«ԻՄ ԿՈՂԱԿԻՑԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՇԱՏ ՈՒԺԵՂ ՏՂԱՄԱՐԴ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը` անդրադառնալով հայկական շոու-բիզնեսի` արդեն ճանաչում ունեցող ներկայացուցիչներին: Վերջիններս պատմում են իրենց կարիերայի դժվարին պահերի մասին, նշում են` ինչի շնորհիվ են դարձել հայտնի: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է:

«Չճանաչվելու տարբերակ չունեի»
Կարող եմ վստահաբար ասել, որ հայ հանրության լայն զանգվածների կողմից ճանաչվեցի «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո: Նախագիծը երկու տարի էկրաններին էր, եւ ես չճանաչվելու տարբերակ չունեի: Ամեն դեպքում, երբեւէ հատուկ չեմ ձգտել հայտնի դառնալ: Չեմ երազել, օրինակ, մի առավոտ արթնանալ ու հոլիվուդյան աստղի չափ ճանաչում ունենալ: Հիշում եմ, որ սերիալում նկարահանվելու տարիներին, բացի նկարահանման հրապարակից տուն եւ տնից հրապարակ գնալուց, չէի հասցնում ոչ մի տեղ լինել: Եվ երբ մի անգամ հաջողվեց զբոսնել փողոցում, հասկացա, որ այն, ինչով զբաղվում եմ, տվել է իր պտուղները. մարդիկ ճանաչում էին ինձ:

«Ես մոդել չեմ, այլ դերասանուհի»
Գոհ եմ իմ երկրպագուներից, որոնց մեջ կան նաեւ հասուն, կայացած մարդիկ: Նրանք այնքան համախմբված են, միշտ անակնկալներ են մատուցում տոն օրերին, հետաքրքրվում են իմ պլաններով: Ասել, թե հայտնիությունը ինձ խանգարում է, սուտ կլինի: Ուղղակի լինում են պահեր, երբ ուզում ես ուշադրության կենտրոնում չլինել` ոչ լավ, ոչ վատ առումով: Ինքս փորձում եմ ինձ վրա ուշադրություն բեւեռել` կատարածս աշխատանքի միջոցով: Չեմ ուզում դա անել` համացանցում ակտիվություն ցուցաբերելով կամ անընդհատ նոր ֆոտոշարքեր ներկայացնելով: Ես մոդել չեմ, դերասանուհի եմ եւ մարդկանց պետք է գրավեմ իմ խաղով:

Նեգատիվ էներգիայի պոռթկումներ
Կարիերայիս ամենաբարդ շրջանը, միանշանակ, սկիզբն էր: Երբ մարդ գրանցում է որեւէ հաջողություն, հնարավոր չէ, որ շրջապատում չհայտնվեն մարդիկ, որոնք կնախանձեն նրան: Իմ անձի նկատմամբ այդ առումով լուրջ «սպառնալիքներ» չեն եղել, բայց մարդիկ կարող են տարածել սուտ խոսակցություններ. դա եւս վատություն անելու մի ձեւ է: Կարող եմ միանշանակ ասել, որ հայտնի եմ դարձել սերիալի շնորհիվ: Բայց ինձ ամեն բան պատրաստի չի հրամցվել: Դասախոսիս` Աբել Աբելյանի հորդորներով մասնակցել եմ քասթինգի, անցել եմ, խաղացել եմ, սկզբում նաեւ քննադատվել եմ, հետո արդեն ինձ նոր կերպար են վստահել: Ասեմ, որ մշտապես արձագանքում եմ առողջ քննադատությանը: Որքան էլ այն սուր լինի, ամեն դեպքում, կարող ես դրանից ինչ-որ օգտակար բան քաղել: Բայց, իհարկե, ինձ չեն շրջանցում նաեւ այնպիսի մեկնաբանություններ, որոնք մարդկանց նեգատիվ էներգիայի պոռթկման անհաջող դրսեւորումներ են: Երբեմն մարդիկ չեն էլ համբերում, որ դու քո պոտենցիալը ցույց տաս, շատ շուտ են սկսում կարծիքներ հայտնել: Իսկ դերասանուհին պետք է հասցնի այդ տեմպին, թերանալու իրավունք չունի:

«Շատ հայ տղաներ իրենց պահում են էգոիստաբար»
Միանշանակ, հանրային լինելու հանգամանքը կարող է ազդել անձնական կյանքի վրա: Մարդու անձնականը պատկանում է միայն իրեն, բայց մարդիկ ուզում են այդտեղ էլ ներխուժել: Ինչ-որ չափով հասկանում եմ նրանց, բայց միշտ փորձում եմ այնպես անել, որ մարդիկ հետաքրքրվեն իմ կատարած աշխատանքով: Իմ կողակիցը պետք է լինի շատ ուժեղ տղամարդ, որովհետեւ այդքան էլ հեշտ չէ ունենալ կին, որը հանրության ուշադրության կենտրոնում է: Շատ հայ տղամարդիկ կարող են ասել, թե իբր գիտակցում են, որ մեր ասպարեզում դժվարությունները բազմաթիվ են, բայց իրականում չեն կարողանում մեր բնագավառի կնոջ հետ իրենց կյանքը կապել: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մեկը, դեռեւս արժանացած չլինելով նույնիսկ քո վերջնական «այո»-ին, խլի քեզնից քո կարիերան: Շատ հայ տղաների գիտեմ, որոնք այդ առումով իրենց էգոիստաբար են պահում: Կարծում եմ` եթե դերասանուհու կողքին լինի արժանի տղամարդ, այդ հարցն ինքնըստինքյան կլուծվի:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
«ԲՈԼՈՐԻՆ ԴՈՒՐ ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»

«Իմիջ կոդ», «Առավոտ լուսո» հաղորդումներից, «Աննա» հեռուստասերիալից հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Յանա Դանիելյանը վերջին շրջանում նախկին ակտիվությամբ չի երեւում էկրաններին. նա այժմ վարում է միայն «Ինչ եփել այսօր» ծրագիրը: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ Յանան նոր առաջարկներ չի՞ ստանում, թե՞ պարզապես մերժում է դրանք:

«Հրավերներ շատ եմ ստանում, բայց չեմ կարող ընդունել, քանի որ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի հետ կնքված պայմանագիրը դա թույլ չի տա: Իհարկե, ունեցել եմ առաջարկներ, որոնք իմ սրտով էին, ունեցել եմ, որ ոչ, ամեն դեպքում, առայժմ այդ ուղղությամբ որեւէ փոփոխություն չի սպասվում»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք՝ Յանան եւ ամուսինը՝ հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը, միասին որեւէ ծրագիր վարելու ցանկություն, առաջարկ ունե՞ն. «Անկեղծ ասած՝ նման նպատակ չկա. մենք առանձին ենք հանդես գալիս, այս պահին ես ծրագիր եմ վարում, ինքը՝ նկարահանվում է սերիալներում, զուգահեռաբար գործունեություն է ծավալում բոլորովին այլ բնագավառում»,-պատասխանեց Յանան:
Քանի որ հաղորդավարուհու արտաքինը շատ է քննարկվում սոցցանցերում, եւ օգտատերերը նրան վերագրում են ամենատարբեր պլաստիկ վիրահատություններ, հարցրինք՝ վերջին շրջանում նա իսկապե՞ս դիմել է նման միջամտությունների, թե՞ ոչ. «Ես՝ որպես 21-րդ դարի կին, շատ եմ հետեւում իմ արտաքինին, մաշկի խնամքին, պարբերաբար այցելում եմ մերսումների: Բայց բնական է, որ բոլորին դուր գալ չեմ կարող: Ոչ ոքի հետ չեմ վիճում եւ քննարկումների մեջ չեմ մտնում: Ամեն դեպքում, ուշադրություն չեմ դարձնում իմ վիրահատությունների վերաբերյալ այդ անհավանական, հորինովի խոսակցություններին: Ինձ համար ամենաէականն այն է, որ նայում եմ հայելու մեջ եւ ինքս ինձ դուր եմ գալիս»,-մեկնաբանեց Յանան՝ հավելելով, որ սիրում է արտաքինի հարցում դիմել ոճային կտրուկ փոփոխությունների, ինչպես ինքն է ասում՝ թույլատրելիի սահմաններում:
«Ժողովուրդ»-ը, անդրադառնալով հաղորդավարուհու անձնական կյանքին, հարցրեց՝ առաջիկայում ընտանիքը համալրելու մասին երազո՞ւմ է, թե՞ ոչ. «Կարող է տարօրինակ հնչել, բայց ես երազանքներ չունեմ, փոխարենը ունեմ նպատակներ, որոնք հերթականությամբ իրագործում եմ, իսկ երազանքը մի բան է, որը մնում է անկատար: Ինչ վերաբերում է համալրմանը, դեռեւս չենք պլանավորում նման բան. նախընտրում ենք ուշադրությունը բեւեռել մեր դստեր վրա: Սիրում եմ, որ երեխաների միջեւ տարիքային մեծ տարբերություն է լինում, դա ինձ համար գեղեցիկ երեւույթ է, այնպես որ, կնախընտրեմ երկրորդ երեխային լույս աշխարհ բերել ավելի ուշ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 
ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանի կյանքում կարգավիճակի փոփոխություն է գրանցվել: Նա ամուսնացել է ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ: Այդ մասին հայտնել են Գայանեի արդեն նախկին գործընկերները` Սիմա Բաղդասարյանը եւ Մհեր Խաչատրյանը` «Բարի լույս» ծրագրի տաղավարից: Զույգը մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ կվայելի մեղրամիսը: Նշենք, որ Գայանեն նախորդ ամուսնությունից որդի ունի, իսկ Օնչոն՝ դուստր:

 

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Վերջերս հայտնի դարձավ, որ դերասան Օրլանդո Բլումը բաժանվել է երգչուհի Քեթի Փերիից: Նա, սակայն, երկար միայնակ չմնաց: People-ի փոխանցմամբ` աստղն արդեն սիրավեպ ունի հայտնի մոդել եւ դերասանուհի Նինա Դոբրեւի հետ: Պարբերականը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերայից հետո դերասանը սերտորեն շփվել է Նինայի հետ (Ի դեպ, համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը):
«Ակնհայտ էր, որ Օրլանդոն եւ Նինան ավելին են, քան ընկերներ: Նրանց նախկին ընկերությունն արդեն վերաճել է սիրո»,-պատմել է պարբերականի ներքին աղբյուրը՝ հավելելով, որ Նինան հանուն Օրլանդոյի նույնիսկ բաժանվել է ընկերոջից:
Նշենք, որ Բլումն ու Դոբրեւն այժմ մասնակցում են Քալիֆորնիայում մեկնարկած Կոաչելլայի փառատոնին:

 

 

ՉԱՊԼԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Շվեյցարիայում Չառլի Չապլինի երկրպագուները հայտնի դերասանի 128-րդ տարեդարձը նշել են հատուկ ֆլեշմոբով: 662 երկրպագուներ դերասանի գլխավոր գործող անձի՝ թափառաշրջիկ Չառլիի կերպարներով հավաքվել են Վեվե քաղաքում, որտեղ վախճանվել է Չապլինը: Variety-ին տեղեկացնում է, որ ֆլեշմոբի մասնակիցները հավաքվել են եւ աստղ են կազմել դերասանի տան առջեւի բացատում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին 25 տարիներին՝ մինչեւ 1977 թվականը:
Նշենք, որ դերասան, ռեժիսոր Սըր Չառլ Սփենսեր Չապլինը նկարահանվել է 100-ից ավելի ֆիլմերում: Նա եղել է նաեւ «Մեծ քաղաքի լույսերը», «Մեծ դիկտատորը» եւ «Բեմեզրի լույսերը» կինոնկարների ռեժիսորը:




Լրահոս