«Առավոտ» թերթը գրում է. «Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության մեջ կասկածվող Ա.Ջ.-ն, որը Գյումրի էր եկել Ստեփանավան քաղաքից, մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մենք արդեն հրապարակել ենք, որ նա առաջին իսկ վայրկյանից զարմացրել էր իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է, մինչեւ 19 տարեկան բնակվել է Հունաստանում:
Նրա հարցաքննությունից Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ նա մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետեւորդներից: Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն: Ի դեպ, Բուլվարային թաղի բնակիչները եւս գիտեին, որ նա դրսի հայ է, մոլի կրոնական, մեզ հետ զրույցում ասում էին. «Հայի վիդ չկար վրեն, երեւի դրսի շպիոն է, որին չգիտես ինչի ուղարկել են Գյումրի՝ այս քաղաքի անդորրը խաթարելու»:
Ի դեպ, պաշտպանը եւս հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Ա.Ջ.-ն բնակվել է Հունաստանում, իսկ մուսուլման հայ լինելու հետ կապված՝ խորհուրդ տվեց սպասել նախաքննական մարմնի պաշտոնական հաղորդագրությանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: