Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում Արգենտինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին Բուենոս Այրեսի Ազգային կոնգրեսի Նահանգների սրահում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով սենատոր Միրիամ Բոյաջյանի նախաձեռնությամբ և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ «Հարյուր տարի, հարյուր պատմություն» խորագրով ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների` արգենտինական հասարակության մեջ ինտեգրման թեմային: Ցուցահանդեսին ներկայացված էին անվանի գիտնական Նելիդա Բուլղուրջյանի կողմից հավաքագրած նյութերը:

Բացման խոսքով հանդես եկավ Ազգային Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն՝ անդրադառնալով Արգենտինայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, որի համահեղինակներից մեկը հենց ինքն էր։ Նա անդրադարձավ նաև երկրի հոգևոր-մշակութային հարստացման, տնտեության զարգացման գործում հայ համայնքի մեծ ավանդին:
Արարողությանը ելույթ ունեցան սենատոր Միրիամ Բոյաջյանը, ով ներկայացրեց Ցեղասպանությունը վերապրած իր նախնիների փոխանցած հուշերը: Միրիամ Բոյաջյան խոսեց արգենտինահայ համայնքի տարբեր ոլորտներում գործունեության և երկրի զարգացման մեջ ունեցած դերի մասին, իսկ իր ելույթն ավարտեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինի` 2016թ Հայաստան կատարած այցի ընթացքում Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում գրառված բառերով. «Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»։

Այնուհետև, ելույթով հանդես եկավ Նելիդա Բուլղուրջյանը, ով ներկայացրեց իր կողմից ցուցահանդեսի նմուշների հավաքագրման դրդապատճառներն ու նրանց իմաստը:

Ելույթ ունեցավ նաև Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնելով Արգենտինայի Ազգային Սենատին, սենատոր Միրիամ Բոյաջյանին և Նելիդա Բուլղուրջյանին, կարևորեց Արգենտինայի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում արգենտինահայերի ավանդը: ՀՀ դեսպանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հայ համայնքը, լիովին ինտեգրված լինելով Արգենտինայի հասարակությանը, միաժամանակ պահպանել է հայկական ինքնության ու հայապահպանության բացառիկ ձգտումը։

Արարողությանը ներկա էին ԱՀ Ազգային կոնգրեսի պատգամավորներ, սենատորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներ:




Լրահոս