ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Տարոն Մարգարյանի շոուն՝ հաստաբուն ծառերի ֆոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարում երեւացող էտված ծառերը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում են: Ու որքան էլ տարօրինակ է, խորը էտված ծառերը ո՛չ բնապահպանների, ո՛չ քաղաքապետարանի աշխատակիցների, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ուշադրությանը չարժանացան:

Նկատենք, որ այս ծառերը եւս էտվել են բավականին խորը, եւ տպավորություն է, որ այլեւս չեն աճելու: ճիշտ այնպես, ինչպես Դավիթաշենում (տե՛ս լուսանկարները) էտված ծառերը, որոնք դարձան համայն հայության քննարկման առարկան:

Եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հարկ համարեցին անդրադառնալ եւ վանդալիզմ որակել խորը էտված ծառերի նկատմամբ վերաբերմունքը:

Մինչդեռ իրականում ե՛ւ Դավիթաշենի, ե՛ւ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող խորը էտված այս ծառերն աճելու են, եւ անհարկի աղմուկը պարզապես հիմնավորում է այն կարծիքը, որ Տարոն Մարգարյանը նախընտրական շոու էր բեմադրում՝ Դավիթաշենի էտված ծառերի համար նիստ հրավիրելով:

Իսկ եթե շոու չէր, ապա պետք է նույն դեմքի խրոխտ արտահայտությամբ նա նույնաբովանդակ ելույթ ունենա նաեւ այս ծառերի մասին: Բայց քանի որ չի արել, նշանակում է` նրա մոտ շոուն ավելի լավ է ստացվում, քան աշխատելը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Դավթաշեն 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել եւ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1966թ. ծնված Ալեքսան Սամսոնյանը՝ հիմնավորմամբ, թե նա կտրել է 23 բարդի տեսակի ծառեր:

Տարիներ շարունակ այդ ծառերը մշակած ու այս անգամ էլ խորը էտած Ալեքսան Սամսոնյանն այժմ գտնվում է անազատության մեջ:

Ծառերի հատման վնասն էլ բնապահպանության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը հաշվարկել են շուրջ 2 մլն դրամ: Մինչդեռ քաղաքացին իր կողմից տնկած ծառերն ընդամենը խորը էտել է, որը շուտով կաճի:

Թամարա Միքայելյան




Լրահոս