ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով:

Այցի սկզբում նախարարը շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ: Ծանոթանալով կենտրոնի գիտական թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, որոնց մի մասը պահպանվել է դեռևս 19-րդ դարից` նախարարն առաջարկել է ուսումնասիրել այն զբոսաշրջության կենտրոնի վերածելու հնարավորությունը:

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է ինստիտուտի ղեկավար կազմի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կենդանաբուծության և ձկնարդյունագործության զարգացման հնարավորությունները:

Կենտրոնի գիտնականներն իրենց հերթին առաջարկել են քննարկել հայկական մուֆլոնի և ընտանի ոչխարի խաչասերման հարցը: Նախարարն առաջարկել է այս ուղղությամբ ներկայացնել ծրագիր, որը կհանգեցնի ոչխարների գլխաքանակի ավելացմանն ու մսի որակի բարձրացմանը` նպաստելով ոչխարաբուծության ոլորտի հետագա զարգացմանը:

«Այժմ Իրանում և արաբական աշխարհում հետաքրքրված են Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել, և նման ծրագիրը նրանց համար նույնպես կարող է հետաքրքիր լինել», – նշել է նախարարը:

Քննարկվել են նաև խեցգետնի արտադրությանը, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների և խեցգետնի պաշարների ավելացման հնարավորությանն առնչվող հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս