Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացավ` չտալով հարցի պատասխանը, թե ո՞վ է լինելու եվրոպական այս գերտերության նախագահը: Զարմանալիորեն սոցիալական հարցումները լիովին ճիշտ գուշակեցին քվեարկության արդյունքը` առաջին հորիզոնականում տեսնելով Էմանուել Մակրոնին, իսկ երկրորդի կարգավիճակում` Մարին Լը Պենին:
Ընտրողների շրջանում անցկացված հարցումները նախորդ տարվա ամռանը Միացյալ Թագավորությունում, ինչպես նաեւ նոյեմբերին` Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրական շեղումներ էին արձանագրել: Բրիտանացի սոցիոլոգները հայտարարում էին, որ ՄԹ-ն չի լքի ԵՄ-ը, սակայն նրանց հրապարակած թվերը ճիշտ հակառակը դուրս եկան: ԱՄՆ-ում նույնպես նախագահական ընտրություններում հաղթանակը վերագրվում էր Հիլարի Քլինթոնին, սակայն Դոնալդ Թրամփը ջախջախեց սոցիոլոգների կանխատեսումները:
Այս անգամ, թվում էր, պատկերը կրկնվելու է նույն ձեւով, սակայն քվեարկությունից անմիջապես հետո հրապարակված «էքզիթ փոլի» տվյալներն ու քվեաթերթիկների հաշվարկը ապացուցեցին, որ Ֆրանսիան վերջնականորեն չի շեղվել կանխատեսելիության տիրույթից: Ըստ այդմ` Էմանուել Մակրոնը ստացել է մոտ 24 տոկոս, Մարին Լը Պենը` 21.5, Ֆրանսուա Ֆիյոնը` մոտ 20, Ժան Լյուկ Մելանշոնը` 19.6: Մնացած թեկնածուները միասին վերցրած հավաքել են մոտ 15 տոկոս: Այսպիսով երկրորդ փուլում նախագահի աթոռը կվիճարկեն Մակրոնն ու Լը Պենը:
Նկատելի է, որ Ֆրանսիայում ետպատերազմյան դասական շրջանի քաղաքական ավանդույթը, այդուամենայնիվ, խաթարվել է: Խնդիրն այն է, որ այսօր նախագահական աթոռը վիճարկում են ոչ թե դասական քաղաքական գաղափարաբանություն ունեցող կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպիսին կլիներ սոցիալիստների, լիբերալների ու պահպանողականների պարագայում, այլ այդ հոսանքներից դուրս գտնված նախկին մարգինալները: Թե՛ Մակրոնը, թե՛ Լը Պենը չեն տեղավորվում ձախերի ու աջերի դասական բաժանման մեջ, քանզի նախկինում նրանք կորակվեին որպես ծայրահեղականներ, որոնք մերժված կլինեին ընտրողների կողմից: Այսօր արդեն ակնհայտ է, որ մերժվում են դասական պահպանողականները, լիբերալներն ու սոցիալիստները, որոնց առաջարկած քաղաքական բաղադրատոմսերը այլեւս չեն բավարարում ֆրանսիական հասարակության պահանջները: Եթե սոցիալիստների պարագայում անկումը բնական է` հաշվի առնելով գործող նախագահի քաղաքականության արդյունքում երկրի ներսում կուտակված խնդիրները, իսկ լիբերալները գրեթե ամբողջ աշխարհում են մասնատված ու միավորման անընդունակ, ապա պահպանողականների դեպքում իրավիճակը ավելի քան լուրջ է:
Ֆրանսիայի հանրապետական կուսակցության թեկնածու Ֆիյոնը ներկուսակցական սանդուղքներով արագընթաց կերպով բարձրանալուց հետո բախվեց անանցանելի պատնեշների: Այդ մասին նա խոսեց նաեւ ընտրության արդյունքների ի հայտ գալուց հետո` նշելով, որ սեփական պարտության համար պատասխանատու է անձամբ ինքը, թեեւ հավելել էր, որ իր առաջ դրված խոչընդոտները չափազանց լուրջ էին ու դաժան: Ֆրանսիայի նախագահի աթոռի ամենաիրական, սակայն արդեն նախկին հավակնորդը կոչ է արել երկրորդ փուլում միավորվել Մակրոնի շուրջ` մերժելով Լը Պենի առաջարկած Ֆրանսիան: Ըստ Ֆիյոնի` Լը Պենի ղեկավարած «Ազգային ճակատը» հայտնի է իր բռնության ու անհանդուրժողականության պատմությամբ, որի հղացած տնտեսական ու սոցիալական ծրագրերը երկիրը հասցնելու են սնանկության ու քաոսի: Այդ իսկ պատճառով նախկին վարչապետը անայլընտրանք է համարել Մակրոնի օգտին քվեարկելը:
Մակրոնին ներկայացնելով որպես «ինքնահավան վերնախավի» ներկայացուցիչ` Լը Պենն էլ իրեն հռչակեց ժողովրդի թեկնածու: Երկրորդ փուլում իր հայտնվելը որակելով իբրեւ ֆրանսիացիների ազատության առաջին քայլը` Լը Պենը իրավիճակը գնահատել է որպես պատմական: Նա հայտարարել է, որ պատրաստ է իր ուսերին կրել ֆրանսիացիներին ազատություն բերելու պատասխանատվությունը: Ավելին` նա հանձնառություն է ստանձնել լինել բոլոր հայրենասերների ու Ֆրանսիան պաշտողների նախագահը: Իսկ ահա առաջին տեղը գրաված Մակրոնը, անուղղակիորեն ծանակելով իր մրցակցին, խոստացել է լինել ինչպես հայրենասերների, այնպես էլ բոլոր ֆրանսիացիների նախագահը` ընդդեմ ազգայնամոլական սպառնալիքների: Նախագահի թեկնածուն պնդել է, որ իրական պայքարը մեկնարկում է հենց այդ երեկոյից` իր հանգրվանին սպասելով մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում: Մակրոնը երախտագիտություն է հայտնել իր օգտին հանդես եկած արդեն նախկին մրցակիցներին` վստահությամբ, որ համատեղ ջանքերով կանխելու են ծայրահեղականության հաղթանակը Ֆրանսիայում:
Այսպիսով՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սպասվում է իսկական հակադրությունների բախում: Թեկնածուներից մեկը կողմ է Ֆրանսիայի մեկուսացմանը, մյուսը ինտեգրացիայի ջատագովն է: Լը Պենը պահանջում է դուրս գալ եվրոյի գոտուց, Մակրոնը դրա խորացման աջակիցն է: Լը Պենը դեմ է արտահայտվում միգրացիային, Մակրոնը հանդես է գալիս ժողովուրդների բարեկամության կարգախոսներով:
Այս առումով չափազանց մեծ նշանակություն է ստանում մայիսի 7-ի քվեարկությունը, որին ընդառաջ թեկնածուների միջեւ թվային տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Թեեւ օրեր առաջ անցկացված հարցումներով, եթե երկրորդ փուլ անցնեին Մակրոնն ու Լը Պենը, ում կընտրեիք հարցին ի պատասխան՝ ֆրանսիացիների մեծամասնությունը նախընտրել էր առաջինին: Ինչպես ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրությունն ապացուցեց, արեւմտյան ժողովրդավարությունում վերջին պահին ընտրողների մոտ վերաիմաստավորում է տեղի ունենում, ինչը կարող է անայլընտրանք հաղթողի համար նույնիսկ նախագահություն արժանանալ: Այդ միայն Հայաստանում եւ կեղծ ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծող այլ երկրներում է, որ ընտրողների կամքը քարացած է ու ենթակա համակարգի ճնշումներին:
Ն. Հովսեփյան