ԱՆԻՄԱՍՏ ԾԱԽՍԵՐԻ ՇԱՐՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական գերատեսչություններում անիմաստ կառույցները շատ-շատ են, եւ դրանցից մեկն էլ ներքին աուդիտի վարչությունն է: Այն գործում է «ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով: Իսկ ինչո՞վ են զբաղված նրանք: Համաձայն նշված օրենքի՝ ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Այսինքն` պետական գերատեսչության կառույցի ղեկավարը հանձնարարում է ստուգել իր գերատեսչության աշխատակիցներին կամ ինքն իրեն: Եւ հասկանում եք, որ դա Հայաստանում գրեթե անհնար է, եւ աշխատանքի օբյեկտիվությունը, մեղմ ասած, կասկածի տակ է: Չէ՞ որ կարող է ներքին աուդիտի վարչությունն, օրինակ, նախարարության ֆինանսական փաստաթղթերը ստուգել, կոռուպցիոն դրսեւորումներ հայտնաբերել, բայց քանի որ ոլորտի անմիջական պատասխանատուն նախարարն է, հենց նրա հրահանգով էլ ամեն ինչ ծածկադմփոց արվի ու թաքցվի: Այնպես որ, եթե ցանկություն կա օբյեկտիվ աուդիտ անցկացնելու, ապա դա պետք է անեն անկախ մարմինները:
Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ ՀՀ պետական գերատեսչություններում աշխատակազմերը շարունակում են ուռճացված մնալ եւ ՀՀ պետական բյուջեի վրա լուրջ բեռ հանդիսանալ: Ի դեպ, ժամանակին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր պետական ապարատի ծախսերը զգալիորեն կրճատելու, գումարներ խնայելու մասին: Եւ ԾԻԳ-երն ու անիմաստ ՊՈԱԿ-ները կրճատելուց բացի՝ լավ կլիներ, եթե իշխանություններն անդրադառնային նաեւ այս խնդրին:

 

 
Երեւանի ավագանու այս ընտրությունները մեկ էական առանձնահատկություն ունեն. նոր Սահմանադրության 182-րդ հոդվածի համաձայն՝ համայնքապետերն այլեւս զրկված են ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից. այդ պատասխանատվությունը դրված է ավագանու վրա: Իսկ համայնքապետերը պետք է ընդամենը կատարեն ավագանու կայացրած որոշումները եւ իրականացնեն համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը: Այս առումով տրամաբանությունը ենթադրում էր, որ ՀՀԿ ավագանու ցուցակը բաղկացած կլինի պրոֆեսիոնալ անձանցից, այնինչ՝ հակառան է. ՀՀԿ-ն ավագանու ցուցակում առաջադրել է հավատարիմ մարդկանց, եւ ակնհայտ է, որ ավագանու փոխարեն որոշումներ կայացնողը լինելու է Տարոն Մարգարյանը: Եւ այսպես, ՀՀԿ ցուցակում են «Գազպրոմ Արմենիայի» եւ ՀԷՑ-ի աշխատակիցներ, Տարոն Մարգարյանի մասին գիտական հոդված գրած Աննա Ասատրյանը, քաղաքապետի տեղակալները, թաղապետերը, քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետեր: Ասել է, թե այս անգամ եւս իշխանությունը լայնորեն կիրառելու է վարչական ռեսուրսը՝ հօգուտ ՀՀԿ-ի:

 

 

 
Երեւանի թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ԱԺ այս ընտրություններում խնդիրը ոչ թե ընտրակեղծարարների, այլ ժողովրդի մեջ էր: Խոսելով ընտրակաշառքի մասին՝ նա հայտարարել է. «Ինչքան անբարոյական է տալը, այնքան անբարոյական է վերցնելը»: Հիշեցմանը, թե ընտրակաշառք բաժանողը հենց իշխանությունն է եղել, Գեւորգյանը նշել է. «Ոչ միայն: Եթե վերցնողը կա, տալիս են բոլորը: Գիտեք, խնդիր կա, եթե վերցնողը չլինի, չես կարող գտնել մեկին, զոռով չես կարողանա տանել, կոխել մարդու աչքը, հնարավոր չէ… Մի շարք միջոցները, այս նոր հնարքները բերեցին նրան, որ ավելի լուրջ խնդիրը տեսանք, որ խնդիրը ոչ թե ընտրատարածքում է, ոչ ընտրակեղծարարի մեջ է, լցոնում անողի, այլ եթե դա էլ ենք կանխում, տեսնում ենք հասարակության մոտ խնդիր: Այ, սրա մասին է պետք մտածել, սա ավելի լուրջ ահազանգ էր»:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը՝ չնայած սկանդալային հայտնի ձայնագրության հրապարակմանը: Հիշեցնենք, որ նրան պատկանող «ՍԱՍ գրուպ»-ում կազմակերպված նախընտրական ժողովի ժամանակ Ա. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը շանտաժով ու սպառնալիքներով ստիպել էր ընկերության աշխատակիցներին ձայներ բերել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Այդ ժողովի ձայնագրությունը հրապարակվել էր hayastan24 կայքում, եւ հիմա գլխավոր դատախազի որոշմամբ ՀՔԾ-ում կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Ըստ մեր աղբյուրների՝ քանի որ կատարվածը հանցագործության տարրեր էր պարունակում, լավագույն դեպքում որոշում կկայացվի Արամ Սարգսյանի նկատմամբ սիմվոլիկ պատիժ հարուցել: Իսկ Արտակ Սարգսյանն անձամբ անպատիժ կմնա: Սա էլ, թերեւս, ունի իր պատճառները. Արտակ Սարգսյանը համարվում է Սերժ Սարգսյանի իշխանության ֆինանսական հիմնական աղբյուրներից մեկը:

 

 

 
ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ
«Սաս գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի ղեկավարած ընկերության աշխատակիցների եւ տնօրինության նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրությունը շարունակում է մնալ հանրային քննարկումների առարկա: Այսօր շատ է խոսվում այն մասին, թե ով է մեղավոր այս իրավիճակում՝ «Սաս գրուպի» տնօրինությունը, որը պարտադրում էր Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքագրել, թե այն աշխատակիցները, ովքեր թույլ էին տալիս իրենց հետ նման կերպ վարվել: Ընդ որում, երկու դեպքում էլ ներկայացվող մեղադրանքների կողքին հնչեցվում են արդարացումներ առ այն, որ Հայաստանում այսօր բոլոր օլիգարխները, գործարարները, էլ չասած՝ պաշտոնյաները, հենց նման կերպ են վարվում իրենց կոլեկտիվի անդամների հետ, եւ պետք չէ առանձնապես թիրախավորել Սասի Արտակին: Մյուս կողմից էլ՝ շատերը նշում են, որ այսօրվա պայմաններում աշխատատեղ ունենալն արդեն իսկ մեծ բարեբախտություն է, եւ պետք է ըմբռնումով մոտենալ իրենց հանապազօրյա հացը կորցնել չցանկացող աշխատակիցների հնազանդությանը:
Այս քննարկումների ֆոնին, սակայն, բաց է մնում ամենակարեւոր խնդիրը. աշխատողների իրավունքների տոտալ ոտնահարումը անխտիր բոլոր ոլորտներում՝ սկսած մասնավորից, ավարտած պետական կառույցներով: Վերջինի դեպքում, իհարկե, ֆորմալ առումով ինչ-ինչ մեխանիզմներ ներմուծված են: Քաղծառայողներին, օրինակ, այդքան հեշտ չէ կամայականորեն ազատել աշխատանքից: Սակայն, ինչպես մենք բոլորս գիտենք, Հայաստանում յուրաքանչյուր՝ անգամ ամենալավ օրենք, գործում է այնքանով, որքանով, իսկ քաղծառայողների դեպքում էլ կա հին ու բարի՝ սեփական դիմումի համաձայն ախատանքից ազատելու գործելաոճը: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ հարյուրտոկոսանոց անպաշտպան վիճակ է, եւ «Սաս»-ի աշխատակիցների այդ ժողովը դրա վառ, թեեւ ոչ ամենավատ դրսեւորումներից է:
Որն է այս իրավիճակը փոխելու ճանապարհը: Այս հարցում աշխարհը վաղուց արդեն գտել է լուծումը, մինչդեռ մեզանում դրա հեռավոր շողքն անգամ չկա: Բոլոր զարգացած եւ բազմաթիվ զարգացող երկրներում արհմիությունները ոչ միայն պաշտպանում են աշխատողների շահերը, այլեւ շատ դեպքերում իրենք են թելադրում գործատուներին խաղի կանոնները, հաճախ էլ ազդում ոլորտի քաղաքական որոշումների կայացման եւ ընդհանուր ռազմավարական օրակարգի ձեւավորման վրա: Ինչու, ուրեմն, Հայաստանում այդպես էլ չեն ձեւավորվում արհմիությունները որպես ինստիտուտներ: Որն է պատճառը, որ այս հարցը դուրս է մնում նաեւ քաղաքական ուժերի տեսադաշտից: Ի վերջո, ինչպես կարելի է խոսել քաղաքացիների իրավահավասարության ու ազատությունների մասին, եթե համատարած կերպով ոտնահարված են նրանց հիմնարար՝ աշխատանքային իրավունքները: Սասի Արտակին կամ մեկ այլ օլիգարխի ու նրա կամակատար կոլեկտիվին այպանելու փոխարեն՝ ավելի լավ կլինի հանրային դիսկուրսը կենտրոնացնել այս հարցերի եւ դրանց պատասխանները գտնելու վրա:




Լրահոս