ՈՎՔԵՐ ԵՆ «ՕՐԻՆԱԽԱԽՏ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 13-ին հինգերորդ գումարման խորհրդարանն ավարտեց իր աշխատանքները: Մինչ կորոշվի, թե երբ կսկսի իր աշխատանքները վեցերորդ գումարման խորհրդարանը, փորձենք ամփոփել նախորդի աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթն այսօր կներկայացնի 5-րդ գումարման խորհրդարանի հետ իր գործունեությունը սկսած Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության արդյունքները:

Ինչպես արդեն նշեցինք՝ էթիկայի հանձնաժողովն առաջին անգամ իր գործունեությունը սկսել է հենց հինգերորդ գումարման խորհրդարանում: Ընդ որում, Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ առաջին անգամ կանոնակարգման առարկա դարձավ պատգամավորների էթիկական վարքագիծը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվեցին էթիկայի կանոնները, պարտականություններն ու սահմանափակումները շահերի բախման համատեքստում:
Parliamentmonitoring.am-ի հրապարակած զեկույցն ուսումնասիրելով՝ տեղեկանում ենք, որ տասը նստաշրջանների ընթացքում հանձնաժողովն անցկացրել է 51 նիստ, ստացել է 32 դիմում, որից 17 դիմում վարույթ չի ընդունվել, 5 դիմումի քննություն կարճվել է, իսկ վարույթ ընդունված 1 քննություն՝ կասեցվել: Այս տարիների ընթացքում հանձնաժողովը յոթ անգամ է էթիկայի կանոնների խախտում արձանագրել: Այս որոշումներից երեքը վերաբերել է Առաքել Մովսիսյանին, երկուսը՝ Մհեր Սեդրակյանին, մեկն էլ՝ Սամվել Ալեքսանյանին: Մեկ այլ որոշմամբ էլ էթիկայի կանոնների խախտում է արձնագարվել ուրիշի փոխարեն քվեարկած միանգամից յոթ պատգամավորների՝ Սպարտակ Մելիքյանի, Համլետ Հարությունյանի, Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Սարիբեկյանի, Արշակ Մխիթարյանի եւ Բազմասեր Առաքելյանի վերաբերյալ:
Սամվել Ալեքսանյանին վերաբերող առաջին որոշումը վերաբերում էր Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ Ալեքսանյանը դիմումատու Վարդգես Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը: Ըստ այդմ, էթիկայի հանձնաժողովը որոշել էր, որ Ալեքսանյանը խախտել է պատգամավորի էթիկայի վարքականոնը: Իսկ ահա Մհեր Սեդրակյանի վերաբերյալ առաջին որոշումը վերաբերել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության դիմումին, որով հանձնաժողովը որոշել էր՝ պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը՝ սպառնալով պոկել խորհրդարանում իրեն հարց ուղղած լրագրողի ծնոտը: Նույն պատգամավորի հետ կապված երկրորդ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով «Նորմալ լրագրողի հետ կխոսեմ» վերնագրով տեսանյութը, որով դիմումատուները պնդում էին, որ Սեդրակյանը հայհոյել է լրագրողին, սակայն հանձնաժողովը որոշել է, որ Սեդրակյանը ոչ թե խախտել է էթիկայի կանոնները, այլ հարգալից չի եղել «այն անձանց նկատմամբ, ում հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս»:
Աժ ամենասկանդալային պատգամավորներից Առաքել Մովսիսյանին վերաբերող առաջին որոշումը կայացվել է լրագրողների դիմումի հիման վրա, իսկ քննության առարկա է եղել 2013 թվականին գազային համաձայնագրերի վավերացման ընթացքում գրանցված միջադեպը, երբ պատգամավորը, նկատի ունենալով դահլիճ մտած լրագրողներին, ասել էր. «Էս կապիկներին դուրս արեք ստուց»: Դիմումի քննության ընթացքում հանձնաժողովը որոշել էր, որ պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը: Մեկ այլ դիմումի հիմք էր հանդիսացել լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցը, որի ժամանակ պատգամավորը հնչեցրել էր սպառնալիքի կոչեր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ նրա ընտանիքին քննադատողներին: Հանձնաժողովը որոշել էր, որ Մովսիսյանի արտահայտություններն էմոցիոնալ բնույթի են եղել, վերացական եւ որեւէ կոնկրետ անձի նկատմամբ իրական սպառնալիք չեն պարունակել: Սակայն հանձնաժողովը որոշել էր, որ միեւնույն ժամանակ Մովսիսյանը դրսեւորել է պատգամավորին ոչ վայել վարքագիծ: Առաքել Մովսիսյանին վերաբերող երրորդ որոշումը հանձնաժողովը կայացրել է ուրիշի փոխարեն քվեարկելու հիմքով:
Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում կարճել է պատգամավորներ Միքայել Մելքումյանին, Նաիրա Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանին, Շուշան Պետրոսյանին, Մանվել Բադեյանին վերաբերող դիմումների քննությունը: Իսկ տասը նստաշրջանի ընթացքում էթիկայի հանձնաժողովը կին պատգամավորների վերաբերյալ ստացել է երեք դիմում: Դրանք վերաբերել են ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանին, Շուշան Պետրոսյանին եւ Նաիրա Կարապետյանին: Նաղդալյանին վերաբերող դիմումը վարույթ չի ընդունվել, իսկ մյուս երկուսի քննությունը կարճվել է:
Հավելենք, որ յուրաքանչյուր նստաշրջանի մեկնարկին ձեւավորվում է էթիկայի հանձնաժողովի կազմ՝ ԱԺ խմբակցությունների առաջադրած թեկնածուներից՝ հիմք ընդունելով ԱԺ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների թիվն ու հարաբերակցությունը: Հանձնաժողովում հաջորդաբար նախագահում են ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունների ներկայացուցիչները: Հինգերորդ գումարման ընթացքում մեկ անգամ էթիկայի հանձնաժողովը ղեկավարել է ՀԱԿ խմբակցությունը. վեց անգամ՝ ՀՀԿ-ն, երկու անգամ՝ ԲՀԿ-ն: ՀԱԿ-ը երեք նստաշրջանից հետո բոյկոտել է հանձնաժողովի աշխատանքները եւ ներկայացված չի եղել: Սովորաբար էթիկայի հանձնաժողովի որոշումները գրավոր բաժանվում են պատգամավորներին եւ միայն Նիկոլ Փաշինյանն է հանձնաժողովի եզրակացությունը հրապարակել ԱԺ ամբիոնից:
Հավելենք, որ հնգամյա գործունեության ընթացքում արձանագրվել է Էթիկայի հանձնաժողովի նկատմամբ վստահության անկման հաստատուն միտում: Դրա վկայությունը կարող ենք համարել նստաշրջանից նստաշրջան հասարակական շրջանակներից ստացված դիմումների նվազման կայուն ընթացքը, ինչպես նաեւ այն իրողությունը, որ պատգամավորների կողմից ընդամենը երեք դիմում է ներկայացված եղել: Թվային տվյալները եւս ասվածի վառ ապացույցն են. երկրորդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը ստացել է տասներեք դիմում, երրորդ նստաշրջանում՝ վեց, չորրորդում՝ երկու, իսկ հինգերորդում՝ երեք դիմում: Վեցերորդ եւ ութերորդ նստաշրջաններում հանձնաժողովը մեկական դիմումներ է ստացել, իսկ յոթերորդ նստաշրջանում գրանցել է աննախադեպ պարապուրդի ռեկորդային ցուցանիշ. ոչ մի դիմում չի ստացել, նիստ չի հրավիրել, որոշում չի կայացրել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ՁՐԻԱԿԵՐՆԵՐԻ ՓՈՒՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ գերատեսչություններում, այդ թվում եւ մարզպետարաններում, քաղաքապետարաններում գործում է ներքին աուդիտի բաժին: Այդ բաժնի աշխատակիցները հաշվապահական վերահսկողություն են իրականացնում իրենց ղեկավարների վրա «կեղտ բռնելու» թաքուն ձգտումով:

Նկատենք, որ պետական միջոցներից հսկայական գումարներ են հատկացվում ներքին աուդիտի բաժինը պահելու, աշխատակիցներին աշխատավարձ տալու նպատակով: Սակայն հանրության համար այդպես էլ թափանցիկ չէ դրանց աշխատանքը, առավելեւս՝ արդյունքը: Այս պատճառով դժվար է հավատալ, եւ անհասկանալի է՝ ներքին աուդիտի բաժինները պետական գերատեսչություններում արդյունավե՞տ են աշխատում, թե՞ ոչ:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այդ բաժինը օպտիմալացնելու արդյունքում հնարավոր կլինի հսկայական խնայողություններ անել եւ պետական ապարատի ծախսերը կրճատել: «Կառավարման առկա համակարգի պայմաններում բավական բարդ է ցանկալի արդյունքի հասնել, քանի որ ամբողջ համակարգը մեկ միասնական մարմին է: Չկան զսպումների եւ հակակշիռների համակարգեր: Միեւնույն ժամանակ բացակայում են թերությունների, խախտումների բացահայտմանը հաջորդող քայլերը, մինչդեռ պետք է պատժվեն մեղավորները»,- նկատեց մասնագետը` ընդգծելով, որ վերահսկող կառույցների մոտ չկան պատժելու ֆունկցիաներ: «Օրինակ՝ նույն վերահսկիչ պալատի հաշվետվություններում առկա բազմաթիվ խախտումները իրավապահ մարմինների կողմից մնում են անպատիժ: Մինչդեռ օրենքով պետք է տրվի առավելագույն անկախություն եւ պատիժ սահմանելու հնարավորություն»,- լրացրեց Առաքելյանը:
Տեղեկացնենք, որ գերատեսչության ղեկավարը, որը իր ենթակայության տակ գտնվող ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին հրահանգում է ստուգել մյուս բաժինների աշխատանքները, միաժամանակ պետք է ստեղծի նաեւ պայմաններ՝ ներքին աուդիտորի անկախությունն ապահովելու նպատակով: Չէ որ հնարավոր է, որ ներքին աուդիտի բաժինը, օրինակ, նույն գերատեսչության ֆինանսական վարչությունում ստուգումներ իրականացնի, բայց թաքցնի կոռուպցիոն դրսեւորումները:
Անկախությունը ներքին աուդիտորին թույլ է տալիս կատարել անկողմնակալ եւ անաչառ դատողություններ, որոնք կարեւոր են առաջադրանքների պատշաճ կատարման համար: Ավելին՝ ներքին աուդիտորների օբյեկտիվությունը պարտադրում է անկեղծ եւ շահերի բախումից զերծ մոտեցում: Արդյոք սա ապահովված է, թե ոչ, դժվար է ասել: Իսկ ՀՀ գերատեսչությունները շարունակում են մնալ ուռճացված եւ աշխատանքով չծանրաբեռնված անձանցով: Եւ չնայած սրան՝ նրանք աշխատավարձ ստանում են մեր՝ հարկատուներիս հաշվին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՏԱՎՈՒՇԻՑ՝ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԾՐԱԳԻՐ
2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վարչապետ Կարեն Կարապետյանի մարզեր կատարած այցելությունների արդյունքում ձեւավորվել է ներդրումային ծրագրերի մշակման եւ ներկայացման գործընթաց: Ներդնողների կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն են ներկայացվել թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող 140 ներդրումային ծրագրերի հայտեր: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ առավել իրատեսական 11 ծրագիր 2017թ. փետրվարի 21-ին ներդրողների մասնակցությամբ քննարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ: Այդ քննարկումների արդյունքներով, տրված հանձնարարականների արդյունքներով 2 ծրագիր ֆինանսավորվել է, մյուս 9 ծրագրի վերաբերյալ ընթանում են ֆինանսավորման հետ կապված քննարկումներ: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ ֆինանսավորված ծրագրերից մեկը Տավուշի մարզից է: «Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով 2017թ. մարտի 14-ին կնքված պայմանագրով ելակի արտադրության համար տրամադրվել է 10 միլիոն դրամ վարկ՝ տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Բազմաբերք ելակն աճեցվում է Իջեւան քաղաքում, գործարար Մհեր Խաչատրյանի կողմից: 2017թ. մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանի, նախարարներ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Ամիրյանի նախընտրական այցի ժամանակ Իջեւան քաղաքի Շատրվանների հրապարակում կառուցված ժամանակավոր հարթակի վրա ելույթ ունեցող վարչապետի թիկունքին, մեծ պաստառի վրա գրված էր. «Տավուշի մարզ, 2017թ., 27 միլիոն դոլար ներդրում, 900 աշխատատեղ»: 2017 թվականը շուտով կկիսվի, սակայն կառավարության կողմից Տավուշում ֆինանսավորվել է միայն ելակի աճեցման ծրագիրը: Սահմանամերձ մարզում մնացած ֆինանսական ներդրումները եւ աշխատատեղերի ստեղծումը ո՞վ եւ ե՞րբ կիրականացնի:

 

 

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԱՅԾՅԱՄ Է ՈՐՍԱՑԵԼ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ շարունակվում է Վիգեն Այդինյանի դատավարությունը: Վերջինս հանդիսանալով «ՀՀ որսորդների եւ ձկնորսների միություն» ՀԿ անդամ՝ 2016թ. հոկտեմբերի 26-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Գոշի տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածքում իր անվամբ գրանցված ՄՍ-12 որսորդական ողորկափող հրացանով ապօրինի որսացել է այծյամ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Վ. Այդինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս