ՀՀԿ-Ն ԻՄԻՏԱՑԻԱ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից մեկնարկում է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը. հիշեցնենք, որ այս ընտրություններում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքը, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Նոր Սահմանադրության պարագայում խորհրդարանական ընտրություններից հետո Երեւանի ավագանու ընտրություններն իրենց կարեւորությամբ կարելի է համարել երկրորդը, առավել եւս, որ մայրաքաղաքում է կենտրոնացած երկրի բնակչության զգալի հատվածը:
Եւ ահա այս ընտրություններում եւս իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործի դնել վարչական ողջ ռեսուրսները՝ ցանկալի արդյունքներ գրանցելու համար: Պատահական չէ, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական շրջանում արձակուրդ չի մեկնի, այլ ինչպես որոշել են ՀՀԿ երեկվա ԳՄ նիստի ժամանակ, քարոզչությունն անելու են ոչ աշխատանքային ժամերին՝ 18.00-ից հետո: Բայց սա ինքներդ եք հասկանում, որ ասվում է ձեւական՝ ընդամենը տպավորություն ստեղծելու համար, թե իրենք պահպանում են օրենքը: Բայց իրականում բոլորը գիտեն, որ քաղաքապետարանն ու վերջինիս ենթակայության տակ գտնվող հիմնարկները հատկապես այս օրերին ամբողջովին զբաղվելու են ընտրություններով՝ ցուցակներ հավաքագրել, մարդկանց վրա ազդել, համոզել ՀՀԿ օգտին քվեարկել, հարկ եղած դեպքում՝ արտոնություններ տալ, եւ այսպես շարունակ: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե մոտ 460 ենթաշտաբ է գործելու. հետաքրքիր է՝ եթե Տարոն Մարգարյանն իրեն համարում է սիրված եւ ընդունված քաղաքապետ, ի՞նչ իմաստ ունի այդքան ենթաշտաբ բացելը: Թեեւ իրականում այս ենթաշտաբներն ընտրողներին կաշառելու եւ ահաբեկելու համար ստեղծված կառույցներ են, որոնք գործելու են ընտրությունների օրը:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավը սկսեց օրենքի խախտմամբ. չնայած քարոզարշավն այսօվանից է սկսում, սակայն երեկվանից արդեն փակցված էին նրա քարոզչական պաստառները:

 

 

 
Կոալիցիա կազմելու վերաբերյալ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել: Եւ երեկ «Ժողովուրդ»-ը ՀՅԴ ԳՄ անդամներից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ շուրջ են բանակցում, պորտֆելների ավելացմա՞ն, թե՞ կան այլ խնդիրներ: «Այդ մասին ես շատ տեղեկացված չեմ, քաղաքական մարդկանց հետ քննարկեք այդ հարցերը»,- եղավ պատասխանը: Քանի որ օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել էր, թե ՀՅԴ-ի հետ կոալիցիան անհրաժեշտ է, քանի որ մի շարք կարեւորագույն օրենքների ընդունման համար պահանջվում է պատգամավորների 3/5-րդի աջակցությունը, Լոքյանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե ՀՅԴ-ն միջոց է դառնում: «Դաշնակցությունը չի կարող միջոց լինել: Կառավարման հսկայական փոփոխությունների դաշտ ենք մտել, այդ փոփոխությունների հիմնական ջատագովը եղել է ՀՅԴ-ն ու ՀՅԴ-ն մասնակցում է պետական կառավարմանը խորհրդարանում եւ կառավարությունում, որպեսզի այդ փոփոխությունները տանի մեր ցանկալի ուղղություններով»,- ասաց նա:

 

 

 
Նախօրեին Սերժ Սարգսյանն այցելել էր «Սպայկա» ընկերություն, որի բաժնետերերից մեկն էլ իր փեսան է՝ Միքայել Մինասյանը: Այս այցը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. «Սպայկա» ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսությունը տարեկան արտադրում է մոտ 15 հազար տոննա լոլիկ եւ վարունգ, եւ նրանք այս տարվա ընթացքում նախատեսում են եւս 20 հա ջերմոց կառուցել եւ ավելացնել արտադրության ծավալները: Այս ամենի արդյունքում այն գյուղացիական տնտեսությունները, որոնք համագործակցում էին «Սպայկա» ընկերության հետ (նրանք, որոնցից ընկերությունը լոլիկ ու վարունգ է մթերել եւ արտահանել), իրացման խնդրի առաջ են կանգնելու: Արդյունքում չեն կարողանալու իրենց ապրանքը վաճառել, քանի որ արտահանող ընկերությունն արտադրելու է, եւ, բնականաբար, իրենն էլ կարտահանի: Բացի այս՝ առկա է եւս մեկ խնդիր. «Սպայկա» եւ «Գրինհաուզ» ընկերությունների ջերմոցային տնտեսությունները այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում: Ստացվում է, որ Ս. Սարգսյանը պարզապես նպաստում է բնական մենաշնորհի ստեղծմանը:

 

 

 
Պաշտոնական վիճակագրությունը կրկին գործի է դրել թվանկարչական հմտությունները: Եւ այսպես՝ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.6 տոկոս է կազմել. հիմնական աճը եղել է արդյունաբերության ոլորտում՝ 16.1 տոկոս, նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 9.3 տոկոս: Իսկ ահա գյուղատնտեսական արտադրության ծավալները նվազել են 1.5 տոկոսով, շինարարությունը՝ 13.6 տոկոսով: Միաժամանակ ներքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 11.3, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Այս տարի եւս ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներին. ներմուծման ոլորտում աճը կազմել է 17.9, արտահանման ոլորտում՝ 16.5 տոկոս: Ի դեպ, այս թվերը տոկոսային հարաբերությամբ առաջին հայացքից բավական խոսուն են թվում, բայց երբ նկատի ենք ունենում նախորդ տարիներին գրանցված լուրջ անկումները, ապա աճը դեռ երկար պետք է շարունակվի, որ հասնի միջճգնաժամային վիճակին:

 

 

 
ԱՂԲԱՀԱՎԱՔ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում անդրադարձել է մի խնդրի, որը վաղուց արդեն լուծում էր պահանջում: Կառավարության ղեկավարը հայտարարել է «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի մասին, եւ դրա շրջանակներում մի շարք հանձնարարականներ տվել գերատեսչությունների ղեկավարներին: Մասնավորապես արդարադատության նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել առաջարկություն՝ աղբահանության եւ սանիտարամաքրման ոլորտում իրավախախտումների համար հստակ պատասխանատվության նորմեր սահմանելու, նախատեսված վարչական տույժերը խստացնելու ու ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Գործադիր մարմնի ղեկավարներին էլ հանձնարարվել է երկամսյա ժամկետում միջոցառումներ իրականացնել՝ նրանց ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության ու սանիտարական խնդիրների վերացման ուղղությամբ՝ մշակելով աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ: Իսկ ահա ոստիկանապետին էլ վարչապետը հանձնարարել է մեկամսյա ժամկետում ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ուժերով կանխել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը: «Անթույլատրելի վիճակ է: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել զբոսաշրջության վայրերին: Սեւանի եկեղեցու տարածքում եւ ճանապարհներին այնպիսի վիճակ է, որ ավելի լավ է այնտեղ զբոսաշրջիկ չտանել: Պետք է մաքսիմալ կոշտ լինել»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Ինչ խոսք, կառավարության ղեկավարի այս հանձնարարականները ավելի քան տեղին են: Զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություններ ունեցող մեր երկրում, ի թիվս տասնյակ այլ խնդիրների, ենթակառուցվածքների, համապատասխան սերվիսի, անգամ զուգարանների բացակայության, զբոսաշրջիկների համար չափազանց վանող գործոն է աղտոտվածությունը: Սակայն զբոսաշրջային գրավչության բարձրացման կարեւոր խնդրից զատ՝ «մաքուր Հայաստան» ծրագրի իրագործումը կարեւոր է նախ եւ առաջ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար: Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ պետք է ասենք մեր հստակ եւ վճռական այո-ն վարչապետի այս ձեռնարկին՝ հույս հայտնելով, որ դրա իրականացման հարցում նա կլինի հետեւողական: Ինչ վերաբերում է երեկվա նրա հրահանգին՝ կարգազանցների հանդեպ լինել կոշտ, պիտի նկատենք, որ չսահմանված վայրերում աղբը թափելու համար քաղաքացիներին տուգանելուց առաջ հարկ է, որ նախ՝ տարվեն համապատասխան իրազեկման աշխատանքներ, ապա եւ՝ հստակ կերպով սահմանվեն ինչպես ներհամայնքային, այնպես էլ արտահամայնքային աղբավայրերը:
Այո՛, մաքրենք Հայաստանն ամեն տեսակ աղբից. սեփական տունը, փողոցը, քաղաքը մաքուր պահող քաղաքացիներն, ի վերջո, կհասնեն նաեւ երկրի քաղաքական դաշտի մաքրմանը:




Լրահոս