Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ հղել Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը, գրում է Ermenihaber-ը։

Ողջյուն հղելով Աթեշյանին և Թուրքիայի հայ քաղաքացիներին՝ Էրդողանը նշել է․ «Այս տարի ևս հարգանքով հիշում ենք 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում կյանքը զոհած օսմանցի հայերին և ցավակցում նրանց ժառանգներին»։

Էրդողանը նշել է, որ հայերը և թուրքերը, որպես տարածաշրջանի 2 հին ժողովուրդներ, 1000 տարի ապրել են կողք կողքի և ուս ուսի՝ կիսելով նույն պատմությունն ու մշակույթը։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայի զարգացման գործում հայերի ունեցած ավանդին․

«Հայ համայնքը, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության գրեթե 100-ամյա պատմության ընթացքում արժանի զավակներ դաստիարակելով, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման գործում։
Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում հայերը, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, սոցիալական, քաղաքական և առևտրատնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կարևոր դերակատարում ունեն»։

Էրդողանի խոսքով՝ իրենց նպատակն է, որ դարեր շարունակ միմյանց հետ ուրախություն և տխրություն կիսած երկու ժողովուրդները դարման անեն իրենց անցյալի վերքերին և ավելի ուժեղացնեն մարդասիրական կապերը։ Ըստ էրդողանի՝ այդ ուղղությամբ վերջին 14 տարվա ընթացքում մի շարք քայլեր են արվել և իրականացվել պատմական կարևորության բարեփոխումներ։

Էրդողանը փորձել է վստահեցնել, որ օսմանցի հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն միտված աշխատանքները շարունակվելու են ապագայում ևս։

«Մեր երկրում հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունը և երջանկությունը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Մենք չենք հանդուրժի մեր հայ քաղաքացիներից որևէ մեկի օտարացումը, մեկուսացումը կամ խորթ քաղաքացու լինելու զգացողությունը։

Ցանկանում եմ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները կարճ ժամանակում ավարտին հասցվեն: Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներում։

Եվ ահա կրկին հիշում եմ 20-րդ դարասկզբին իրենց կյանքը զոհած օսմանցի հայերին։ Ալլահին խնդրում եմ, որ խաղաղություն պարգևի 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների հոգիներին»։




Լրահոս