Ապրիլի 23-ին Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչության կազմակերպմամբ Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին: Արարողությունից հետո դասախոսությամբ հանդես եկավ Շվեյցարիա-Հայաստան ընկերության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը:
Ապրիլի 23-ին Դոհայում անցկացվեց հիշատակման երեկո ՀՀ դեսպան Ղարիբջանյանի և Կատարի ազգային վարչության նորընտիր անդամների մասնակցությամբ:
Ապրիլի 24-ին Աբու Դաբիի Ազգային Վարչության կազմակերպմամբ և Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ Ս. Նահատակաց եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված սուրբ պատարագ:
Միջոցառմանը ներկա էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և բազմաթիվ հյուրեր:
1915թ. Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերին նվիրված բարեխոսության կարգին հաջորդեց մոմավառություն և ծաղիկների զետեղում եկեղեցու բակում գտնվող հուշարձան-խաչքարի առջև: Այնուհետև Սուրեն Կոժակյան սրահում տեղի ունեցած միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը և Քուվեյթի Ազգային ճեմարանի տնօրեն Ներսես Սարգիսյանը: