Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը:
Նա անդրադարձավ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրություններին և նշեց, որ դրանց հարցով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականում վարույթ չի իրականացրել և բացատրություն չի վերցրել:
«Այս դատական քննության ընթացքում ապացուցվեց, որ ՀՀԿ-ի կողմից պետական իշխանության լծակների և վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը կրել է համակարգային և կազմակերպված բնույթ և էապես ազդել է ընտրությունների արդյունքների վրա»,-նշեց նա և հավելեց, որ ապացուցված է նաև, որ ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ո՛չ էլ Սահմանադրական դատարանը չցանկացան այդ ապացույցները քննել:
«Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը չի բավարարի մեր հայցը, սակայն խնդիրը չի լինելու ապացույցների անբավարարության: Դուք այստեղ միայն մեկ գործ եք անում՝ որքան հնարավոր է ավելի լավ պաշտպանել ՀՀԿ իշխանությունը»,-հավելեց նա:
Իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վերջում արձագանքեց. «Թատերական ներկայացման չեք մասնակցում»: