ՀՅԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՖՈՒՆԿՑԻԱ ՈՒՆԵՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ զրուցել է օրերս համայնքների 20 ղեկավարներ հետ հանդիպման ժամանակ վարչապետի նախանշած համայնքների զարգացման ծրագրերի, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցոն գործընկերության մասին:

-Պարո՛ն Լոքյան, ինչո՞վ է պայմանավորված վարչապետի այն հայտարարությունը, որ երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները չունենան զարգացման նոր ծրագրեր: Իսկ ի՞նչ եղան համայնքների զարգացման այն ծրագրերը, որոնք ունեին հստակ ֆինանսավորում:
-Մարզերն ունեցել են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, համայնքներն ունեցել են քառամյա զարգացման ծրագիր: Այնտեղ տնտեսական բլոկի հետ կապված խնդիրները կա՛մ չեն արծարծված, կա՛մ ընդհանրապես շատ փոքր ծավալ են զբաղեցրել, այսինքն՝ աշխատանքներ, որով համայնքն իր ֆոնդային բյուջեով, պետության օժանդակությամբ ստեղծում է աշխատատեղեր: Գաղափարախոսությունը դա էր: Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը նախկինում գործել են, ավելի շատ ընթացիկ պրոբլեմներն են դրանք եղել՝ ենթակառուցվածքային, սոցիալական ոլորտի, այսօր արդեն մարզերի նոր ստեղծած ռազմավարության մեջ ընդգծված է մարզի տնտեսական զարգացումը, տեսլականը, տնտեսական գործունեությունը, աշխատատեղերը:
-Վարչապետի խոսքով՝ պետք է ունենալ զարգացման ծրագրեր, որտեղ կլինեն ոչ միայն մանկապարտեզի, տանիքի, այլեւ զբաղվածության խնդիրների լուծման, սեփական եկամուտներն ավելացնելու հստակ քայլեր: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք միշտ զարգացում ասելով՝ նշել, օրինակ, մանկապարտեզների վերանորոգումը կամ կառուցումը:
-Գիտեք ինչ, վարչապետը նկատի ուներ, որ մարզերում, համայնքներում, նույն Երեւան համայնքում այդ ռեսուրսները պետք է օգտագործենք օպտիմալ: Հիմա եթե Դուք փորձեք մեր ուսումնասիրությունների հետ ծանոթանալ, մենք ուսումնասիրում ենք հանրապետության տարածքում մանկապարտեզների խնդիրները, որոնք համայնքային ծառայություն են իրենցից ներկայացնում, Դուք կտեսնեք տարաչափ տարբեր թվով երեխաներ, տարբեր թվով խմբեր, տարբեր հաստիքակազմ եւ այլն, եւ այլն, այս խնդիրները կանոնակարգելու հարցեր ունենք:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ համայնքների զարգացման ծրագրերը մինչ այս արդյունավետ չեն եղել:
-Գիտեք, այդ համայնքային զարգացման ծրագրերն այն մասով, որ կազմվել են, բավականին էլ արդյունավետ են եղել: Կան համայնքներ, որոնք նախկինում չեն ունեցել համայնքապետարաններ, չեն ունեցել մանկապարտեզներ, չեն ունեցել բուժկետեր, այսօր ունեն այդ համայնքները: Այսօրվա դրված խնդիրներն այլ են, զարգացում ապահովելու գրավականը՝ աշխատատեղ, զբաղվածություն ավելացրած արժեք, համայնքային եկամուտների մեծացում, սա է ամբողջ կոնցեպտը:
-Լավ, անդրադառնանք մի քանի քաղաքական հարցերի: Ի՞նչ փուլում են գտնվում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերությունը շարունակելու մասին քննարկումները:
-Տեղյակ չեմ:
-Լուրեր շրջանառվեցին այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն Դաշնակցության հետ կոալիցիա կազմի: Ինչո՞ւ:
-Ես չեմ կարծում: Դաշնակցության նկատմամբ վարչապետն ունի մեծ հարգանք, եւ կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ կլինի:
-Պարո՛ն Լոքյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության անհրաժեշտությանը, նշել է, որ մի շարք կարեւորագույն օրենքների ընդունման համար արդեն կպահանջվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդի աջակցությունը, իսկ դա նշանակում է առնվազն 60 տոկոս ձայն: ՀՀԿ-ն էլ չի կարողանալու միայնակ այդքան ձայն ապահովել: Մի՞թե Դաշնակցությունը, որն ունի դարի պատմություն, այսօր ՀՀԿ-ի որոշումներն ընդունելու համար միջոց է դառնում:
-Դաշնակցությունը չի կարող միջոց լինել: Գիտեք, մենք մեր երկրում կառավարման հսկայական փոփոխությունների դաշտ ենք մտել, այդ փոփոխությունների հիմնական ջատագովը եղել է Դաշնակցությունը եւ Դաշնակցությունը մասնակցում է պետական կառավարմանը խորհրդարանում եւ կառավարությունում, որպեսզի այդ փոփոխությունները տանի մեր ցանկալի ուղղություններով: Երկրորդը՝ ես կարծում եմ, որ Դաշնակցությունը որպես քաղաքական ուժ իր ամբողջ հզորություններով աշխարհում գործող շատ լուրջ ֆակտոր կարող է դառնալ երկրի ֆորմալ տնտեսական զարգացման, ժողովրդավարության տարածման եւ այլ հարցերում: Գիտեք ինչ, կարելի է հակառակ հարցը դնել՝ արդյոք ճիշտ կլիներ անել սահմանադրական փոփոխություններ, գնալ այսպիսի ընտրությունների, կառավարման այսպիսի ձեւի եւ կողքի քաշվել՝ չմասնակցել եւ ասել՝ լավ չէ այդ ամբողջը: Սրանք են հիմնական մեխերը, եւ հետո Դաշնակցությունը կարող է նույն կառավարության ներսում շատ կարեւոր ֆունկցիա ունենալ, կատալիզատորի ֆունկցիա ունենալ, գործընթանցներն արագացնելու, համապատասխան կոլեգաների հետ նորմալ աշխատելու, նորմալ գաղափարներ դնելու:
-Իսկ ի՞նչ քննարկումներ են հիմա ընթանում՝ պորտֆելների ավելացմա՞ն: Չէ՞ որ կա հստակ ստորագրված քաղաքական համաձայնագիր, որում ասվում է երկարաժամկետ գործընկերության մասին:
-Քաղաքական համաձայնագիրը իր մեջ չի ներառում այդպիսի բաներ, այդ մասին ես շատ տեղեկացված չեմ, քաղաքական մարդկանց հետ քննարկեք այդ հարցերը:
-Եւ վերջում՝ Ձեզ կտեսնե՞նք նոր ձեւավորվող կառավարության կազմում:
-Չեմ կարող ասել, դա կորոշի մեր կուսակցությունը:

 

 

 
ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԷԼ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներից շատերը զբաղեցնում են տարբեր պաշտոններ: ՀՀԿ-ի ցուցակում կտեսնեք վարչական շրջանի ղեկավարների, դպրոցի տնօրենների, տարբեր հիմնարկությունների պետերի եւ այլոց: Բնական է, որ ընտրությունների ժամանակ այդպիսի պաշտոնատար անձինք իրենց ենթականներին «ժպիտով» կհրահանգեն ձայներ ապահովել իրենց համար: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ վարչական ռեսուրսի կիրառում: Այս եւ այլ հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանից:

-Պարո՛ն Արեյան, Հայաստանի հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու ցուցակում ընդգրկված են թաղապետեր, փոխքաղաքապետեր, դպրոցի տնօրեններ: Ավագանու այսպիսի ցուցակը թույլ է տալիս ենթադրել, որ այս ընտրությունների ժամանակ եւս օգտագործվելու են վարչական լծակները…
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ:
-Այսինքն՝ Դուք պնդում եք, որ ցուցակում ընդգրծված պաշտոնյաները իրենց ենթականերին չեն հրահանգելու ընտրությունների ժամանակ աշխատել ՀՀԿ-ի համար:
-Ո՛չ, չկա այդպիսի բան:
-Վերջին շրջանում հասարակության, հատկապես վարորդների կողմից անհանգստության պատճառ դարձան Երեւանի տարբեր հատվածներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Ինչո՞ւ հիմա որոշեցիք սկսել այդ աշխատանքները:
-Մեր մասնագիտական թիմը կապալառուների հետ աշխատում է սահմանված նորմատիվներով, գրաֆիկով, ժամանակացույցով եւ իր մասնագիտական գործն է անում, որը որոշակի տեւողություն է պահանջում:
-Ավելի շուտ հնարավո՞ր չէր, որպեսզի տարակարծությունների տեղիք չտայիք, որ ընտրությունների նախաշեմն է, դրա համար էլ սկսել եք գործ անել: Թե՞ սա նախընտրական ասֆալտապատում է:
-Շուտն ու ուշը մասնագիտական աշխատանք է, ունի իր նորմավորված ընթացքը:
-Իսկ ընտրություններից հետո հնարավորություն կունենա՞ք կրկին զբաղեցնել փոխքաղաքապետի պաշտոնը:
-Ես կուսակցական եմ, կորոշի իմ կուսակցությունը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՉԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
Ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետի գործով նախաքննությունը: Նշենք, որ ԱԱԾ-ն վարչության պետ Ա.Ա-ին ձերբակալել էր 2016 թվականի դեկտեմբերի 6-ին շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ պահանջելու պատճառով: Հատկանշական է, սակայն, փաստը, որ այս գործի նախաքննությունը մինչեւ հիմա չի ավարտվել, ու այն չի ուղարկվել դատարան: Սա հազիվ թե պատահականություն լինի, եթե հաշվի առնենք փաստը, որ, օրինակ, Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործի նախաքննությունն ավելի արագ ավարտվեց, ու այն ուղարկվեց դատարան: Միգուցե ԱԱԾ-ում որոշել են սպասել Երեւանի ավագանու ընտրությունների ավարտին, որպեսզի Տարոն Մարգարյանի վարկանիշի վրա լրացուցիչ բիծ չգցեն. չէ՞ որ կաշառք վերցնելու համար ձերբակալվածը Տ.Մարգարյանի ենթականերից էր, հետեւաբար՝ քաղաքապետն առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում եղածի համար:

 

 

 

ԿՊԱՀԱՆՋԻ՞ ՎԱՐՉԱՊԵՏԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով լինելու է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նշված նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Տեղեկացնենք, որ երեկվա դրությամբ այս ՏԶՆՆ այցի հետ կապված պաշտոնական որեւէ հաղորդագրություն չկար կառավարության կայքէջում: Առիթից օգտվելով՝ վարչապետին հուշենք, որ վերջինս նշված նախարարությունում անդրադառնա նաեւ մեր երկրում օր օրի սնանկացող ընկերությունների թվի աճին, ինչը Սուրեն Կարայանին ամենեւին էլ չի հուզում: Ցանկալի է, ինչու ոչ՝ պարտադիր է նաեւ, որ վարչապետը պահանջի իրեն ներկայացնել դեռեւս 2012 թվականին ՀՀ մուտք գործած գերթանկարժեք բիոզուգարանների «ոդիսականը»:

 

 

ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆ
Այսօր տեղի է ունենալու դատավորների միության ժողովը, եւ ընտրվելու է միության նոր ղեկավար կազմ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորների միության նախագահի թեկնածուների մասով դատական համակարգում ներքին խմորումներ են սկսել: Այդ պաշտոնի համար կպայքարեն միության գործող նախագահ Հրաչիկ Սարգսյանը եւ ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը: Արսեն Մկրտչյանի մասնակցությունը դատական համակարգում տարբեր քննարկումների առիթ է տվել, թե նա դատավորների միության խորհրդի անդամ է, ինչ է արել այդ ընթացքում, որ հիմա էլ նշանակվի նախագահ: Իսկ դատավորներից շատերն էլ դրական տեսակետ են հայտնել: Իսկ թե ով կլինի դատարանների միության նախագահ, պարզ կլինի այսօր 21:00-ի սահմաններում:




Լրահոս