ՈՂՆԱՇԱՐՆԵՐԸ ՋԱՐԴԵԼՈՒ ՊՐՈՑԵՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում թիվ 2 ընտրատարածքում առաջադրված նախկին պատգամավորի թեկնածու, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, անդրադառնալով իր եւ վարչապետի միջեւ լարված խոսակցություններին, փառք տվեց Աստծուն, որ իր եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները աշխատանքային են:

-Պարո՛ն Սահակյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարության նիստում Ձեր եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ տհաճ խոսակցություններ են ծավալվում: Ի՞նչ է կատարվում:
-Դա ընդամենը Ձեր ենթադրությունն է, ընդամենը աշխատանք է:
-Վստահ ե՞ք:
-Դա ընդամենը աշխատանքային ընթացք է, եւ, Փառք Աստծո, իմ հարաբերությունները երկրի վարչապետի հետ շատ դրական եւ աշխատանքային հարաբերություններ են:
-Մեզ հասած տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը ներքին խոսակցությունների ժամական ասել է, որ Ձեզ չի ուզում տեսնել գործադիրում: Տեղյա՞կ եք այդ խոսակցությունից:
-Իհարկե, ոչ:
-Իսկ Դուք անձամբ որտե՞ղ եք Ձեզ տեսնում՝ գործադիր մարմնո՞ւմ, թե՞ օրենսդիր:
-Եթե մարդը քաղաքականությամբ է զբաղվում, ապա պետք է ենթարկվի քաղաքական թիմի որոշումներին, ես ինձ տեսնում եմ ե՛ւ գործադիրում, ե՛ւ օրենսդիրում: Քաղաքական թիմը ինչպես կորոշի, այնպես էլ կանեմ:
-Ապրիլի 13-ին հրապարակվեց մի աղմկալի ձայնագրություն, որտեղ բացահայտվեց, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանին` ՍԱՍ-ի Արտակին, պատկանող «ՍԱՍ» գրուպում ընտրություններից առաջ ժողով է եղել, եւ մարդկանց սպառնացել են, թե ինչու ձայն չեն բերել: Լսե՞լ եք ձայնագրությունը եւ, առհասարակ, ի՞նչ կասեք այս երեւույթի մասին:
-Անկեղծորեն եմ ասում, ձայնագրությունը չեմ լսել, բայց ենթադրում եմ, որ աղմուկը քիչ չէ, եւ դրանով համապատասխան մարմիններն են հետաքրքրված: Եթե այդտեղ կա որոշակիորեն օրենքի խախտում, ապա համապատասխան մարմինները կհայտարարեն դրա մասին: Բայց եթե մարդը իր թիմի հետ քննարկում է ընտրությունները, դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Նորից եմ կրկնում, ձայնագրությունը չեմ լսել, թե ինչ հարցեր են քննարկել, բայց եթե մարդն իր աշխատակիցների հետ օրենքով սահմանված կարգով խոսում է ընտրություններից, կարծում եմ, որ վատ բան չկա:
-Ընտրություններից խոսելն այլ բան է, աշխատակիցներին սպառնալը միանգամայն այլ բան, ձայնագրության մեջ կոնկրետ հնչում է այն արտահայտությունը, որ ձայն չբերողների համար վատ կլինի: Սա՞ էլ եք նորմալ համարում:
-Չեմ լսել, դա Դուք եք ինձ ասում:
-Իսկ ըստ Ձեզ՝ միայն Արտակ Սարգսյա՞նն է այդպիսի ժողովներ արել, Դուք կամ Ձեր թիմակիցները նման ժողով չե՞ք արել:
-Չեմ կարծում, ինքներդ էլ գիտեք՝ իմ ամբողջ քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների կողմից թիրախավորված էի, բայց այն ժամանակ էլ էի ասել, որ թիրախավորվում են այն պատգամավորության թեկնածուները, որոնք ավելի մեծ ռեյտինգայնություն ունեն, եւ դա ընտրողների շնորհիվ ապացուցեցի, որ երկրորդ ընտրատարածքում ես ամենառեյտինգային պատգամավորի թեկնածուն էի:
-«Իրազեկ քաղաքացիների» միավորում կազմակերպությունը, երբ հետաքննություն էր իրականացրել եւ պարզել էր, թե դպրոցի ու մանկապարտեզի տնօրենները ՀՀԿ-ի համար ձայներ էին հավաքել, այնտեղ նաեւ կային տնօրեններ, որոնք ասել էին, թե քանի ձայն են տարել անձամբ Ձեր շտաբ: Ըստ էության, Դուք էլ եք Արտակ Սարգսյանի մեթոդով աշխատել:
-Տեսեք, ես այդ կարծիքին չեմ, մենք չպետք է հիմա էլ փորձենք թիրախավորել մեր դպրոցի տնօրեններին, մեր մանկավարժներին, ինչո՞ւ, որովհետեւ ցանկացած մարդ, ցանկացած անձ, անկախ ամեն ինչից, թե ինքը ինչ պաշտոն է զբաղեցնում, ինքն իր աշխատանքից հետո հնարավորություն պետք է ունենա իր քաղաքական մտքերը արտահայտելու:
-Բայց կազմակերպությունը դպրոցի տնօրենների հետ խոսել էր ձայների մասին աշխատանքային ժամի:
-Չգիտեմ՝ ով է զանգահարել, բայց ես կրկնում եմ՝ ինձ համար ոչ մեկ չի զանգահարել, ձայներ չի բերել, ես իմ հարգանքի, իմ աշխատանքի շնորհիվ գնահատվել եմ իմ ընտրողների կողմից:
-Իսկ Աջափնյակում մարտի 17-ին «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վահան Կարապետյանի ծեծը ինչի հետեւանք էր. Ձեզ շատ հարգելո՞ւ, եւ, առհասարակ, ինչպե՞ս կբացատրեք, երբ մարդուն ծեծում են, եւ հետո իրավապահներն ասում են, թե նման բան չկա:
-Նորից եմ կրկնում՝ մեր թաղում հիմնականում որեւէ լարվածություն չի եղել, մենք բոլորս՝ ե՛ւ ես, ե՛ւ պարոն Կարապետյանը, ապրում ենք մի վարչական շրջանում, շփվում ենք մեկս մյուսի հետ: Եւս մեկ անգամ ասում եմ, որ բավականին լավ հարաբերություններ ունենք: Մի փոքր միջադեպի պատճառով իմ հարաբերությունները չեն կարող փչանալ մեր գործընկերոջ հետ:
-Խոսե՞լ եք Վահան Կարապետյանի հետ, նա՞ էլ է Ձեզ պես մտածում իրեն ծեծելուց հետո:
-Չենք խոսել, բայց խոսելու բան էլ չկա, ինչ է եղել, որ խոսենք:
-Վահան Կարապետյանը վնասվածք ուներ, մենք ենք տեսել վնասվածքը:
-Դա լրատվամիջոցներին էր պետք, որ Արման Սահակյանն այդպես թիրախավորեին, ու թիրախավորվեցի, եւ Արման Սահակյանը կարողացավ, ունեցավ այն տեղը, որը ունեցավ ամբողջովին:
-Հունվարի 30-ին վարչապետը Ձեզ խորհրդակցության ժամանակ հանձնարարել էր կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում: «Իսկ էն «յառի» պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»: Ո՞ւմ ողնաշարն եք հասցրել ջարդել:
-Իհարկե, վարչապետը փոխաբերական իմաստով է ասել, մենք այդ պրոցեսը սկսել ենք: Ֆինանսատնտեսական մոնիթորինգների հիման վրա մեկ քննարկում արդեն վարչապետի մոտ եղել է, հիմա ճյուղային գերատեսչություններն անհատական, վարչապետի հետ քննարկումների ժամանակ կներկայացնեն իրենց գերատեսչությունների փակ բաժնետիրական ընկերությունների իրավիճակը, զարգացման ծրագրերը, որոնք, ի վերջո, տարվա վերջին պետք է ապահովեն որոշակի շահութաբաժին:
-Կոնկրետ կասեք՝ որեւէ մեկի ողնաշարը ջարդեցի՞ք, թե՞ ոչ:
-Այսպես ասեմ՝ դեռ ոչ, գիտեք, առաջինը աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ոսկերչական գործարանի տնօրենը, հիմա նոր տնօրեն է նշանակված…
-Սա ողնաշարի ջարդելու հայտարարության հետեւա՞նք էր:
-Իհարկե, եթե որեւիցե ընկերություն պետք է չապահովի շահութաբերություն՝ ի նպաստ բյուջեի, ապա այդ ողնաշարները ջարդելու պրոցեսները շարունակական են լինելու:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԹԱԼԱՆՈՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանողը դատապարտվեց ազատազրկմամբ 5 տարի ժամկետով: «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մարտի 22-ին գրել էր, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք եւ գումար: Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, ե՛ւ Կոստանյանը, ե՛ւ Վարդանյանը կալանավորվել էին: Գրել էինք, որ Կոնստանտին Կոստանյանը խոստովանել էր իր մեղքը եւ խնդրել դատարանից, որպեսզի իր մասով հարուցված քրեական գործի դատաքննությունը ընթանա արագացված:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապրիլի 19-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշեց Կոնստանտին Կոստանյանին ազատազրկման դատապարտել 5 տարի ժամկետով, ավելին՝ վերջինիս պատկանող գույքն էլ թողնել կալանքի տակ: Ի դեպ, նշենք, որ մեզ հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին, ըստ էության, չի բավարարում, որ Կոնստանտին Կոստանյանը ազատազրկման է դատապարտվել, եւ նա այս օրերին դիմել է դատարան՝ պահանջելով, որ Կոնստանտին Կոստանյանը վերադարձնի իրենից հափշտակված գումարը:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ «ԹԻԹԵՌ» ԵՆ ՆԿԱՐՈՒՄ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում պետք է կայանար ԱԱԾ-ի կողմից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի դատական նիստը: Հիշեցնենք, որ վերջինիս պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որ նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, վերացվի, եւ խափանման միջոց ընտրվի ստորագրությամբ չհեռանալու մասին:
Սակայն երեկ մեզ հետ զրույցում Կարապետ Աղաջանյանը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանում դատական նիստը չի կայացել, քանի որ դատավորները դասընթացների են գնացել: Ասել է, թե մինչ կալանավորվածները անհամբեր սպասում են իրենց ազատությանը, դատավորները «թիթեռ» են նկարում: Հավելենք, որ Սանասար Գաբրիելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ի դեպ, այսօր հայտնի կդառնա, թե ՀՀ վերաքննիչ դատարանը ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին կթողնի կալանքի տակ, թե կբավարարի պաշտպանի միջնորդությունը: Նկատենք, որ Սամվել Բաբայանը երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում էր եւ հանդես է եկել հայտարարությամբ, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ որեւէ ապացույց չկա, որ նա առնչություն ունի հրթիռի հետ: Այսպիսով՝ մնում է սպասել դատարանի որոշմանը:

 

 
ՄԵԿ ՀՈԴՎԱԾՈՎ
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության առիթով հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով է քրեական գործ հարուցել (թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով): Նշենք, որ քրեական օրենսգրքի 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասը նախատեսում է նվազագույն աշխատավարձի 2000-2500-ապատիկի չափով տուգանք, կամ ազատազրկում 3-ից մինչեւ 5 տարի ժամկետով։

 

 

ԼԾԱԿ ՉՈՒՆԵՆ
Կառավարության դիմաց երեկ Քաղցրաշեն գյուղի բնակիչները վերստին բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք գործադիրից պահանջում են 2015թ. մթերված խաղողի գումարը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հավանաբար ՀՀ վարչապետի եւ իրավապահ մարմինների հետ քննարկում կիրականացվի այդ թեմայով: Հարցին, թե «Վինար» ընկերության վրա ազդեցության լծակներ կա՞ն, Առաքելյանն ասել է. «Ազդելու լծակ կա, սակայն գումարը տալու լծակ չկա: Եթե այդ մարդը չունի գումար, չի կարող տալ: Դատախազությունում այդ գործը քննվում է, եւ սպասում ենք այդ քննության ավարտին»:




Լրահոս