Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու նպատակով Մալթա մեկնած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողների հետ զրույցում խոսել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին:
Ինչպես իրազեկում է թուրքական «Yeniakit» թերթի կայքը, Ստոլտենբերգը, անդրադառնալով Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած ձերբակալություններին, ասել է. «Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանել և ձախողված հեղաշրջման փորձի ետևում կանգնածներին պատասխանատվության ենթարկել: Սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում և օրենքի գերակայության պայմաններում: Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի նկատմամբ»:
Թուրքական աղբյուրը Ստոլտենբերգի այս հայտարարությունը բնութագրում է որպես «սկանդալային»:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին և ԱՄՆ-ի իշխանություններից պահանջում արտահանձնել նրան Թուրքիային: