«Արտաքինը հարդարելու փոխարեն, պետք է սկսել ներսից». ինչ ունենք 102 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր վայրերում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ: Այս օրը հնչում են տարբեր դատապարտող ելույթներ՝  սպասելով, որ  ճանաչման կամ դատապարտման երևույթներ կլինեն նաև այլ երկրների կամ ղեկավարների կողմից:

Դրա հետ մեկտեղ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը շարունակում է մնալ չիրականացած: Տերությունները դեռ շարունակում են չճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը ենթարկվում է քաղաքականության տրամաբանությանը: Եվ ամեն տարի այս օրն էլ շատերը սպասում են հերթական հայտարարություններին, որոնք այդպես էլ չեն լինում:

Թերևս ճիշտ կլինի հետ հայացք գցել մեր պետությանը, հասկանալ նաև մեր սխալները:  Ամեն տարի հանրապետության նախագահը Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես գալիս, թերևս մոռանալով, որ իր ղեկավարությամբ գործող երկրում «չկա ոչ դատ, ոչ դատաստան»: Ասել է, թե տան արտաքինը հարդարելու փոխարեն, նախևառաջ պետք է սկսել ներսից:

Պետք է Հայաստանը դառնա մրցունակ, ժողովրդավար, այնպիսի մի երկիր, որտեղ մարդկային տարրական իրավունքները պահպանված են, որտեղ իրականություն է դառնում Սահմանադրության յուրաքանչյուր հոդվածը: Այդ պետությունը պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին քայլը, որը, սակայն այդպես էլ չի կառուցվել:

Եվ ամեն տարի այս օրն այդպիսի բաների մասին մտածելու, սխալները հաշվարկելու փոխարեն զբաղվում ենք միայն դատապարտող հայտարարություններով՝  հույս ունենալով, թե դրանք բավական են գերտերությունների կողմից Ցեղասպանության ճանաչման համար: Դրա փոխարեն պետք է հզորանալ ներսից:




Լրահոս