ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՇՈԿՈԼԱԴՆ ՈՒ ՄՐԳԱՀՅՈՒԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ահռելի գումարներ ծախսել քաղաքային բյուջեից: Մասնավորապես, քաղաքապետարանը բավական թանկ գնով ձեռք է բերել շոկոլադ, մրգահյութ եւ այլն:

Մայրաքաղաք Երեւանի 2017 թվականի բյուջեն եկամուտների գծով կազմում է 84 մլրդ 344 մլն 931 հազար 500 դրամ, ծախսերի գծով՝ 84 մլրդ 412 մլն 931 հազար 500 դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 68 մլն դրամ: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական փաստաթղթերից:
Մինչդեռ 2016 թվականի բյուջեն եկամուտների գծով կազմել է 78 մլրդ 219 մլն 530 հազար 500 դրամ, ծախսերի գծով՝ 78 մլրդ 369 մլն 530 հազար 500 դրամ, պակասուրդը՝ 150 մլն դրամ: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանը իր եկամուտները ավելացրել է 6 մլրդ 193 մլն 401 հազար դրամով, իսկ ծախսերը՝ 6 մլրդ 43 մլն 401 հազար դրամով: Քաղաքային բյուջեի պակասուրդն է միայն նվազել 90 մլն դրամով: Նշենք, որ քաղաքապետարանի եկամուտները գոյանում են հարկերից եւ տուրքերից ստացված գումարներով: Օրինակ՝ ընթացիկ տարվա համար հարկերն ու տուրքերը կազմում են 14 մլրդ 839 մլն 87 հազար դրամ, որն էլ գոյանում է գույքային հարկերից, տեղական տուրքերից եւ այլն: Միայն համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար ստացած եկամուտը կազմում է 1 մլրդ 432 մլն 906 հազար դրամ: Քաղաքապետարանի եկամտի մյուս տեսակը համարվում է պաշտոնական դրամաշնորհը, որը կազմում է 21 մլրդ 772 մլն 637 հազար 500 դրամ: Օրինակ՝ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, կազմել են 8 մլրդ 342 մլն 282 հազար 400 դրամ, իսկ պետբյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները կազմել են 13 մլրդ 430 մլն 355 հազար 100 դրամ: Այլ եկամուտները կազմել են 47 մլրդ 733 մլն 206 հազար 500 դրամ, որը գոյացել է շահաբաժիններից:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ քաղաքապետարանի ծախսերից միայն աղբահանումը ընթացիկ տարվա համար կազմել է 10 մլրդ 43 մլն 316 հազար 100 դրամ: Եւ չնայած սրան՝ աղբահանությունից ամենից շատ են մայրաքաղաքի բնակիչները դժգոհում: Բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայությունների համար քաղաքապետարանը ծախսում է 10 մլրդ 288 մլն 358 հազար 400 դրամ: Սրա մեջ են մտնում ջրամատակարարումը, փողոցների լուսավորումը:
Ի դեպ, քաղաքապետարանը աշխատանքի վարձատրության նպատակով ընթացիկ տարվա համար ծախսելու է 6 մլրդ 400 մլն 335 հազար 500 դրամ, որից աշխատավարձերն ու հավելավճարները կազմում են 5 մլրդ 641 մլն 797 հազար 100 դրամ, իսկ պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարները՝ 758 մլն 538 հազար 400 դրամ:
Տեղեկացնենք, որ ընթացիկ տարում աշխատավարձերի վարձատրության նպատակով հատկացվող ծախսերը անցած տարվա համեմատ 841 հազար դրամով նվազել են: Օրինակ՝ անցած տարվա բյուջեով աշխատավարձերի ծախսերը կազմել են 6 մլրդ 401 մլն 177 հազար 200 դրամ, որից 758 մլն 538 հազար 400 դրամը պարգեւատրումներն են կազմել, իսկ աշխատավարձերն ու հավելավճարները՝ 5 մլրդ 642 մլն 638 հազար 800 դրամ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ Երեւան քաղաքի՝ 2017 թվականի գնումների պլանի համաձայն՝ քաղաքապետարանը 24 կգ շոկոլադ է նախատեսել գնել, որի 1 կիլոգրամի համար վճարելու է 6500 դրամ: Այսինքն՝ քաղաքապետարանը 156 հազար դրամ քաղաքային բյուջեից ծախսելու է շոկոլադի համար: Իսկ 45 տուփ սուրճի համար նախատեսվում է ծախսել 112 հազար 500 դրամ: Ի դեպ, մեկ տուփ սուրճը քաղաքապետարանը ձեռք է բերելու 2500 դրամով: Իսկ մրգահյութի համար հատկացվել է 118 հազար 800 դրամ: Գնվելու է 99 տուփ բնական հյութ, որի մեկ տուփի գինը 1200 դրամ է: Նշենք, որ 0.5 լ ապակյա շշով ջրի համար ծախսվելու է 60 հազար դրամ, որի մեկ հատը նախատեսվում է գնել 150 դրամով: Գազավորված հանքային ջրի համար նախատեսվում է ծախսել 52 հազար 650 դրամ, որի մեկ հատը գնվելու է 150 դրամով:
Ընթացիկ տարվա համար գնվելու է նաեւ 197 հազար 233 լիտր պրեմիում տեսակի բենզին: Նշենք, որ գնումների պլանով 1 լիտր պրեմիում տեսակի բենզինի համար քաղաքապետարանը նախատեսել է վճարել 380 դրամ, մինչդեռ, ինչպես հայտնի է, այս տարեսկզբից բենզինը բավականին թանկացել է: Այժմ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390-400 դրամով: Ինչեւէ: Նշված գնով եւ քանակի բենզինի համար քաղաքապետարանը, ըստ գնումների պլանի, նախատեսել է հատկացնել 71 մլն 3 հազար 880 դրամ: Իսկ ահա ռեգուլյար տեսակի բենզինի համար նախատեսվել է գնել 429 հազար 170 լիտր, այդ նպատակով հատկացվել է 145 մլն 917 հազար 800 դրամ: Ըստ գնումների պլանի՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը նախատեսվել է գնել 340 դրամով, բայց այս ընթացքում նշված բենզինի մեկ լիտրը վաճառվում է 380 դրամով: Բնականաբար, բենզինի գնման պայմանագրերում քաղաքապետարանը որոշակի փոփոխություններ կիրականացնի, եւ հատկացվող գումարի չափը բենզինի թանկացման արդյունքում կմեծանա:
Բացի այս, քաղաքապետարանը ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցների վարձակալության նպատակով, վարորդի հետ, 90 մլն 720 հազար դրամ է նախատեսել հատկացնել: Իսկ ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար նախատեսվել է հատկացնել 207 մլն դրամ: Ի դեպ, քաղաքապետարանը նախատեսել է ընթացիկ տարվա համար գումար ծախսել նաեւ սալահատակման եւ ասֆալտապատման աշխատանքների համար: Դրա մեջ են մտնում նաեւ փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, որոնց համար կծախսվի 2 մլրդ 247 մլն 867 հազար 400 դրամ: Իսկ նստարանների ձեռքբերման համար նախատեսել է հատկացնել 140 մլն 595 հազար դրամ, աղբարկղերի համար՝ 47 մլն 325 հազար 600 դրամ:
Թե ինչպիսի ինքնարժեք է հաշվարկվում նման դեպքերում, եւ որքան են ուռճացվում ծախսերն ու յուրացվում փողերը, դժվար չէ պատկերացնել: Չէ՞ որ Երեւանում նույն փողոցը կարող է տարվա մեջ երկու անգամ ասֆալտապատվել, իսկ մայթերը` սալիկապատվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
Ե՞ՐԲ ԿՍՏԱՆԱ ԻՐ ԱՎԱՆԴԸ 90-ԱՄՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել 90-ամյա քաղաքացի Վրեժ Աջամօղլյանը, որը տարիներ առաջ աշխատել է, գումար տնտեսել, փոխանցել ԽՍՀՄ դրամարկղ, սակայն մինչ օրս չի կարողանում ստանալ իր ավանդը:
«Ես 90 տարեկան եմ, միայնակ ու ծեր մարդ: Ես երբեւէ ոչ մի մի պաշտոն չեմ ունեցել: Ընտանիքիս հետ կատարել ենք ֆիզիկական աշխատանք. կինս աշխատել է տնտեսության մեջ, իսկ ես աշխատել եմ որմնադիր: Ընտանիքիս հետ աշխատել եւ տնտեսել ենք 50 հազար ռուբլի եւ պահել ենք պետական դրամարկղում՝ հետագայում մեր կարիքները հոգալու համար: 2005թ. կինս մահացավ: Քանի որ գումար չունեի՝ նրա հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար, դիմեցի սոցապնախարարություն, որպեսզի ստանամ մեր համատեղ կյանքի ընթացքում տնտեսած գումարը: Ինձ պատասխանեցին, որ նման թույլտվություն չկա: Ստիպված հարեւաններս ու բարեկամներս օգնեցին, գումար հավաքեցին, ու կնոջս թաղման արարողությունը կատարեցինք: 2013 թվականին նորից դիմեցի սոցապնախարարություն, եւ իմ 50.000 ռուբլի գումարից դուրս գրեցին ընդամենը 10 հազար ռուբլուն համարժեք դրամ: Մնացած գումարը չվերադարձրեցին: 2016թ. հերթական անգամ դիմեցի՝ մնացած գումարը ստանալու համար, ինձ ոգեւորված պատասխանեցին, որ ես ցուցակում զբաղեցնում եմ 14741 համարը, եւ երբ իմ հերթը հասնի, կստանամ: Մինչեւ օրս իմ հերթը չի հասել, որպեսզի ես կարողանամ ի վերջո ստանալ իմ գումարը»:
90-ամյա պապիկ Վրեժ Աջամօղլյան

 

 

ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը հայտարարեց, որ պարտքային ճգնաժամերը վերջին 20 տարում են ուշադրության արժանանում, բայց երբեք ոչ մի ճգնաժամ նախորդի պատճառներով չի լինում: Ըստ նրա՝ ՀՀ արտաքին պարտքի առաջին շեմը՝ 50%-ը, մեր երկիրն անցել է, եւ պարտքը ՀՆԱ-ի 52.3%-ն է, սակայն դա մտահոգիչ չէ, այլ ընդամենը 50%-ի շեմն անցելուց հետո որոշակի փոխվում է վարքագիծը. դեֆիցիտը ծրագրավորվում է 3%-ից պակաս: «Շատ ավելի մտահոգիչ է, որ բյուջեի ծախսերի մեջ արագորեն ավելանում է պարտքի սպասարկման՝ տոկոսավճարների տեսակարար կշիռը, եւ եթե 2-3 տարի առաջ դա մոտավորապես 1.5-2 % էր, ապա անցած տարի հասանք գրեթե 9 %-ի: Դրա լուծման միակ ճանապարհը տնտեսության աճի տեմպերի ավելացումն է եւ բարձր ՀՆԱ-ն»,- ասաց Ա. Մարգարյանը՝ հավելելով, որ այս տարի սպասվող 50 մլրդ ավելի հարկ հավաքելու արդյունքում սպասարկման ծախսի տեսակարար կշիռը կնվազի:
Նա դրական գնահատեց, որ լրացուցիչ հարկերն ուղղվում են կապիտալ ծախսերին, եւ ընթացիկ ծախս չենք ավելացնում, իսկ կապիտալ ծախսերը գեներացնում են եկամուտներ՝ հետագա պարտքը մարելու համար:

 

 
ԻՆՉՊԵՍ ԳՆԵԼ ԹԱՐՄ ՀԱՎԿԻԹ
Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները: Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի N 1438-ն «Ձվի եւ ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման՝ չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը եւ ծագումը հաստատող փաստաթուղթ, դրանք թերի են, կամ լրացած է պիտանելիության ժամկետը, կամ բացակայում է մակնշումը (բացառությամբ շուկաներում վաճառվող գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող հավկիթների, որոնց իրացման համար անհրաժեշտ է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոն):
Հավկիթների մակնշման մեջ պետք է տեսանելի լինեն հավկիթի տեսակը, կարգը, արտադրության օրն ու պիտանելիության ժամկետը: Կախված հավկիթի տեսակից ու կարգից՝ պիտանելիության ժամկետը տարբեր է. հավկիթի թարմությունը կարելի է որոշել ինչպես գնելիս, այնպես էլ արդեն տանը: Գնելիս պետք է ուշադրություն դարձնել վերջինիս գույնին եւ կճեպին: Գույնը պետք է լինի սպիտակ, եթե կաթնագույն է, դեղնավուն կամ մոխրագույն, նշանակում է՝ այն այլեւս թարմ չէ: Կճեպը պետք է լինի չաղտոտված, հարթ եւ առանց ճաքերի: Եթե հաստ կճեպով հավկիթը արտահայտված ցան ունի, ապա վերջինս թարմ չէ: Հավկիթը չպետք է կոտրված կամ ճաքած լինի, քանի որ կճեպի ճաքերից եւ կոտրվածքներից մանրէները կարող են ներթափանցել հավկիթի մեջ: Կարելի է ջարդել ձուն, եթե դեղնուցը չխառնվեց սպիտակուցին, ուրեմն այն թարմ է:

 

 

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ՝ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին զանգ»-ն այս տարի կհնչի մայիսի 26-ին: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 159 դպրոց, որոնցից 14-ը՝ միջնակարգ: Այս տարի 9-րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12-րդ դասարանը՝ շուրջ 410 աշակերտ: Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու: Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների:




Լրահոս