Ապրիլի 25-ից 26-ը Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, որտեղ հանդիպում ունեցավ Ստավրոպոլի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը:
Վլադիմիր Վլադիմիրովը ներկայացրեց ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ստավրոպոլի երկրամասի գործարարների միջև հաստատված սերտ կապերն ու դրանց զարգացման հեռանկարները:
Իր հերթին գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ավելացնելով, որ հայաստանցի գործարարները Ստավրոպոլի երկրամասի հետ հետագա տնտեսական համագործակցության համար ունեն մի շարք առաջարկներ:
Վարդան Ասոյանը նաև նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության, առևտրի ու տնտեսական զարգացման ոլորտներում։ Առաջարկվեց լոգիստիկ կենտրոնի ստեղծման գաղափարը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև համատեղ տնտեսական և մշակութային միջոցառումների կազմակերպման հնարավորությունների շուրջ: Երկուստեք կարևորվեց Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքի դերակատարությունը:
Ստավրոպոլի նահանգապետը նշեց, որ Ստավրոպոլի նահանգը հարուստ է առողջարաններով և հանգստյան գոտիներով և ՀՀ բնակիչներին հրավիրեց այցելել այնտեղ: