Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կայացան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ինչպես նաև երկրի տարբեր հայաշատ բնակավայրերում:

Ապրիլի 23-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում Սոֆիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Հրեշավոր ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով և երկու հանրապետությունների` Բուլղարիայի և Հայաստանի դրոշներով ցուցարարները Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու բակից երթով շարժվեցին դեպի Երևանյան պուրակ, որտեղ տեղադրված խաչքարի մոտ մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ելույթ ունացան Սոֆիայի համադրիչ խորհրդի ատենապետ և «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշիյանը, Նոր բուլղարական համալսարանի պատմաբան Աթանաս Բոյաջիևը, ասմունքով հանդես եկան բուլղարահայ համայնքի ներկայացուցիչները:

Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի մոտ Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Իսահակ վարդապետ Պողոսյանը կարդաց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի աղոթք, որից հետո ելույթներով հանդես եկան Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի ատենապետ Վարդանուշ Թոփաքբաշիյանը: Ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին Բուլղարիայում ՀՀ դեսպանության, «Միացյալ հայրենասերներ» խորհրդարանական պատգամավորական խմբի, Սոֆիայի հայկական կազմակերպությունների, բուլղար մտավորականների և հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:
Ապրիլի 21-ին Պլովդիվի հայկական դպրոցի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ապրիլի 23-ին Սուրբ պատարագ մատուցվեց Պլովդիվի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում, որից հետո ծաղկեպսակներ և ծաղկիկներ զետեղվեցին եկեղեցու բակում գտնվող հուշարձան-խաչքարի մոտ:

Ապրիլի 24-ի երեկոյան տեղի ունեցավ երթ դեպի Ռազմական ակումբ, որտեղ ելույթով հանդես եկան հայ համայնքի ներկայացուցիչներ և բուլղար հասարակական գործիչներ: Ընդունվեց Թուրքիայի իշխանություններին ուղղված հռչակագիր:

Ապրիլի 23-ի երեկոյան Վառնա քաղաքում տեղի ունեցավ ջահերով երթ դեպի քաղաքապետարանի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, ուր կայացած հավաքի ժամանակ ելույթներ ունեցան հայ համայնքի ներակայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Սրբոց նահատակաց բարեխոսության կարգ: Ներկաներին իր օրհնությունը բերեց բուլղար ուղղափառ եկեղեցու Վառնայի և Մեծ Պրեսլավի թեմի առաջնորդ Յոհան արքեպիսկոպոսը: Հավաքվածները ցուցապաստառներով և դրոշներով շարժվեցին դեպի Մեծ եղեռնի հուշարձան, որտեղ զետեղվեցին ծաղկեպսակներ Վառնայի քաղաքապետարանի, տարբեր հայկական և բուլղարական հասարակական կազմակերպությունների անունից, անհատներից:

Միջոցառման ավարտին մի խումբ հայ երիտասարդներ ավտոերթով շարժվեցին դեպի Զորավար Անդրանիկի հրապարակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ հայորդուն:

Ապրիլի 24-ին Հայաստանի, Բուլղարիայի և Արցախի դրոշներով տեղի ունեցավ երթ դեպի Բուրգաս քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ զետեղվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, տեղի ունեցավ նաև մոմավառություն:

Ապրիլի 24-ի երեկոյան Սլիվեն քաղաքի հայությունը հավաքվեց վերջերս տեղադրված հայկական խաչքարի մոտ, որտեղ զետեղվեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ, տեղի ունեցավ մոմավառություն:




Լրահոս