Փաստաբանների պալատի անդամների միջեւ ավելի քան մեկ ու կես տարի շարունակվող լարվածությունը երեկ վերածվել է թեժ ձեռնամարտի:
Երեկ հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը: «Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում՝ Արմեն Սողոմոնյանի հետ միասին՝ արալեզների կողմից»,- միջադեպի մասին ահազանգել է Աթանեսյանը՝ նշելով, թե հարձակվողները եղել են փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, փաստաբանների պալատի նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանն ու Վրեժ Խաչիկյանը ու եւս մեկ անձ: Ըստ տուժողների՝ վերջիններս ներխուժել են գրասենյակ, իրենց ծեծի ենթարկել՝ հասցնելով մարմնական վնասվածքներ: Միջադեպի համար Աթանեսյանն ու Սողոմոնյանը մեղադրել են փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ընդգծելով, թե հարձակում գործած անձինք նրա ղեկավարությամբ են գործում եւ ինքնուրույն չէին կարող գնալ նման քայլի: «Սա Պալատում տիրող իրավիճակի դեմ մեր պայքարի հետեւանքն է»,- ասել է Աթանեսյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ նաեւ միջադեպի բուն շարժառիթը. «Attorney At Law» ֆեյսբուքյան խմբում փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառման տակ Տիգրան Աթանեսյանը հայհոյախառն վիրավորական արտահայտություններ է հնչեցրել փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հասցեին (էթիկայից ելնելով՝ հնչեցված արտահայտությունները չենք հրապարակում), եւ վերջինս էլ կարդալով այս ամենը՝ որոշել է Աթանեսյանի հետ հարցերը լուծել «տղայական դաշտում»: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ փաստաբանների այս երկու խմբի միջեւ տեւական ժամանակ նաեւ թեժ գրագրություն է ընթացել, ինչն էլ իր հերթին է հանգեցրել իրավիճակի լարմանը:
Սիմոն Բաբայանը iravaban.net-ի հետ զրույցում հայտարարել է. «Ֆեյսբուքյան գրառման հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում գրանցվել է քաշքշուկ, գրառումը կատարվել է Տիգրան Աթանեսյանի կողմից, իմ անձի, իմ հասցեին ուղղված վիրավորական արտահայտություններ են եղել»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս փաստը հաստատել է նաեւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը. «Որքանով տեղյակ եմ՝ այս պատմությունը ծագել է Տիգրան Աթանեսյանի հայհոյախառը վիրավորական գրառումներից: Փորձում ենք ճշտել մանրամասները: Բոլոր դեպքերում, դա բացասական միջադեպ էր: Չի կարելի վիրավորել փաստաբանին եւ չի կարելի հարցը լուծել հարաբերություններ պարզելու միջոցով: Դրա համար կա վարքագծի կանոնագիրք եւ օրինական գործիքներ: Երբ որ փաստաբանների պալատը հրապարակային վիրավորանքներ կատարողների նկատմամբ կարգապահական վարույթներ էր հարուցում եւ իրականացնում, քննադատություններ էին հնչում, որ դա փաստաբանների ազատ խոսքը սահմանափակելուն է ուղղված: Բայց երբ որ հարցը դուրս է գալիս իրավական դաշտից եւ անցնում է անձնական հարաբերությունների դաշտ, ապա դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ առաջացնել: Մենք փաստաբաններ ենք, մենք պարտավոր ենք զսպվածություն ցուցաբերել, մեր մյուս գործընկերների նկատմամբ հարգանքով վերաբերվել»: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե այս միջադեպի թիկունքում կանգնած է ինքը՝ Զոհրաբյանը, ՓՊ նախագահն ասաց. «Բամբասանքները եւ զրպարտությունները չեմ կարող մեկնաբանել»:
Նկատենք՝ փաստաբանների պալատում տեղի ունեցածն առավել քան մտահոգիչ է: Թեեւ կոնկրետ այս միջադեպի առիթը եղել են սոցիալական ցանցում արված գրառումները, սակայն կատարվածը շատ ավելի խորը պատճառներ ունի եւ հետեւանք է փաստաբանների պալատում առկա խմորումների եւ օրեցօր խորացող հակասությունների: Ինչպես հայտնի է՝ տեւական ժամանակ է՝ հակամարտություն է ընթանում մի կողմից՝ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ու իր թիմակիցների, մյուս կողմից՝ հայտնի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի եւ նրանց թիմի մի քանի անդամների միջեւ: Ու քանի որ վաղուց ի վեր բացահայտ բնույթ կրող հակասություններն այս մեկ ու կես տարվա ընթացքում ոչ միայն չեն հարթվել, այլեւ գնալով ավելի ու ավելի են խորանում` երբեմն վերածվելով սադրանքների, բնական է՝ մի օր պետք է հանգեցներ նաեւ նման միջադեպի: Ցավալի է, բայց փաստ:
Իսկ այս ամենի արդյունքում մեծ հաշվով տուժում է փաստաբանի ինստիտուտը:
Հավելենք, որ այսօր փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը հանդես է գալու մամուլի ասուլիսով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ