Ադրբեջանական խնձորների ներմուծման հետքերով. ով է պատասխանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում է ադրբեջանական խնձորների մուտքը ՀՀ իրացման շուկա: Տարօրինակ է, սակայն, որ առայժմ ադրբեջանական ծագում ունեցող խնձորները հայտնաբերվում են միայն սպառողների կողմից: Իսկ պատկան կառույցները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու պետական եկամուտների կոմիտեն, շարունակում են ձկան պես լուռ մնալ:

Նշենք, որ երեկ ՀՀ քաղաքացիներից մի քանիսը Երեւանի տարբեր հատվածներում նկատել էին վաճառվող ադրբեջանական խնձորներ եւ համապատասխան լուսանկարներ հրապարակել: Սպառողներից մեկը դրանք հայտնաբերել էր Գ. Հասրաթյան փողոցում՝ նախկին «Շիրակ» հանրախանութի հարեւանությամբ:
Տեղեկացնենք, որ դեռեւս 2013 թվականի հունիսի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի համաձայն՝ 2009 թվականի սեպտեմբերի 15-ի N 220-Ա հրամանն ուժը կորցրած է ճանաչվել: Ասել է, թե ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի «Թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ՀՀ-ի տարածք ներկրումը ժամանակավորապես արգելելու եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 2009 թվականի հունիսի 11-ի N 146-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N220-Ա հրամանը: Ըստ այդմ, այս հրամանը ուժ կորցրած ճանաչելուց հետո անարգել հնարավոր է ՀՀ ներմուծել ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ թուրքական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումք ու մթերք: Ի դեպ, այս հրամանը ստորագրվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից:

Ըստ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից ՀՀ ներմուծման մասով պաշտոնապես ոչ մի արգելք չկա: «Բայց մեզ համար սահմանը ռիսկային երկրների է բաժանվում, եւ եթե ներկրվող ապրանքը ունի թուրքական կամ ադրբեջանական ծագում, ապա այն պետք է սահմանի վրա խստագույնս ստուգվի: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ լիազոր մարմինը իրականում հավուր պատշաճի ստուգումներ չի իրականացրել: Ավելին ասեմ, երբ լիազոր մարմինը խոսում է մաքսանենգ ճանապարհով երկիր մտած ապրանքից, մոռանում է նշել մեկ բան, որ նույն սահմանի վրա ինքն էլ տեսուչներ ունի: Խոսքը ՍԱՊԾ-ի մասին է»,- նկատեց Բաբկեն Պիպոյանը:

Մասնագետի պնդմամբ՝ եթե մենք ունեցել ենք մաքսանենգ ճանապարհով երկիր ներթափանցած ապրանք, ապա այն իրացման ցանցում պետք է բացահայտի եւ շուկայից դուրս բերի նույն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: «Երբ իրենք հայտարարություն են անում՝ վայ, գիտեք ինչ կա, մենք ինչ անենք, այս ապրանքը մաքսանենգ ճանապարհով է եկել, հարց է առաջանում՝ ինչու է մտել երկիր: Այս դեպքում, լավ, մենք այս հարցում ձեզ մեղադրանք չենք ներկայացնում, բայց դուք ինչո՞ւ չեք ստուգել: Ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկել: Այդ ապրանքը մեր իրացման ցանցում է, ինչո՞ւ եք թողնում մնա: Բայց տվյալ պարագայում լիազոր մարմինը այնպես է պաշտպանում թուրքական կամ ադրբեջանական ծագմամբ ապրանքը, տպավորություն է՝ ոնց որ ինքը ներմուծած լինի»,- վրդովվեց Պիպոյանը:

Մեր զրուցակիցը բարձրաձայնեց եւս մեկ խնդրի մասին. օրեր շարունակ խոսվում է ՀՀ մուտք գործած ադրբեջանական խնձորների մասին, բայց, միեւնույն է, լիազոր մարմինը այդ աղմուկից հետո շարունակում է անգործության մատնվել: Այսինքն՝ ներքին շուկայում ադրբեջանական խնձորները «հայտնաբերվում են» կրկին սպառողի կողմից: Մինչդեռ լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն, պետք է դա հայտնաբերեր: «Ես կարծում եմ, որ ՍԱՊԾ-ն աշխատում է բացառապես հետեւյալ մեխանիզմով. կա հասարակական քննադատություն, ճնշում, ինչն էլ մեղմելու նպատակով վերոնշյալ կառույցը ձեւական մի քանի հայտարարությամբ է հանդես գալիս, որպեսզի հասարակությունը, կոպիտ ասած, շառը քաշի, գնա: Հասարակություն ասելով՝ նկատի ունեմ զանգվածային լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին եւ այլն: Իրականում գործողություններ, որոնք միտված են սննդամթերքի անվտանգության ապահովմանը, չկան: Կա բառացիորեն ոչինչ չասող հայտարարություններ, ընդ որում՝ երբ մենք ուսումնասիրում ենք դրանք, պարզում ենք, որ իրարամերժ են»,- հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Պիպոյանը: Նա ընդգծեց նաեւ, որ արդեն մի քանի օր է, ինչ բարձրաձայնվում է ՀՀ մուտք գործած ադրբեջանական խնձորների մասին, բայց պատկան կառույցները շարունակում են լռել:

«Տեսականորեն հնարավոր է, որ այս ապրանքը եկել է սահմանով կամ մաքսանենգ ճանապարհով: Բայց երկու դեպքում էլ լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն, արդեն լռում է, ինչը արդեն խայտառակություն է: Մինչեւ հիմա չգիտենք, թե սա պատշաճ կարգով սահմանո՞վ է եկել, թե՞ ոչ: Չէ՞ որ սահմանին ե՛ւ ՊԵԿ, ե՛ւ ՍԱՊԾ տեսուչներն են կանգնած. եթե այդ խնձորները ներթափանցել են օրինական ճանապարհով, ապա ի՞նչ եք արել: Իսկ եթե մաքսանենգ ճանապարհով ներթափանցած ապրանք եք գտել շուկայում, ապա ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում: Եթե, իհարկե, գտել եք: Դուք իրացման ցանցում տեսնում եք ակնհայտ ադրբեջանական ծագման ապրանք, ինչո՞ւ չեք կասեցնում, ոչնչացնում: Չէ՞ որ ունեք դրա իրավունքը: Իրենք խոսում են անբովանդակ, հույս ունեն, որ մարդիկ մինչեւ վերջ չեն փորձի հասկանալ, թե ինչ է կատարվում»,- նկատեց մասնագետը: Նշենք, որ եթե ապրանքն ունի թուրքական կամ ադրբեջանական ծագում, ապա դրա նկատմամբ պետք է ե՛ւ սահմանային, ե՛ւ լաբորատոր հսկողություն սահմանվի: Բայց ՀՀ մուտք գործած ադրբեջանական խնձորների մասով արդեն մի քանի օր է, ինչ այդպես էլ անհայտ է մնում՝ ՍԱՊԾ-ն պատշաճ ստուգում իրականացրե՞լ է, թե՞ ոչ:

«Խնդիրը ներմուծումը արգելելու մեջ չէ: Թե ով է դրանք բերել ՀՀ, մեծ նշանակություն չունի, բայց որ լիազոր մարմինը գործ չի արել ու բացի հիմար բաներ խոսելուց ուրիշո չինչ էլ չի անում, դա ակնհայտ է»,- նկատեց Պիպոյանը:

Հ.Գ. 1 Նշենք, որ երեկ մենք իրացման ցանցում հայտնված ադրբեջանական խնձորների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ե՛ւ ՊԵԿ-ից, ե՛ւ ՍԱՊԾ-ից: Սակայն երկու կառույցներն էլ անհաղորդ մնացին: Այստեղ տեղին է հիշեցնել ՀՀ վարչապետի անցած տարվա նոյեմբերին արած հայտարարությունը. «Ուղղակի շանտղություն է, երբ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում, թե մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»: Ահա թե ինչպես է խիստ վերահսկողություն իրականացնում նրա իսկ կողմից ՍԱՊԾ պետ նշանակված Իշխան Կարապետյանը:

Հ.Գ. 2 Կեսգիշերին մոտ ՍԱՊԾ-ն պարզաբանում տարածեց, որտեղ նշված էր, որ ծառայությունն արգելել է ադրբեջանական ծագման խնձորի վաճառքը, իսկ շրջայցերը շարունակվում են։ Բացի այս՝ պարզաբանման մեջ նշված է նաեւ, որ նշված խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել, եւ ծառայությունը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս