ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ՞ «ԲՈՐՈԴԻՆՈ» ԳՈՐԾԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտի երբեմնի առաջատար ձեռնարկություններից մեկը՝ «Բորոդինո» պահածոների գործարանը, սնանկ է ճանաչվել: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Տեղեկացնենք, որ «Բորոդինո» ընկերությունը գրեթե ամեն տեսակի մրգեր եւ բանջարեղեն է մթերում, մուրաբա ու պահածոներ է արտադրում: Բայց ընկերության արտադրանքի միայն 15-20 տոկոսն է ներքին շուկայում իրացվում: Մեծ մասը արտահանվում է Հոլանդիա, Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան:
Սակայն ընկերությունը դեռեւս 2014 թվականից ֆինանսական ծանր վիճակում է գտնվում: Այդ շրջանում նույնիսկ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ գործարանը սնանկացման ճանապարհին է: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 23-ին դիմել է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Նշենք, որ ՀՀ Արարատի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող պահածոների գործարանը ՊԵԿ-ին պարտք է 13 մլն 99 հազար 59 դրամ: «Ժողովուրդ»-ը գործարանի աշխատակիցներից տեղեկացավ, որ ՊԵԿ-ի հետ ընկերության ղեկավարությունը փորձել է «լեզու գտնել», ինչի արդյունքում որոշվել է պարտքի մարման ժամանակացույց կազմել: Իսկ ընկերության ղեկավարությունը խոստացել է պարտքը մարել՝ ըստ այդ ժամանակացույցի, առանց ուշացման: Ապա տեղեկացանք, որ ընկերությունը առաջիկայում առողջացման ծրագիր է ներկայացնելու: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը ձեռք բերելու շուրջ բանակցություններ է տանում իրանցի մի գործարար: Վերջինս պատրաստվում է ներդրում անել եւ ընկերությունը հանել այդ վիճակից:
Իսկ իրանցի գործարարի ներկայացուցիչը, որը մեզ հետ զրույցում ներկայացավ Հրաչ, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ընկերությունը սկսել է մարել պարտքերը: «Ես նոր սեփականատիրոջ ներկայացուցիչն եմ, նոր եմ եկել, միացել իրենց աշխատանքներին: Բայց պարտքերը կամաց-կամաց մարում է: Հիմա բանակցում ենք գործարանը ձեռք բերելու համար»,- հայտարարեց ներկայացուցիչը: Նա չցանկացավ նշել իրանցի գնորդի անունը եւ հրաժարվեց հայտնել, թե որքանով է գործարարը պատրաստվում ձեռք բերել գործարանը:
Իսկ մինչ այդ նշենք, որ «Բորոդինո» պահածոների գործարանը չի կարողանում վճարել նաեւ աշխատակիցների աշխատավարձերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդեմ «Բորոդինո» պահածոների գործարանի դատարան են դիմել նաեւ ընկերության մի շարք աշխատակիցներ՝ աշխատավարձի բռնագանձման պահանջով: Ապա այս տարվա ապրիլի 4-ին աշխատակիցները ընկերության հետ հաշտության համաձայնագիր են կնքել:
Նշենք, որ ընկերությունը գումար է պարտք նաեւ ՀՀ առեւտրային բանկերից մեկին: Պահածոների գործարանը պատշաճ չի կատարել վարկային պարտավորությունները, ինչն էլ պատճառ է դարձել, որ գործարանը բռնագանձելու պահանջով «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայց ներկայացնի ընդդեմ «Բորոդինո» պահածոների գործարան ՍՊԸ-ի: Ընկերությունը բանկին պարտք է 486 հազար 577 դոլարին համարժեք դրամ: Ի դեպ, այս գործով հաջորդ միջնորդության քննարկումը նշանակված է այս տարվա հուլիսի 21-ին: Իսկ մինչ այդ ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրված:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ

Տավուշի մարզի համայնքներում տարիների ընթացքում ներդրվել, գործարկվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, որը համացանցին միանալու եւ համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում համարվում է տվյալ համայնքի պաշտոնական վեբ կայք:

3 հազար եւ ավելի բնակիչ ունեցող համայնքները, ըստ օրենքի, պարտադիր պետք է ունենան պաշտոնական կայք: Տավուշի մարզի համայնքներում կառավարման տեղեկատվական համակարգի, համայնքների պաշտոնական վեբ կայքերի աշխատանքի հետ կապված տարատեսակ խնդիրներ գոյություն ունեն: Ապրիլի 11-ին Տավուշի մարզպետարանում սեմինար-քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին մարզի համայնքապետարանների համակարգչային մասնագետները, համայնքների պաշտոնական կայքերի պատասխանատուները:
Սեմինարը վարող «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ Տավուշի մարզի համայնքների ինտերնետային կայքերի հետ կապված շատ խնդիրներ կա՞ն: Նա հայտնեց, որ Տավուշի մարզում համայնքներ կան, օրինակ՝ Դիլիջանը եւ Բերդը, որոնց պաշտոնական վեբ կայքերը դրական օրինակ կարող են ծառայել այլ համայնքների համար: Գ. Խաչատրյանի խոսքերով՝ Տավուշի մարզում համայնքներ գոյություն ունեն, որտեղ առկա են համացանցին միանալու խնդիրներ, որոշ համայնքներ պետք է համապատասխան դոմեյն անուններ ձեռք բերեն, որոշ համայնքներում էլ համակարգչային մասնագետի պակաս կա: «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահն ասաց, որ իրենք Տավուշի համայնքապետարանների հետ պայմանագրեր ունեն, որոնց շրջանակներում նաեւ համայնքապետարանների կայքերի մասնագետների համար դասընթացներ, մասնագիտական վերապատրաստման սեմինարներ են անցկացնում: Սակայն նման պայմանագրեր կնքված են Տավուշի համայնքների միայն մի մասի հետ: Մասնագետը նաեւ հավելեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններից հետո համայնքի ղեկավարի հետ երբեմն փոխվում է նաեւ համայնքապետարանի ինտերնետային կայքի սպասարկողը, ինչը բացասաբար է անդրադառնում համայնքապետարանի կայքի աշխատանքի կայունության վրա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿՈԾԿԵԼ
Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Սարգիս Մանուկյանի մահվան օրվանից մեկ տարի անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Սարգիսը ժամկետային զինծառայության էր մեկնել Սպիտակի զինկոմիսարիատից: 6 ամիս ծառայել էր Արմավիրում, ապա՝ Արարատի զորամասերից մեկում: Ծառայության ընթացքում երբեւէ չէր դժգոհել որեւէ բանից: 2016թ. մարտի 30-ին Սարգիսը օրապահ է եղել, երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում մահացել է, պաշտոնական վարկածով՝ հերթապահության ժամանակ էլեկտրահարվելուց: Հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունն այժմ գտնվում է դատարանում:
Սարգիսի մոր՝ Անահիտ Համբարյանի խոսքով՝ որդին դեպքից րոպեներ առաջ է խոսել իր հետ ու ասել, որ ամեն ինչ լավ է. «Ասին՝ հոսանքահարվել է, ես չէի հավատում, ասում էի՝ ինչ գործ ունի ինքը հոսանքի հետ: Էդ իրա պահակային տարածքի մեջ ինչ-որ տրանսֆորմատոր է եղել, բարձր լարում է ունեցել, իսկ թե դեպքը ոնց է եղել, մենք մինչեւ հիմա չգիտենք: Մեզ ասում են, թե ինքը իր գոտին գցել է տրանսֆորմատորի վրա, ուզեցել է հանի ու հոսանքահարվել է, բայց ես չեմ հավատում, իրենք թաքցնում են»: Մոր խոսքով՝ տարածքում, որտեղ Սարգիսը օրապահ է եղել, վթարային իրավիճակ է եղել, որի մասին Սարգիսը տեղյակ չի եղել. «Տարածքում բացիթողի վիճակ է եղել, ոչ մի նախազգուշացնող բան չի եղել, դա պատասխանատուների մեղքով է եղել, զորամասի, ու իրենք թաքցնում են, հիմա դատաքննություն է ընթանում, բայց ես ոչ մի հույս չունեմ»: Զինվորի մոր ներկայացմամբ` թե՛ նախաքննությունն է կողմնակալ եղել, թե՛ ներկայումս ընթացող դատաքննությունը:
Իսկ Սարգսի հոր` Սմբատ Մանուկյանի խոսքով՝ զորամասի հրամանատարությունը կատարվածը փորձում է ամբողջությամբ բարդել Սարգիսի վրա, իբր թե նա պարզապես անզգույշ է եղել. «Էդ տրանսֆորմատրի քարի շինությունը գտնվել է բացիթողի վիճակում՝ դռները բաց, որեւէ նախազգուշացնող նշան չի եղել տարածքում: Մեղադրանք է առաջադրվել զորամասի թիկունքի պետին ու կոմունալ բաժնի պետին, ովքեր իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում՝ ասելով, թե Սարգիսը ինքնակամ է մտել տարածք՝ բնական կարիքները հոգալու… թե ով ա ականատես եղել, չգիտենք, չեն ասում»:
Սարգիսի հորեղբայրը՝ Սիրակ Մանուկյանն էլ նշում է, որ ամեն ինչ հենց սկզբից է գնացել թերի. «Նպատակ չեն ունեցել կոնկրետ մեր երեխու տվյալ տարածք մուտք գործելու պատճառը բացահայտել: Երկու հոգու մեղադրանք է առաջադրվել պարզապես անփութության համար, որ էդ տարածքը չպետք է բաց լիներ, բայց թե ում ցուցումով է մեր տղեն մտել էդ տարածք ու ինչ պատճառով, ոչ ոք չի ուզում պարզել: Մենք երկու նպատակ ունենք՝ նախ որ մեղավորները պատժվեն, եւ երկրորդ՝ որ նմանատիպ հարցերը բանակում վերանան, ու մեր երեխու նման մյուս երեխեքն էլ անիմաստ տեղը չզոհվեն: Մեր երեխեն էդ կարգի չի եղել, որ նման անմիտ քայլ աներ ու ձեռքը մտցներ տրանսֆորմատրի մեջ: Մեր երեխեն ինքնակամ չէր մտնի էդ տարածք: Ներկայումս բոլորն աշխատում են գործը կոծկելու վրա»,-ասում է զինվորի հորեղբայրն ու մեկ անգամ եւս վստահեցնում, որ ամեն ինչ անելու են՝ գործը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս