:
-Խնդիրների մասին մի փոքր ավելի ուշ, թող պաշտոնական նշանակումը լինի, նոր կզրուցենք:
-Լավ, իսկ շարունակո՞ւմ եք մնալ այն տեսակետին, որ Օհանյանը մեր սպարապետն է:
-Բոլոր հարցերի պատասխանները կլինի նշանակումից հետո: Ինչ վերաբերում է Ձեր ասածին, Դուք էլի կոնտեքստից նորից կարծես ուզում եք կտրել: Ես ասել եմ, որ մեր բոլոր պաշտպանության նախարարներին, բոլորին անխտիր ես համարում եմ սպարապետներ:
-Այսինքն՝ չե՞ք փոխել Ձեր կարծիքը Օհանյանի մասին:
-Իսկ ի՞նչ է, կարծում եմ՝ փոփոխական մարդու տպավորություն չեմ թողել: Կոնկրետ մարդու եք նշում, իսկ ես դա ասել եմ այն համատեղ տեսքտում, ինչ որ ասացի:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԵՆ
ՀՀ պաշտպանության նախարարության նախկին աշխատակցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2016 թվականի մարտին կաշառք վերցնելու համար կալանավորվել էին ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանը եւ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը: Ավելի ուշ փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանին գրավի դիմաց ազատ էին արձակել: Ու մինչ մեղադրող դատախազը վերաքննիչ դատարանում բողոքարկելով հասել էր նրան, որ Ղարիբջանյանին կրկին կալանավորեն, նա անհետացել էր: Հիմա փոխգնդապետ Ղարիբջանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ապրիլի 18-ին հայտնի կդառնա, թե ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի աշխատակիցները գտել են նրան, թե ոչ, քանի որ նշված օրը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով հերթական դատական նիստն է հրավիրված:

 

 

 

ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԿԱԶՄ
ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի սկանդալային ձայնագրությունը: Հիշեցնենք՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ընկերության աշխատակիցներին սպառնալիքներով ու շանտաժով ստիպել են ԱԺ ընտրություններում թիվ 2 ընտրատարածքում աշխատել ու ձայն բերել վերջինիս օգտին: Երեկ այս փաստին անդրադարձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` տարածած հայտարարության մեջ նշելով. «Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի եւ միջազգային կառույցների կողմից հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները»: Միաժամանակ դեսպանատունը ողջունել է գլխավոր դատախազության քայլը, երբ քննություն է սկսել հրապարակված ձայնագրության վերաբերյալ:
Իսկ մինչ այդ «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ «ՍԱՍ»-ի աշխատակիցների այդ ժողովը վարողն ու մարդկանց սպառնացողը, նվաստացնողը եղել է անձամբ Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը` Արամ Սարգսյանը: Հատկանշական է փաստը, որ ո՛չ Արտակ Սարգսյանը, ո՛չ էլ «ՍԱՍ» գրուպից որեւէ մեկն այդպես էլ չի արձագանքել կատարվածին: Մինչ այդ, երեկ մի շարք փաստաբաններ հայտարարել են, որ այս ձայնագրությունն իր մեջ հանցակազմ է պարունակում, մասնավորապես կատարվել է հանցագործություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի համաձայն, ենթադրում է գույքային վնաս պատճառելու սպառնալիքով քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտել, ՀՀ քր.օր. 154.2 հոդված` թեկնածուների քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը: Բացի այդ՝ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները եւ, վերջապես, Սահմանադրությունը:




Լրահոս