ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր մասնակցել է նախօրեին Երևանում մեկնարկած Թռչնաբույծների միջազգային համաժողովին: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի թռչնաբույծների միության և Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի կողմից:
Համաժողովի նպատակն է աջակցել թռչնաբուծության ոլորտի ներկայացուցիչների միջև սերտ համագործակցության ստեղծմանը և ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների շուրջ փորձի փոխանակմանը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևը, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, թռչնաբուծական սարքավորումներ, կերային հավելումներ և անասնաբուժական դեղամիջոցների արտադրողներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բուլղարիայից:
«Հայաստանում թռչնաբուծությունը վերջին տարիներին աճ է գրանցել, հավկիթի տարեկան արտադրության ծավալը ներկայումս կազմում է 655 մլն, բայց ոլորտում դեռևս առկա են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, այդ թվում` թռչնամսի ինքնաբավության մակարդակի բարձրացումը, և դրանց ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ», – նշել է փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ այժմ հանրապետությունում ծրագրեր են մշակվում անասնաբուծության ոլորտում կերարտադրության զարգացման նպատակով:
Տեղեկացնելով, որ համաժողովը Հայաստանում առաջին անգամ անց է կացվել 2014 թվականին` ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին հույս է հայտնել, որ միջազգային մակարդակի այս միջոցառման կազմակերպումը Հայաստանում կկրի ավանդական բնույթ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են զեկույցներ թռչնաբուծության արդիական խնդիրների, թռչնաբուծական սարքավորումների, թռչունների կերակրման, բուժման ժամանակակից միջոցների և ոլորտին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին