ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ՝ ԷԼ ԱՎԵԼԻ ՀԵՌԱՆԱԼՈՎ ԵՎՐՈՊԱՅԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարեւան Թուրքիայում կիրակի օրը կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը որակվում է որպես Էրդողանի իշխանության ամրապնդման գործիք: Այսպիսի փոփոխություններով Թուրքիան հաստատապես էլ ավելի հեռացավ արեւմուտքից, եւ խնդիրն ամենեւին էլ նախագահական լիազորությունների ընդլայնումը չէ, որքան փաստը, որ այդ քայլին գնացին կոնկրետ մեկ մարդու իշխանավարության համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հանրաքվեին պատրաստվում էր տարիներով: Վարչապետի պաշտոնը թողնելով իր զինակից Ահմեդ Դավութողլուին՝ 2014թ. նա նախընտրեց գերազանցապես արարողակարգային նախագահական աթոռը: Շատերն այդժամ իսկ բարձրաձայնում էին, որ Էրդողանը գնում է իր ռեժիմը էլ ավելի կարծրացնելու ուղղությամբ, եւ այդ համատեքստում նրա առաջին քայլը վարչապետի պաշտոնում լուրջ հեղինակություն ունեցող Դավութողլուին քաղաքական որեւէ իրական ռեսուրս եւ նույնիսկ հավակնություն չունեցող Յըլդըրըմով փոխարինելն էր: Դավութողլուն նախընտրեց հեռանալ ասպարեզից՝ քաջ գիտակցելով, թե որտեղ իրեն կարող է հասցնել Թուրքիայի պետական կառավարման համակարգում երկրորդին հանդուրժել չկարողացող Էրդողանի հետ իր վեճը: Վերջինս որոշեց զոհաբերել իր իշխանության գաղափարակիր Դավութողլուին՝ անկարող գտնվելով նրան համոզել իր ծրագրերի կենսունակության մեջ: Եվ ահա վարչապետի լայն լիազորությունները Էրդողանը հանձնեց մի մարդու, որի նկատմամբ ուներ անվերապահ գերակայություն: Յըլդըրըմը վարչապետի պաշտոնում սոսկ տեղապահ էր, մինչեւ որ Էրդողանը հասցներ ավարտել իր սահմանադրական արկածախնդրությունը:
Եռաքայլ կոմբինացիայի երկրորդ ակորդը դարձավ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն ու դրա տապալումը: Այսօր արդեն արժանահավատ են թվում այն մեկնաբանությունները, որ Էրդողանն ինքն էր կազմակերպել դավադրության այդ իմիտացիան՝ ռեժիմի ռադիկալացման գնալու նպատակով: Դեպքերի ժամանակագրությունն ու Էրդողանի քայլերի տրամաբանությունը ակնհայտորեն հուշում են, որ ռազմական հեղաշրջման այդ փորձը բխում էր բացառապես նախագահի շահերից: Առաջին հերթին խոսքը հեղաշրջման նախաձեռնողների անփութության ու քաոտիկ գործողությունների մասին է: Իրական քայլերի դիմելու փոխարեն ապստամբների ճամբարում առկա անորոշությունը աղաղակում է, որ հեղաշրջումը կազմակերպված էր միանգամայն այլ կենտրոնից եւ հազիվ թե Էրդողանի իշխանությունը տապալելու նպատակ հետապնդելիս լիներ: Այլ կերպ ասած՝ նման մեթոդներով անում են ոչ թե հեղաշրջում, այլ հեղաշրջման բեմականացում: Էրդողանն էլ, ըստ այդմ, քարտ բլանշ ստացավ՝ իր իսկական հակառակորդների դեմ բռնության դիմելու համար: Արհեստականորեն նրանց կապելով ապօրինի հեղաշրջման փորձի հետ՝ նա իր մրցակիցներին հեղինակազրկեց, շատերին էլ՝ ազատազրկեց: Հոգեբանական դաշտում հասարակությանը պարտադրելով իր ներկայությունը՝ Թուրքիայի նախագահը ասպարեզից հեռացրեց իր իշխանավարությանը սպառնացողներին: Արդյունքում՝ թուրքական հասարակության աչքում լեգիտիմացվեց Էրդողանի իշխանությունը: Սա ամենակարեւոր հանգամանքն է, որի շնորհիվ ոչ միայն արդարացված համարվեց բռնությունը հանուն քաղաքական ինքնանպատակ շահերի, այլեւ հասարակության աչքում Էրդողանը դարձավ անայլընտրանքային գործիչ:
Եվ ահա նման ծրագրային հաջողություններով Էրդողանը հասավ ապրիլի 16-ին նշանակված հանրաքվեի օրվան: Քվեարկության դրված փաստաթուղթը, տարբեր վերլուծաբանների կարծիքով, երկիմաստ էր, քանզի արտաքնապես ապահովում էր միջկուսակցական համերաշխությունը՝ միաժամանակ նպաստելով մեկ մարդու իշխանության ամրապնդմանը: Վերացվում է վարչապետի պաշտոնը՝ փոխարենը ստեղծելով փոխնախագահների ինստիտուտներ: Պահպանելով կուսակցական կապերը՝ նախագահը դառնում է երկրի առաջին դեմքն ու կենտրոնացնում ողջ գործադիր իշխանությունը: Նախագահն իրավասու է դառնում երկրի ներսում միանձնյա կերպով արտակարգ դրություն մտցնել եւ ցրել խորհրդարանը: Նախագահի ու խորհրդարանի ընտրությունները այդուհետ պիտի անցկացվեն 5 տարին մեկ անգամ՝ միեւնույն օրը: Խորհրդարանը զրկվում է նախարարների հանդեպ հետաքննություն իրականացնելու լիազորությունից, սակայն կարող է նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել խորհրդարանականների ձայների մեծամասնության համաձայնությամբ: Ակնհայտորեն, Թուրքիան գնում է ուժեղ նախագահական պետություն դառնալու ճանապարհով՝ փոփոխությունները բացատրելով որոշումների կայացման հարցում անորոշություններից ու արհեստական դանդաղումներից խուսափելու մղումով: Մինչդեռ քննադատները համոզված են, որ եթե ԱՄՆ-ի պես նախագահական երկրում գոյություն ունի արդար դատական համակարգ, եւ սովորական դատավորն ունակ է արգելք դնելու նախագահական հրամանագրի վրա, ապա նախագահական Թուրքիայում անկախ դատական ատյան գոյություն չունի, ինչի արդյունքում Էրդողանը կդառնա բռնապետ:
Արդեն իսկ փաստ է, որ Էրդողանի եռաքայլ ծրագիրը հաջողությամբ է պսակվել: Նրա սահմանադրական փոփոխությունները ստացել են ընտրողների 51.4 տոկոսի աջակցությունը: Թեեւ տարբերությունը նվազ է, այն չի խանգարի Էրդողանին հաղթանակ հռչակել ու վերջնականացնել իշխանության ամբողջական կենտրոնացումն իր ձեռքում: Մնացած հարցերը այլեւս տեխնիկական բնույթի են, սակայն Թուրքիան մի տեւական ժամանակ դեռ զբաղված կլինի նոր սահմանադրության բերած փոփոխություններին հարմարվելով: Արձանագրելի է, որ այսպիսի փոփոխություններով Թուրքիան ավելի հեռացավ Եվրոպայից եւ զարմանալիորեն մոտեցավ Հայաստանին: Այս երկու հարեւան երկրներում իշխանության միակ տերերը սահմանադրական փոփոխությունները կատարելիս համոզում էին, որ գործող կարգերը, Հայաստանի դեպքում՝ նախագահական, Թուրքիայի դեպքում՝ խորհրդարանական, դանդաղեցնում էին պետության զարգացումը: Երկու դեպքում էլ գործ ունենք մեկ մարդու ձեռքում իշխանության գերկենտրոնացման մոլեգնության հետ: Իսկ Սահմանադրությունն ու պետական ինստիտուտները նեղ-անձնական շահերին են համապատասխանեցնում միայն տապալված պետությունների ինքնանպատակ ղեկավարները:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Հայաստանի երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի հիմնադրած «Արմավիա Կարգո» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Նշենք, որ նշված երկու ընկերությունների սեփականատերը հայտնի գործարար Միկա Բաղդասարովն է:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունվարի 20-ի վճռով ընկերությունը սնանկացել է: Իսկ նույն դատարանի ապրիլի 5-ի որոշմամբ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Նշենք, որ ընկերությունը ՊԵԿ-ին պարտք է ավելի քան 45 մլն դրամ: «Արմավիա Կարգո» ընկերության սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը գույք չունի, որով հնարավոր լինի մարել կուտակած պարտքերը: Արդյունքում սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյանը հնարավոր է՝ գործ փակի, քանի որ, ըստ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105 հոդվածի հատկանիշների՝ սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ եւ պարտատերերի առարկությունների բացակայության դեպքում, առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե` ա) պարտապանը չունի որեւէ գույք, բ) պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ, գ) պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը, դ) պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը:
Նկատենք, որ սնանկացած եւ լուծարված «Արմավիա» ավիաընկերության աճուրդի հանված գույքը տեւական ժամանակ է, ինչ չի վաճառվում: Իսկ վաճառելու դեպքում հնարավոր կլիներ մարել ընկերության կուտակած պարտքերը, որը հսկայական է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2016թ. փետրվարի 1-ից ընթանում էր Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի 4 բնակիչների դատավարությունը: Աչաջրի բնակիչները մեղադրվում էին 2015թ. հունվարի 17-ին նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ: 4 ամբաստանյալները գտնվում էին կալանքի տակ: Նշենք, որ Հովհաննես Ղալթախչյանը Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի որդին է: Դատավարության 2017թ. ապրիլի 11-ի նիստում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հրապարակել է դատավճիռը: Նա Հովհաննես Ղալթախչյանին արդարացրել է ապօրինի զենք կրելու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Բոլոր 4 ամբաստանյալներին առաջադրված 131 հոդվածի 2-րդ մասով մեղադրանքը վերաորակավորվել է, եւ նրանք դատապարտվել են 131 հոդվածի 1-ին մասով: Այսինքն՝ դատարանը կատարված առեւանգման մեջ նախնական համաձայնություն չի տեսել: Դատավճռով Գագիկ Ալավերդյանը եւ Արտակ Մանուչարյանը դատապարտվել են շուրջ 2 տարի ժամկետով ազատազրկման: Քանի որ նրանք արդեն 2 տարի գտնվել են կալանքի տակ, դատարանի դահլիճից ազատ են արձակվել: Հովհաննես Ղալթախչյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման: Նրա պատժի ժամկետը լրանում է այս տարվա մայիսին: Իսկ ահա Սաշա Ղալթախչյանը դատապարտվել է 2 տարի, 3 ամիս ազատազրկման: Նրա պատժի ժամկետը նույնպես մայիսին է լրանում: Հովհաննես, Սաշա Ղալթախչյանների եւ Գագիկ Ալավերդյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենք գոհ չեն կայացված դատավճռից, քանի որ մեղադրյալները նրանց առաջադրված հոդվածներով անմեղ էին եւ պետք է դատարանի վճռով արդարացվեին: Փաստաբանն ասաց, որ իրենք, ամենայն հավանականությամբ, կբողոքարկեն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՄԵԾԱՑՐԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
«Գազպրոմ» ընկերությունը ընթացիկ տարվա սկզբից 25%-ով մեծացրել է Թուրքիա գազի արտահանումը, փոխանցում է RNS-ը՝ հղում անելով ընկերության նյութերին: «Այսպես, Թուրքիա գազի արտահանումն աճել է 25%-ով, Հունգարիա՝ 31,5%-ով, Սերբիա՝ 32,5%-ով, Բուլղարիա՝ 20,9%-ով»,- հայտարարել են «Գազպրոմ»-ում: Ինչպես հայտնի է դարձել՝ Թուրքիա գազի արտահանումն անցած տարի կազմել է 24,76 միլիարդ խորանարդ մետր:




Լրահոս