Նիկոլ Փաշինյանն անընդհատ այդ գործին է. «Վստրեչի Ապերը»` իր և Տարոն Մարգարյանի ուժերի համեմատության մասին. newsbook.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վստրեչի Ապե՞րն է ուժեղ, թե՞ Տարոն Մարգարյանը. նամակ Սերժ Սարգսյանին». այս վերնագրով Armtimes.com էլեկտրոնային կայքն այսօր անդրադարձել է Երևանի Ավան վարչատարածքային շրջանի «Ծարավ Աղբյուր» թաղամասը սպասարկող քաղաքային տրանսպորտի խնդրին: Ըստ հոդվածագրի՝ այդ թաղամաս մայրաքաղաքի կենտրոնից բարձրանում է միայն թիվ 38 երթուղայինը, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքից՝ 34-ը:

Ըստ հրապարակման՝ իրավիճակի մասին մոտ մեկ տարի առաջ տարածքի բնակիչները տեղյակ են պահել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս էլ, հոդվածագրի տեղեկություններով, վախենալով, որ բնակիչները կդիմեն Սերժ Սարգսյանին, միանգամից երրորդ երթուղային գիծն է անցկացրել այդ տարածքով՝ թիվ 10 համարի երթուղին: Երթուղին աշխատել է 10 օր, քանի որ թիվ 38-ի գծի տերերը ստիպելով հանել են տվել 10 համարին: Կայքի փոխանցմամբ՝ թիվ 38-ը պատկանում է Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապերին»: Կայքի տեղեկություններով՝ նա է քաղաքապետարանին ստիպել հանել տալ իր սեփական երթուղուն խանգարող 10 համարի երթուղին:

NewsBook-ը խոսել է Արամ Վարդանյանի հետ՝ ներկայացնելով իրողությունն ու հարց ձևակերպելով՝ «Հիմա Դո՞ւք եք ուժեղ, թե՞ Տարոն Մարգարյանը»: Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց. «Երբեք ինձ թույլ չեմ տվել մրցավազքի մեջ մտնել պետական պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հետ: Բայց Նիկոլ Փաշինյանն անընդհատ այդ գործին է: (armtimes. com կայքը հենց նրան է պատկանում-խմբ): Ճիշտ կլիներ հոդվածը ուրիշ ձևով վերնագրել, ասենք՝ Նիկոլ Փաշինյա՞նն է ուժեղ, թե՞ Տարոն Մարգարյանը: Այս հարցի պատասխանը՝ Տարոնն է ուժեղ, թե՞ Նիկոլը, մայիսի 14-ին կստանանք: Չնայած շատ դեպքեր տվել են այդ հարցի պատասխանը, հիմա մի հատ էլ մայիսի 14-ին այդ հարցի պատասխանը կհնչի»: Ի դեպ, Արամ Վարդանյանը հերքեց, որ առնչություն ունի թիվ 38 երթուղու հետ:




Լրահոս