ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հերքել է տեղեկություններն այն մասին, որ նա ազդեցություն է ունեցել Սիրիայի Շայրաթ ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարված հասցնելու՝ հոր որոշման վրա, փոխանցում է ABC News-ը:
«Դա սխալ մեկնաբանություն է»,-ասել է նա Բեռլինում «Կանանց քսանյակի» գագաթաժողովի ընթացքում:
Ընդ որում, Իվանկան հավելել է. «Կարծում եմ, որ բոլորի համար դժվար է տեսնել այդ կադրերը և չարձագանքել, չցնցվել մինչև հոգու խորքը»:
Նրա խոսքով՝ երկրի նախագահը չի կարող որոշումներ ընդունել՝ հիմնվելով միայն էմոցիաների վրա: Բացի այդ, նա գովել է իր հորը վճռականության համար և նշել, որ հպարտանում է նրա գործողություններով:
Ավելի վաղ Independent պարբերականը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը նման որոշում է ընդունել դստեր ազդեցության ներքո: Ավելի ուշ այդ վարկածը հաստատել էր նրա եղբայրը՝ Էրիկը:
Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն ավիահարված էր հասցրել սիրիական ավիաբազայի ուղղությամբ՝ 59 «Թոմահավք» թևավոր հրթիռ արձակելով: