Համաշխարհային մամուլը շարունակում է քննարկել Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունները: Թեեւ ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ իր հռետորաբանությունը զգալիորեն մեղմեց, սակայն հարաբերությունների կարգավորումն ակնհայտորեն կրկնակի բարդացավ, ինչին նպաստում է այն հանգամանքը, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ԱՄՆ-ն կարծես չեն պատրաստվում նահանջել Սիրիայից: Հատկապես ուշագրավ է Ռուսաստանի պարագան, որը, թվում էր, կքած իր խնդիրների բեռի տակ՝ պիտի որ ժամանակ չունենար Մերձավոր Արեւելքի հարցերով զբաղվելու:
Միջազգային քաղաքական կյանքում այնպիսի հույսեր կային, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների կարգավորումը կարող էր բերել սիրիական ճգնաժամի հարթմանը, որը ավելի քան 5 տարի է, ինչ այդ ծաղկուն երկիրը, բառի իսկական իմաստով, հասցրել է անդունդի եզրին: 2015թ. աշնանը Սիրիայում մի պահ ծագել էր այնպիսի վիճակ, երբ Ասադի իշխանավարությանը հաշված ժամեր էին մնացել: Սակայն Ռուսաստանը շտապեց օգնության եւ անմիջական ռազմական միջամտությամբ ուղղակիորեն պահեց Ասադի ռեժիմը: Այս փաստի հիման վրա են Կրեմլի քննադատները պնդում, որ Ասադը ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի ենթակայության ներքո եւ վերջինիս ցանկության դեպքում սոսկ օրերի ընթացքում կտապալվի: Ռուսաստանը, հստակորեն սատարելով Ասադին, ցույց տվեց, որ Սիրիայում որոշվում են իր անմիջական շահերը, որոնց հանդեպ ինքն անտարբեր մնալ չի կարող: Երբ քիմիական զենքի կիրառման փաստը արժանացավ ԱՄՆ-ի, ՄԹ-ի ու Ֆրանսիայի ուժեղ քննադատությանը, Ռուսաստանը իր տեսակետը հապճեպորեն համաձայնեցրեց Ասադի իշխանության պաշտոնական մոտեցմանը` այդ հանցանքի համար մեղադրելով «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Ավելին` պաշտոնական Մոսկվան եւ ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու դիվանագետները ԱՄՆ-ին կրկին մեղադրեցին ագրեսիվ կեցվածքի մեջ` անթաքույց հայտարարելով, որ ԱՄՆ-ն գործակցում է տեռորիստական խմբավորումների հետ: Սրանք նույն մեղադրանքներն էին, որոնցով Պուտինի իշխանությունը պատում էր ամերիկյան նախկին վարչակազմը: Ռուսաստանը կարծես դիվանագիտական նկատելի թերացում ունեցավ` նոր գործիքների ու քաղաքականության փոխարեն նախընտրելով հին մեթոդները: Սա չաշխատող տարբերակ է եւ հատկապես Թրամփի վարչակազմի նկատմամբ, որը, բիզնես մտածողություն ունենալով հանդերձ, ատում է, երբ իր հետ խոսում են սպառնալիքների լեզվով:
Սիրիական ճգնաժամի վերջին իրադարձությունները հուշում են, որ ՌԴ-ն այդ ճակատում նահանջի որեւէ մտադրություն չունի: Դրա հետ մեկտեղ Պուտինը քաջ գիտակցում է, որ ԱՄՆ-ի նախագահը գործարար է, որի համար շահերի համակշռումն ու փոխզիջումը լիովին տրամաբանական են: Որքան էլ Թրամփը Ասադին անվանի «մարդասպան, կենդանի» եւ այլն, իսկ ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնը պնդի, որ Ռուսաստանը խախտել է միջազգային հանրության առաջ ստանձնած իր հանձնառությունը, Սիրիայի նկատմամբ երկրորդ հրթիռակոծումը անհավանական է: Շատ ավելի իրատեսական է, որ Թիլլերսոնի՝ մոսկովյան այցի ժամանակ կողմերը կարողացած լինեն քաղաքական սակարկությունների ճանապարհով մարել նոր հրաբուխը: Հաշվի առնելով ամերիկյան մամուլում տարածված տեղեկությունները, որ հրթիռակոծման հրամանը Թրամփը արձակել է իր դստեր` Իվանկայի հորդորներից հետո, իրավիճակը Կրեմլի համար զավեշտի է վերածվում: Ստացվում է, որ ԱՄՆ նոր նախագահը քաղաքական հաշվարկների փոխարեն ականջալուր է իր ընտանիքի ու հարազատների ցանկություններին, որոնք գտնվում են կենցաղային-զգացական մակարդակում: Որքան էլ Իվանկա Թրամփը նոր վարչակազմում ազդեցիկ դերակատարություն ունենա, նա քաղաքական առումով նորեկ է` առանց միջազգային հարաբերությունների գիտելիքի ու փորձառության: Պուտինը նաեւ կարող է կարծել, որ Թրամփը սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումը նախաձեռնել է նոր վարչակազմի ատամները ցույց տալու համար` մարտավարական խնդիր լուծելով: Այդ համատեքստում կարելի է դիտարկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի` Մոսկվա այցելելուց առաջ ամերիկյան դիրքերի ուժեղացման միտումը, որպեսզի Պուտինը, այդուամենայնիվ, զգուշորեն վերաբերվի իրենով հիացած Թրամփի վարչակազմին ու իր վաղեմի ընկեր Թիլլերսոնին: Ինչպիսին էլ լինի հրթիռակոծման նախապատմությունը, այն արդեն իսկ կայացած փաստ է, որի հետ հաշվի պետք է նստեն բոլորը` թե՛ ԱՄՆ-ն, որպես համաշխարհային խաղի նոր նախաձեռնող, թե՛ Ռուսաստանը, որպես այդ մարտահրավերի արձագանքող:
Ի հեճուկս այս ամենի` Պուտինը պահպանում է իր կոշտ դիրքորոշումը: Դա դրսեւորվեց նաեւ Թիլլերսոնի այցի անմիջապես նախօրյակին, երբ ՌԴ նախագահը հայտարարեց, որ քիմիական զենքի մասին ամերիկյան մեղադրանքները իրեն հիշեցնում են 2003թ. ԱՄՆ-ի հիմնավորումները Իրաքում զանգվածային ոչնչացման զենքերի առկայության մասին: ՌԴ նախագահը, փաստորեն, ակնարկել է, որ ԱՄՆ-ի ձեռագիրը չի փոխվել, եւ կեղծ հիմնավորումներով վերջինս ձգտում է այլոց ենթարկել իր կամքին: Պուտինը նաեւ շեշտել է, որ իրենք տեղեկություններ ունեն ԱՄՆ-ի կողմից Սիրիան ռմբակոծելու ամերիկյան մտադրության մասին, ինչի նախապատրաստումն ընդգրկում է քիմիական զենքի կիրառման կեղծ փաստերի շրջանառումը: Ենթադրելի է, որ Պուտինը նման հայտարարությամբ փորձել է կանխել Թիլլերսոնի հետ բանակցությունների ընթացքում իր նկատմամբ հնարավոր ճնշումը: Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ ԱՄՆ-ն առաջ շարժվի այս ուղղությամբ, եթե պաշտոնական Մոսկվան առարկայական զիջման չգնա: Պուտինը սիրիական ճգնաժամում տեղավորել է վերջին 5 տարիների քաղաքական կապիտալը, միլիարդավոր դոլլարներ, Ռուսաստանի ռազմական առաջնորդությունը տարածաշրջանում եւ իր անձնական հեղինակությունը: Ուստի հաստատապես ինքն էլ ԱՄՆ-ից լուրջ զիջում պիտի կորզի ՌԴ-ի շահերի համար: Խաղը չափազանց նուրբ է եւ վտանգավոր, քանզի երկու կողմն էլ անկանխատեսելի են` ելակետ ունենալով բացառապես իրենց երկրների քաղաքական հեղինակությունն ու նեղ շահերը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔԱՆԻ ՄԱՐԴ Է ՄԵԿՆԵԼ ՀՀ-ԻՑ ՈՒ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 41 հազար 583 ուղեւոր:
Մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 239 հազար 119 ուղեւոր, իսկ ժամանել՝ 227 հազար 173-ը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունից: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հունվար-մարտին մեկնել է 7 հազար 399 ուղեւոր, իսկ վերադարձել՝ 6507: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 3783 տոննա, իսկ ներմուծվել է 1111 տոննա բեռ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարվա համեմատ ե՛ւ «Զվարթնոց», ե՛ւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնող ու ժամանող ուղեւորների թիվը ավելացել է: «Շիրակ» օդանավակայանով մեկնող եւ ժամանող ուղեւորների թվի աճը որոշ փորձագետները պայմանավորում են «Պոբեդա» բյուջետային ընկերության հայկական շուկա մուտք գործելու հետ: Քանի որ ընկերությունը ավելի մատչելի ավիատոմսեր է առաջարկում:
Սակայն արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ տվյալները վերլուծում ենք՝ ըստ սահմանային անցակետերի: Անցած տարվա հունվար-դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 4 հազար 796 հոգի, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով՝ 744 հոգի, Բագրատաշենի անցակետով՝ 37 հազար 941, Բավրայով՝ 6 հազար 980 ՀՀ քաղաքացի: Նշենք, որ սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ՞
Մի քանի ամիս առաջ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դիմել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին վերադարձվի համայնքին, կրկին դառնա գործող հոգեւոր օջախ: Մարզպետն ասել է, որ ամեն կերպ կաջակցի այդ գործին: Թեմի առաջնորդը մեզ հետ զրույցում նշեց, որ եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի սկզբին: Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ակումբ: 1990-ական թվականների սկզբին Բաղանիսի կենտրոնում գտնվող այդ կառույցը չնչին գումարով սեփականաշնորհվել է գյուղի բնակիչներից մեկին: Նոր սեփականատերը եկեղեցուն փոքր կցակառույց է ավելացրել: Բաղանիս գյուղում կա նաեւ 13-րդ դարի ավերված եկեղեցի: Բագրատ սրբազանն ասաց, որ իրենք այդ եկեղեցին չեն կարող վերականգնել, սակայն դրա մնացորդները պետք է պահպանել: Թեմի առաջնորդից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացքում է 20-րդ դարի սկզբին կառուցված եկեղեցին համայնքին վերադարձնելու գործը: Նա ասաց, որ այս ընթացքում տարբեր գործերի պատճառով այդ խնդրով չի զբաղվել: Բ. Գալստանյանի խոսքերով՝ կարեւորն այն է, որ Բաղանիսի բնակիչներն են շահագրգռված, նրանք են հետամուտ, որ եկեղեցին վերադարձվի համայնքին: Թեմի առաջնորդը հայտնեց, որ եկեղեցին համայնքին վերադարձնելու, եկեղեցու հետ կապված տեղեկատվություն ստանալու համար նախկինում բաղանիսցիները դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն: Նա առաջիկայում կհանդիպի եկեղեցու սեփականատիրոջ հետ, որպեսզի ավելի լավ հասկանա խնդիրը եւ հետագա անելիքները: Բ. Գալստանյանն ասաց, որ ինքը նպատակ ունի Բաղանիսում բացել կիրակնօրյա դպրոց, որը սահմանամերձ գյուղում մատաղ սերնդի մշակութային եւ հոգեւոր դաստիարակության կենտրոն կդառնա: Նշենք, որ Բաղանիսի հարեւան Ոսկեվան, Ոսկեպար գյուղերում գործող եկեղեցիներ կան, իսկ ավելի քան 800 բնակիչ ունեցող Բաղանիսում գործող հոգեւոր օջախ չկա:
ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՐԿԱՏԵԼ ԵՆ
Մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ «Ժողովուրդ»-ի թղթակիցը կառավարության ղեկավարին հարց ուղղեց, թե ե՞րբ կնորոգվեն Տավուշի մարզով ձգվող, միջպետական ավտոճանապարհի մաս կազմող կիսաքանդ, փոսառատ ճանապարհները: Կարեն Կարապետյանն ասաց, որ ինքը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այդ օրը քննարկել է խնդիրը, որպեսզի հարցին լուծում տրվի: Ապրիլի 12-ին Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ աշխատակիցները Նոյեմբերյան քաղաքի տարածքում ավտոճանապարհի փոսերը ասֆալտով լցրել են: Փոսային կարկատանները, սակայն, խնդրի լուծում չեն, քանի որ այդ ճանապարհը ավելի քան 14 տարի առաջ է կառուցվել, արդեն շահագործման ժամկետը անցել է, եւ հարկ է այն հիմնանորգել: Հավելենք, որ փոսային նորոգումը առայժմ միայն Նոյեմբերյան քաղաքում է արվել, մինչդեռ Նոյեմբերյանից մինչեւ Իջեւան եւ Դիլիջան ավտոճանապարհը վատթար վիճակում է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ