Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` 5-րդ բանակային կորպուսի Ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքները:
Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել զորամիավորման շտաբի պետը, հրամանատարի տեղակալները: Զեկույցներում մանրամասն ներկայացվել և վերլուծվել են ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, օպերատիվ և շտաբների պատրաստության ու զորքերի ծառայության կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել զորքերի ղեկավարման համակարգի խնդիրներին և կատարելագործման ուղիներին, զորահավաքային պատրաստության և համալրման ուղղությամբ կատարված միջոցառումներին: Ընդգծվել է, որ ամբողջությամբ իրականացվել են պատրաստության պլանով նախատեսված բոլոր աշխատանքները:
Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նախանշել է հետագա աշխատանքների կազմակերպման առավել կարևոր ուղղությունները և մարտական խնդիրներն ամբողջությամբ իրագործելու համար տվել կոնկրետ հանձնարարականներ: