Սահմանադրական դատարանը երեկ սկսեց քննարկել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Եթե անկեղծ, ապա ՍԴ-ում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը վաղուց ի վեր հիշեցնում է ներկայացում, որի ավարտը միանգամայն հայտնի է. անկախ դատարանում ներկայացված փաստերի բովանդակությունից, ՍԴ-ն, միեւնույն է, մերժում է դիմումները, եւ առանց մեկ րոպե անգամ կասկածելու կարող ենք պնդել` նույնը կանի նաեւ այս անգամ: Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե քաղաքական ուժը, որը չի ընդունում ընտրությունների արդյունքները, պետք է համակերպվի ստեղծված իրավիճակին ու հրաժարվի ՍԴ դիմելու մտադրությունից, ընդհակառակը, անկախ ՍԴ կայացնելիք որոշումներից՝ այդ քայլին գնալն օգնում է բացահայտել կատարված ապօրինությունները, դրանց մեխանիզմները եւ այսպես շարունակ: Նույնը երեկ եղավ նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի դեպքում:
Առաջին նիստում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրին դիմումի բովանդակությունը: Նիստն ի սկզբանե հարթ չընթացավ. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ինքը «դեժավյուի» զգացում ունի, քանի որ 2012թ. էլ Սահմանադրական դատարանում ներկայացնում էր Կոնգրեսի դիմումը ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: «Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են, ընդդիմությունը դիմում է ՍԴ, ամեն անգամ ՍԴ-ն գտնում է, որ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Արդյունքում ժողովուրդը կորցնում է հավատը ընտրական գործընթացների հանդեպ»,- ասաց նա: Սակայն Զուրաբյանի խոսքերը դուր չեկան ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, որը ՍԴ հասցեին քննադատությունը լսելուն պես ընդհատեց. «Սա Ազգային ժողովը չէ, եւ ոչ էլ Ձեր ելույթների ժամն է, որ քաղաքական ելույթ եք ունենում»: Գագիկ Հարությունյանը կոչ արեց խոսել ՍԴ դիմումի էության մասին եւ ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք կվերաբերեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշմանը:
«Այն, ինչ ես ասում եմ, վստահ եղեք, որ վերաբերում է գործին, խնդիրը համակարգային բնույթ է կրում»,- պատասխանեց Զուրաբյանն ու շարունակեց ելույթը՝ հայտարարելով. «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին եւ դրան նախորդած ժամանակաշրջանը այլ կերպ անվանել, քան պետականորեն կազմակերպված զանգվածային կեղծարարություն եւ ժողովրդի ազատ կամքի արտահայտման մերժում, հնարավոր չէ: Իշխող կուսակցությունը, օգտագործելով պետական լծակները՝ դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, համայնատիրությունները, ընկերությունները, օգտագործելով բանակը, կրիմինալը՝ ստեղծել է ընտրողների նկատմամբ ապօրինաբար ներազդելու համակարգ: Ապրիլի 2-ի գլխավոր յուրահատկությունը քվեարկության գաղտնիության զանգվածաբար խախտումն էր: Բոլորը գիտեն, թե ինչ ճնշումների են ենթարկվում ընտրողները Հայաստանում: Այն, ինչ տեղի է ունեցել ապրիլի 2-ին ու դրան նախորդող ժամանակահատվածում, այլ կերպ անվանել, քան պետականորեն կազմակերպված համատարած ու զանգվածային ընտրակեղծարարություն, հնարավոր չէ: ՀՀԿ-ն խափանել է ժողովրդի կամքի ազատ ձեւավորումը եւ արտահայտումը: Ձեւավորել է Ազգային ժողովի կազմ, որը նախապես նախագծել էր իշխող կուսակցությունը»:
Զուրաբյանը կասկածի տակ դրեց ընտրողների մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշը` հաշվի առնելով արտագաղթը: Եւ այս դեպքում ստացվում է, որ ապրիլի 2-ին քվեարկությանը մասնակցել է իրական ընտրողների 96 տոկոսը: «Այսպիսի ցուցանիշը հատուկ չէ ժողովրդավարական երկրներին եւ գրանցվում է միայն բռնապետական երկրներում՝ Հյուսիսային Կորեայում, Թուրքմենստանում, մինչեւ 2003-ի Իրաքում եւ այլն»,- հայտարարեց նա: Իրենց դիմումի մեջ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինիքի ներկայացուցիչներն անդրադարձել են ընտրությունների օրը տեղամասերում տեսանկարահանումներին եւ ինտերնետային հեռարձակման խափանման հարցին: «Հստակ պետք է արձանագրվի՝ այս ընտրությունների թափանցիկության, օրինականության գլխավոր երաշխիքներից մեկը՝ տեսախցիկների տեղադրման համակարգը, անհասկանալի եւ մինչեւ այսօր չպարզված հանգամանքներով չի գործել: Այն չի գործել ժամը 7:30-ից մինչեւ մեկը: Տեսախցիկներով վերահսկվող ընտրատեղամասերում ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ է ստացել: Առանց տեսախցիկների տեղամասերում ընտրակեղծարարության բոնուսը կազմել է մոտ 9 տոկոս»,- ասաց Լեւոն Զուրաբյանը` միաժամանակ միջնորդելով ստեղծել հատուկ հանձնախումբ` ստուգելու 1500 ընտրատեղամասի տեսախցիկների ձայնագրությունները, որոնցից յուրաքանչյուրը 30 ժամանոց է:
Դիմումի մեջ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը բարձրաձայնել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման դեպքերը: Դաշինքի ներկայացուցիչներից փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց, թե նման դեպքեր բացահայտվել են 9 մարզի 12 քաղաքներում եւ 6-ական գյուղական համայնքներում: «Մենք հետագայում կատարել ենք հաշվարկներ այդ տարածքներում կաշառքի ազդեցությունը գնահատելու նպատակով: Մենք թվային տվյալներ ենք դուրս բերել քվեարկությանը մասնակցած անձանց եւ այդ տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը եւ, առհասարակ, ամբողջ իրավական համակարգն անգործության է մատնված եղել: Ահազանգերից եւ որեւէ մեկով արդյունավետ քննություն չի իրականացվել»,- ընդգծեց փաստաբանն ու թվարկեց ընտրակաշառքի դեպքերը` գումար, վառելափայտ, ուսման վարձի նվազեցում, եւ այսպես շարունակ: «Ընտրությունների արդյունքներում կա մեկ օրինաչափություն՝ խախտումներ իրականացրած բոլոր բացահայտված անձանց ճնշող մեծամասնությունը կա՛մ ՀՀԿ-ի վստահված անձինք, կա՛մ ՀՀԿ-ի այլ ներկայացուցիչներ են հանդիսացել»,- ասաց Տիգրան Եգորյանը:
Նշենք, որ ՍԴ-ն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը քննարկելու եւ որոշումը կայացնելու է 15 օրվա ընթացքում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ