Մինչ Հայաստանի ջերմոցատերերը պայքարում են թուրքական լոլիկի, վարունգի եւ այլ գյուղմթերքի ներկրման դեմ, այս ընթացքում ներքին շուկա են սպրդել ադրբեջանական ծագում ունեցող խնձորներ: Թե ինչպես կամ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել շուկայում, երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ անհայտ մնաց:
Քանի որ պատկան կառույցները՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ Վարդան Հարությունյանի եւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ Իշխան Կարապետյանի ղեկավարությամբ չբարեհաճեցին բացատրություն տալ հանրությանը, թե ինչ ճանապարհով է Հայաստան մտել ադրբեջանական ծագում ունեցող խնձորը:
Միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ տեղյակ է խնդրին, եւ իրենց մասնագետները զբաղվում են դրանով: ՍԱՊԾ մասնագետները շրջայց են կատարել խանութներով, շուկաներով, եւ արդյունքները ավելի ուշ կհրապարակվեն:
Դե, իհարկե, պետք է պատճառաբանություն գտնեն՝ իրենց անգործության համար:
Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ուղտի ականջում քնած է: Քանի որ հնարավոր է՝ այդ խնձորները ՀՀ մուտք են գործել անօրինական ճանապարհով, ինչպես օրեր առաջ այդպես ներքին շուկայում հայտնվել էին թուրքական լոլիկները:
«Ժողովուրդ»-ը երեկ ողջ օրվա ընթացքում ՊԵԿ-ից այդպես էլ չկարողացավ պարզաբանում ստանալ ներքին շուկայում վաճառվող ադրբեջանական խնձորների մասին:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ Հայաստան էր ներկրվել ծագում ունեցող լոլիկ, իսկ արկղերի վրա եղել էր ռուսական տառերով «Karabax» մակնշումը: Այս տեղեկությունը մամուլում հրապարակվելուց հետո ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մինչեւ 2017 թվականի ապրիլի 5-ը կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում լոլիկ: Նշենք, որ թուրքական ծագում ունեցող լոլիկը, որի արկղերի վրա մակնշված է եղել «Karabax» անվանումը, հայտնվել էր Արարատի մարզի Հովտաշատ գյուղում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ