Ապրիլի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի հերթական 11-րդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նիստը վարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը: Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք և փորձագետներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից:
Կարևորելով նման մասնագիտական մակարդակով հանդիպումների պարբերաբար կազմակերպումը` նախարար Վարդան Արամյանը նշել է. «Բնական է, որ որպես նորաստեղծ միջազգային տնտեսական կազմակերպություն՝ ԵԱՏՄ տարածքում պետք է ծագեն կարգավորման ենթակա բազմաթիվ խնդիրներ, և հենց նման տիպի հարթակներն ու հանդիպումներն են, որ հնարավորություն են տալիս հնարավորինս արագ արձագանքել, քննարկել և կարգավորել առկա խնդիրները»:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելվածում փոփոխությունների կատարմանը, փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի հավաքագրման սկզբունքներին, հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը, փոխադարձ առևտրի դյուրացմանը և ընթացակարգերի պարզեցմանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հարկման հայեցակարգի ձևավորմանն առնչվող հարցերը:
Կողմերի համաձայնությամբ որոշվել է խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստն անցկացնել սույն թվականի սեպտեմբեր ամսին: