Քաղաքական սերիալը շարունակվում է. քանի պորտֆել կստանա ՀՅԴ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը տվեց ևս մեկ հարցի պատասխան: Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մոտ ապագայում իշխող կուսակցությունն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր:

«Բանակցություններն արդեն ավարտական փուլում են, գրեթե ավարտված են: Ես կարող եմ ասել, որ տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը կստորագրեն համագործակցության նոր հուշագիր»,- նշեց Շարմազանովը, սակայն հստակ ժամկետներ չնշեց` անպատասխան թողնելով նաև հուշագրի տեսքին ու բովանդակությանը վերաբերող հարցերը:

Հավելենք, որ չնայած ՀՀԿ-ՀՅԴ քննարկումներն ընթանում  են ամենաբարձր մակարդակով, սակայն ընդհանուր առմամբ նրանց հետագա համագործակցության հետ կապված շատ հարցեր անորոշ են:  Դեռ չի կոնկրետացվում, թե այս անգամ որ նախարարություններն են տալու նրանց, քանի նախարարություն են տալու, և ովքեր են լինելու ՀՅԴ նախարարները: Ըստ տեղեկությունների, «Դաշնակցությունն» այս անգամ մի քանի պորտֆել ավելին է ուզում` 4 նախարար, 3 մարզպետ: Սակայն ՀՀԿ-ն էլ, ինչպես երևում է, դեռևս հակված չէ ավելացնել նրանց քվոտաները:




Լրահոս