«ԱՅԴՔԱՆ ԾԱԽՍ ԵՆ ԱՆՈՒՄ, ՈՐ ՔԱՂԱՔԸ ՏԳԵՂԱՑՆԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ հայ հանրության մի մասը սկսել է հույսեր կապել քաղաքական այդ գործընթացի հետ: Եկել է պահը, երբ ինքներս մեր առջեւ պետք է հաշվետու լինենք` ինչ ենք կորցրել եւ ինչ ենք շահել քաղաքային վերջին իշխանությունների կառավարման ընթացքում: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանի հետ: Նա խոստովանել է, որ ընտրությունների հետ կապված իր տրամադրվածությունը վատատեսական է: Մեր զրուցակիցը նկատել է, որ քաղաքը կառավարում են բարձր ճաշակից զուրկ մարդիկ, որոնց նպատակն է հաշվել, թե որ ծրագրից որքան շահույթ կստանան: Քանդակագործն անդրադարձել է նաեւ Երեւանի արտաքին տեսքին, դիզայներական լուծումներին:

-Պարո՛ն Ալեքյան, առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Ինձ համար նշանակություն չունի` Երեւանի քաղաքապետն ով կլինի. երկրի կառավարման համակարգն է վատը, դրա համար էլ մեզ մոտ ոչինչ չի փոխվում: Ի՞նչ տարբերություն` քաղաքապետը կմնա նույնը, թե կփոխվի: Այս առումով ես վատատես եմ դարձել: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեզ տարան բրեժնեւյան ժամանակաշրջան, փոխանակ տանեին դեպի դեմոկրատիա: Չորս կուսակցություն անցկացրին, վերջացրին: Հիմա իշխանությունները էլի միաձայն կանցկացնեն իրենց նախընտրած ծրագրերը:
-Որպես քանդակագործ` վերջին տարիներին մայրաքաղաքի հետ կապված ի՞նչ մտահոգիչ երեւույթներ եք նկատում:
-Ինձ համար տհաճ են մայրաքաղաքում ամեն քայլափոխի անճաշակ ձեւով տեղադրված գովազդային վահանակները: Չեմ հասկանում նաեւ, թե ովքեր են հաստատում, որ իրականացվում են, օրինակ` Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Թումանյան-Սայաթ-Նովա հատվածում անձրեւանոցներով կոմպոզիցիաները: Այդքան ծախս են անում, որ քաղաքը տգեղացնեն. շատ անդուր է: Եթե դա է մեր քաղաքային իշխանությունների ճաշակը, բան չունեմ ասելու: Այնպիսի տպավորություն ունեմ, որ իրենք բարձրարժեք բաների հետեւից չեն ընկնում, ուղղակի հաշվում են, թե ինչից որքան շահույթ ստանան, մտածում են` ինչ գործ դնեն, ինչ գործ չդնեն: Սա է ղեկավարների հոգեբանությունը, դրա համար էլ քաղաքն այլանդակվում է:
-Երեւանն ինչպիսի՞ քաղաքապետի կարիք ունի:
-Մեզ պետք է արվեստից հասկացող, մշակույթն արժեւորող քաղաքապետ: Բավական է նայեք մեր իշխանությունների կառուցած անճաշակ տներին, կարող եք պատկերացում կազմել, թե քաղաքն ինչ ճաշակով պետք է սարքեն: Չէ՞ որ մարդու մասին կարծիք կազմելու համար նրա տանն են նայում: Ցավն այն է, որ միլիոններ են դրվում այդ տների կառուցման համար: Այդ նույն մարդկանց թվում է նաեւ, որ եթե թանկ շոմպայն են խմում, ուրեմն իրենք բարձր ճաշակ ունեն:
-Եթե որպես մասնագետ «կարգի բերելու» լինեիք մայրաքաղաքը, որտեղի՞ց կսկսեիք:
-Այն, ինչ տեսնում ենք, մեզ իշխող համակարգի գործունեության արդյունքն է: Արդեն 100 տարի է` մեզ մոտ այդ սիստեմն է գերիշխողը: Նույն իրավիճակը Ռուսաստանում է: Ամենակարեւորն այն է, որ մեզ մոտ օրենքները գործեն, ուժ ունենան: Երբ քաղաքի կենտրոնում տեսնում ենք ճարտարապետական այլանդակություններ, գիտակցում ենք, որ փողն է զորեղ, ոչ թե օրենքը: Նախկինում Հանրապետության հրապարակը քաղաքի տարբեր անկյուններից շատ գեղեցիկ կերպով երեւում էր, հիմա` ոչ, քանի որ բարձրահարկ շենքերը խանգարում են տեսարանին: Նույնկերպ փչացավ օպերային թատրոնի տեսարանը: Աստված տա` առաջիկա ընտրությունների արդյունքում մի բան փոխվի, բայց ես, ցավոք, այդ առնչությամբ առանձնակի հույսեր չունեմ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԻՆՔՆ Է ԵՐԳ ԳՐՈՒՄ

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը դստեր ծնունդով պայմանավորված որոշակի դադարից հետո ոչ միայն վերադարձել է ասպարեզ, այլեւ սկսել է ակտիվ ստեղծագործական գործունեություն վարել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ առաջին անգամ ինքն է հեղինակել երգ եւ բավական ոգեւորված է այդ առթիվ. «Երգի երաժշտության հեղինակը ես եմ, վստահ եմ, որ ամուսինս (դաշնակահար Կարեն Մամիկոնյանը-հեղ.) մեծապես կօգնի ինձ, որպեսզի հետաքրքիր արդյունք ունենանք: Կարծում եմ` առաջիկայում այն կներկայացնենք հանդիսատեսի դատին: Ասեմ, որ այս պրոցեսը բավական պարտավորեցնող է ու պատասխանատու»,-նշեց երգչուհին:

Բացի այդ` Անուշիկը տեղեկացրեց, որ աշխատում է նոր նախագծի շուրջ: Նա պատրաստվում է թողարկել ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված կլինեն օրորոցային երգեր. «Կներկայացնենք ոչ միայն հանրությանը հայտնի գործեր` բոլորովին նոր մոտեցմամբ, հետաքրքիր վերամշակմամբ, այլեւ նոր ստեղծված կամ երբեւէ չլսված երգեր: Գործերն արդեն ընտրված են: Ի դեպ, ամեն երգ լինելու է առանձին համագործակցություն` մի երաժիշտի հետ»,-մանրամասնեց Անուշիկը:
Մենք հարցրինք` երկրպագուներն առաջիկայում հնարավորություն կունենան արդյոք ներկա լինելու Անուշիկի ակումբային համերգներին. «Այո՛, թեպետ դրանք նախկինի պես հաճախակի չեն կազմակերպվի: Բանն այն է, որ շատ ծրագրեր ունեմ, որոնք իրականացնելու համար ժամանակ է պետք: Ու քանի որ զուգահեռաբար ուրիշ աշխատանքներ եմ տանում, չեմ կարողանում ամբողջովին նվիրվել համերգային գործունեությանը: Ամեն դեպքում, հաջորդ համերգս կլինի մայիսին»,-պատասխանեց երգչուհին:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Անուշիկը հասցնում է արդյոք անձնական կյանքը համատեղել գործնականի հետ. «Մեր ոլորտի մարդիկ աշխատանքային հատուկ գրաֆիկ չունեն, ազատ են գործում: Ես, օրինակ, կարողանում եմ տրվել նաեւ աշխատանքին, քանի որ ընտանիքիս անդամները մեծապես օգնում են ինձ այդ հարցում»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է Անուշիկի եւ քրոջ` ֆրանսաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանի զուգերգը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման ցանկություն ունենք, արդեն գծում ենք նաեւ պլաններ, թե որքանով կհաջողվի դրանք կյանքի կոչել, դեռեւս չեմ կարող ասել»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԱՆԴՐԱԴԱՐՁ «ԽՈՍՏՈՒՄԻՆ»
ChurchMilitant.com-ն անդրադարձել է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին, որի պրեմիերան ԱՄՆ կինոթատրոններում կկայանա ապրիլի 21-ին:
Կայքը շեշտում է, որ ֆիլմը, լինելով Ցեղասպանության մասին, նախատեսված է ժամանակակից հանդիսատեսի համար ու շատ չի կենտրոնանում պատմական փաստի վրա: Կայքը գրում է նաեւ Թուրքիայի կառավարության վարած ժխտողական քաղաքականության մասին՝ հիշեցնելով, որ դա խոչընդոտ չի հանդիսացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համար՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունն ու այն ճշմարիտ պատմական փաստ հռչակել:

 

 

ՇՔԱՆՇԱՆ Է ՍՏԱՑԵԼ
Spice Girls ռոք խմբի նախկին մասնակից, երգչուհի եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը արքայազն Ուիլյամի ձեռքից Բրիտանական կայսրության շքանշան Է ստացել նորաձեւության ինդուստրիայում ներդրած ավանդի համար: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը: Բուքինգհեմյան պալատում կայացած պարգեւատրման արարողությանը աստղը ներկայացել է ամուսնու՝ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի եւ իր ծնողների հետ: «Ես հպարտանում եմ, որ այս պարգեւն ստացել եմ Քեմբրիջի դուքսից»,¬ ասել Է երգչուհին, որը նախքան ամուսնությունը հայտնի Էր Վիկտորյա Ադամս անունով: «Եթե դու ազատություն ես տալիս քո երազանքներին ու շատ ես աշխատում, դու կարող ես հասնել աներեւակայելի բարձունքների: Ես շատ երջանիկ եմ, որ այս պահը կիսում եմ ծնողներիս ու ամուսնուս հետ, առանց նրանց սիրո ու աջակցության դա անհնարին կլիներ»,¬ հավելել Է ջինսե հագուստի dVb Style մակնիշի հիմնադիրը: Բացի հագուստի դիզայնից` Վիկտորյա Բեքհեմը նաեւ ստեղծել Է արեւապաշտպան ակնոցների շարք, Intimately Beckham պարֆյումերային բույրի հեղինակն Է եւ գրել Է ժամանակակից նորաձեւության ձեռնարկ:

 

 

ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ
Zara բրենդի նոր հավաքածուի կիսաշրջազգեստները, որոնք զարդարված են Պեպե գորտի տեսքով նախշերով, գրավել են սոցցանցերի օգտատերերի ուշադրությունն ու արժանացել քննադատության: Նշենք, որ Պեպե գորտը նկարիչ Մեթ Ֆուրյեի ստեղծած հայտնի մեմն է, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի եւ «աջերի» շարժման պատճառով ասոցացվում է նացիզմի եւ հրեաների հանդեպ ատելության հետ: Lenta.ru-ն տեղեկացնում է, որ Zara-ի ներկայացուցիչներն արդեն հեռացրել են ապրանքն ամերիկյան առցանց խանութից:




Լրահոս