ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՉԵՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, թե ինչ ցուցմունք են տվել «Ելք» դաշինքի անդամները իրավապահներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել է, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելքի» անդամներից մեկի՝ Գառնիկի կողմից: Այս հայտարարության հիման վրա իրավապահները կալանավորեցին Արթուր Այվազյանին:
Նշենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել՝ Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար:

Մեղադրյալի խոսքերով
Հիշեցնենք՝ Արթուր Այվազյանն իր պաշտպան Հայկ Ալումյանին ներկայացրել էր պատմությունը, թե ինչից է սկսել միջադեպը: Ըստ Ալումյանի՝ «Քարոզչության ժամանակ եռագույնը ընկել է գետնին, «Ելք»-ի անդամներից որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել: Այդ ժամանակ Արթուր Այվազյանը մոտակայքում նստած է եղել, մոտեցել է, վերցրել եռագույնը, խրել է հողի մեջ, որ եռագույնը գետնին ընկած չմնա: Այդ հարցի շուրջ «Ելք»-ի անդամների եւ Արթուր Այվազյանի միջեւ վեճ է սկսվել: Այվազյանը բացատրել է եւ ասել, որ այդ տոնով իր հետ չխոսեն… Արթուր Այվազյանը նախ առաջարկել է, որ զանգեն Սասուն Միքայելյանին, որին վաղուց ճանաչում է: Զանգահարել են Սասուն Միքայելյանին, սակայն զանգին պատասխան չի եղել: Ասել է՝ Նիկոլ Փաշինյանն էլ է ինձ ճանաչում, իրեն էլ զանգահարեք՝ այս կերպ փորձելով հանդարտեցնել այդ տղաներին: Նրանք զանգահարել են Նիկոլ Փաշինյանին, թե ինչ են խոսել, Արթուր Այվազյանին հայտնի չէ, սակայն արդյունքում ավելի ագրեսիվ մոտեցել են ու կռիվ են սկսել: Տղաներից մեկը գնացել, մտել է մեքենայի մեջ, եւ Արթուրը տեսել է, որ նա զենքի նման մի բան է վերցնում:
Այդ ժամանակ Արթուրը եկել է, որ մեքենայի դուռը բացի, թույլ չտա, որ նա զենքով դուրս գա մեքենայից, բայց այդ տղան մեքենան արագ քշել է, եւ Արթուրի մատները մնացել են մեքենայի բռնակի մեջ, նա չի կարողացել ազատվել, եւ մի քանի մետր մեքենան իրեն ասֆալտով քարշ է տվել… հետո մի կերպ կարողացել է ազատվել, այդ տղաները թողել, հեռացել են»:

Ի՞նչ ցուցմունք են տվել
«Ելք»-ի անդամները
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե «Ելք» դաշինքի անդամները ինչ ցուցմունք են տվել իրավապահներին: «Ելք» դաշինքի շտաբի պետ Հայկ Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեում ցուցմունք է տվել այն մասին, որ մարտի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 9 հոգով գտնվել են Մալաթիա վարչական շրջանի Անդրանիկի 53 շենքում եւ «Ելք» դաշինքի թռուցիկներն են բաժանել: Երբ որոշել են հեռանալ բակից, նկատել են, որ մեքենայի ամրացված դրոշը չկա, եւ հետաքրքրվել են, թե ով է տարել: Բակում հավաքված մարդիկ ցույց են տվել Արթուր Այվազյանին: Հայկը իրավապահներին ասել է, որ անձամբ մոտեցել է Արթուր Այվազյանին եւ խնդրել է դրոշը հետ վերադարձնել: Սակայն Այվազյանն ագրեսիվ կերպով ասել է, թե ինչու են դրոշը քարոզչության համար օգտագործում, այն ինքը տարել, դրել է ընկերոջ գերեզմանին:
Հայկը պատմել է, որ իր ու Արթուր Այվազյանի միջեւ սկսվել է տհաճ խոսակցություն, որից հետո Արթուր Այվազյանը առաջինը ինքն է հարվածել իրեն, ինքն ընկել է գետնին, ինչից հետո իր ձեռքում եղած իրերը շպրտել է Արթուր Այվազյանի ուղղությամբ:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Հայկ Սարգսյանին հարցրել են, թե արդյո՞ք Արթուր Այվազյանն առաջարկել է իրենց զանգահարել Սասուն Միքայելյանին, սակայն Միքայելյանը չի պատասխանել հեռախոսազանգերին: Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը ասել է, թե Արթուր Այվազյանն ինքն է անձամբ ասել, որ կզանգի Սասուն Միքայելյանին եւ հանելով հեռախոսը՝ որեւէ տեղ չի զանգահարել: «Ելք»-ի անդամներից որեւէ մեկն այդ պահին չի զանգահարել Սասուն Միքայելյանին:
Քննիչները կրկին հարց են տվել Հայկ Սարգսյանին, թե արդյո՞ք Մանախի առաջարկով զանգահարել եք Նիկոլ Փաշինյանին ու զրուցելով նրա հետ՝ ավելի ագրեսիվ եկել ու շարունակել եք կռիվը: Հայկ Սարգսյանը նշել է, թե Նիկոլ Փաշինյանին զանգահարելու եւ նրա հետ խոսելու մասին անգամ խոսակցություն չի էլ եղել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իր ցուցմունքում Հայկ Սարգսյանը նշել է, թե զենքն անձամբ իր մոտից հանել է Արթուր Այվազյանը, որն էլ «Ելք»-ի անդամներից Գառնիկը կարողացել է վերցնել` վնասազերծելով Մանախին: Ու երբ վիճաբանությունից հետո իրենք որոշել են հեռանալ տարածքից, Արթուր Այվազյանը կախվել է մեքենայից եւ ամեն ինչ արել՝ Հայկին մեքենայից դուրս հանելու եւ կռիվը շարունակելու համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ օրը Մանախի հետ եղել են եւս 3 հոգի:
Մեզ հայտնի դարձավ, որ «Ելք»-ի անդամների եւ Մանախի միջեւ առերեսում դեռեւս չի եղել: Մեզ միայն հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում օրերս նշանակված է եղել ճանաչման գործընթացը, ինչն այդպես էլ չի կայացել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՊՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրականցված խարդախության դեպքերով շարունակվում են իրավապահների կողմից հարուցվել քրեական գործեր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի վաշտի հրամանատար, կոչումով կապիտան Արման Գալստյանը՝ տեղյակ լինելով, որ բնակության վայրից հեռու վարձակալությամբ բնակվող ՀՀ ՊՆ զինծառայողներին ՀՀ կառավարության որոշմամբ տրվում է դրամական փոխհատուցում, խեղաթյուրելով իրականությունը, 2012թ. հունվարին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարին` միջնորդելու ՀՀ ՊՆ-ից բնակվարձի փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Ահա այսպես՝ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2016թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ յուրաքանչյուր տարվա համար ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկանք՝ ՀՀ ՊՆ-ից հափշտակել է Երեւան քաղաքում բնակվելու համար նախատեսված 1 միլիոն 550 հազար 400 դրամ գումարը:
Պարզեցինք, որ Արման Գալստյանին այս արարքի համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Ի դեպ, հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Հավելենք, որ հրամանատար Գալստյանը նախկինում եւս դատպարտված է եղել:

 

 

ԱԶԱՏ ՊԱՏԻԺ
ՀՀ վերաքննիչ դատարանը մեղմացրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների նկատմամբ հրապարակված դատավճիռը:
Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչված տեղում նախկին մարզպետի ազգականները ծեծի էին ենթարկել Զաքարյան եղբայրներին, ինչի համար նախկին մարզպետի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը, եւ Շահում Դավթյանը դատապարտվել էին 6 ամսվա ազատազրկման, իսկ եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, եւ Դերենիկ Հակոբյանը` 1 տարվա ազատազրկման: Նախկին մարզպետի մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, Յուրի Մանուչարյանը, որը նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից է, 4,5 տարվա ազատազրկման:
Սակայն նրանք, չհամակերպվելով իրականության հետ, կայացված որոշումը բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ դատարանում, որպեսզի իրենց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվի:
Եւ ահա օրերս ՀՀ վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է նրանց բողոքը եւ միայն Շահում Դավթյանի եւ Սեյրան Խաչատրյանի մասով է որոշում կայացրել՝ նրանց պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ ԱՆ պրոբացիոն ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման վրա: Ասել է, թե նախկին մարզպետի ազգականներից շատերը դեռեւս կշարունակեն կրել իրենց պատիժը, բայց, ըստ էության, ազատության մեջ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԻՆՉ ԱՆԵԼ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՀԵՏ
Առաջիկա օրերին Ժիրայր Սէֆիլյանի գործը կուղարկվի դատարան: Նախաքննության ընթացքում մեղադրյալն առավելագույնը մեկ տարի կարող է անցկացնել անազատության մեջ, ուստի մինչեւ մայիսի 20-ը ընդդիմադիր առաջնորդը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ մեկնարկի գործով բուն դատավարությունը, եւ տեղում որոշվի՝ Սէֆիլյանը մնո՞ւմ է կալանքի տակ, թե՞ ոչ: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի ապացուցվել Սէֆիլյանին առաջադրված մեղադրանքներից որեւէ մեկը, օրինակ՝ որ զենք, ռազմամթերք է ձեռք բերել, փոխադրել: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ժիրայր Սէֆիլյանը ծրագրել է նաեւ շենք-շինություններ զավթել, գրավել Նորքի հեռուստաաշտարակը եւ մի զորամաս. «Հեռուստաաշտարակի մասին բոլոր այդ ցուցմունքներում, որ ասում են այդ երկու անձինք, խոսքը գնացել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ի մասին: Դեկտեմբերի 1-ը անցել է, եւ Ժիրայր Սէֆիլյանին 2016 թվականի հունիսին են ձերբակալել»,- նկատել է փաստաբանը: Թեեւ իրավապահները որոշել էին Սէֆիլյանի գործը քննել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանական գնդի գրավման գործի հետ, այդուհանդերձ, դրանք հիմա նորից առանձնացվել են:

 

 

ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Աջափնյակ շրջանի վարչական դատարանը վարույթ է ընդունել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ու Դանիել Իոաննիսյանի դեմ հայցերը: Հիշեցնենք, որ դպրոցների 30 տնօրեններ կազմակերպությունից ու Իոաննիսյանից հերքում եւ 60 միլիոն դրամ են պահանջում։ Առաջին նիստերը կկայանան հուլիսին։ Դատարանում քաղհասարակության ներկայացուցչին կպաշտպանի 7 հոգանոց փաստաբանական խումբը։ Իոաննիսյանը վստահ է, որ հաղթելու են գործը։ Հօգուտ իրեն դատարանը մեկ որոշում արդեն կայացրել է՝ մերժելով նրա գույքի նկատմամբ արգելանք դնելու տնօրենների պահանջը. «Միջնորդել էին ամեն հայցով, որ երկուական միլիոնի չափով կալանք դրվի մեր հաշիվներին, բայց դատարանները չեն բավարարել այդ միջնորդությունները»,- «Ազատությանն» ասել է իրավապաշտպանը:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՔԾ հաղորդմամբ՝ 2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու եւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ պարզվել է, որ Երեւանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը` 02.04.2017 թվականին, Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց նկատելով ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանին՝ մոտեցել է նրան եւ պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն վերջինս շարունակել է իրականացնել իր լիազորությունները: Այդ ընթացքում Կոկոլյանը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել եւ բռնություն է գործադրել Շողիկ Գալստյանի նկատմամբ: Այսպիսով՝ Շողիկ Գալստյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:




Լրահոս