Անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ կոչված են պայքարելու բազմաթիվ կազմակերպություններ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմում գործող անտառտնտեսությունները, նույն «Հայանտառ»-ի կազմում գործող մոնիտորինգի կազմակերպությունը, բնապահպանական պետական տեսչությունը, ոստիկանությունը: Անտառները հսկող եւ վերահսկող կազմակերպությունները շատ են, սակայն դրանից ապօրինի անտառհատումների թիվը չի նվազում, ընդհակառակը ավելանում է:
Հատկապես ցավալի է, երբ զանգվածային հատումներ են կատարվում բնության՝ հատուկ պահպանվող տարածքում, Դիլիջանի ազգային պարկում: Հայաստանի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությամբ՝ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել անտառային ֆոնդի տարածքներում՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության նախապատրաստած նյութերով պարզվել է, որ վերոնշյալ տարածքում ապօրինի հատվել են 100 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառեր, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 18 միլիոն 906 հազար 474 ՀՀ դրամի վնաս:
Տավուշի մարզի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկում» ինչպե՞ս են ճշտել հատված ծառերի քանակը, որոշել դրա հետեւանքով պատճառված վնասի ստույգ չափերը: Նա ասաց, որ կան հատված կոճղեր, 10 օր ստուգումներ են կատարվել, պատճառված վնասի չափը որոշել է ՀՀ բնապահպանական պետական տեսչությունը: Մարզի դատախազի տվյալներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Իջեւանի անտառտնտեսության տարածքում ապօրինի հատվել է 22 ծառ, պետությանը պատճառվել է 866 հազար 760 դրամի վնաս:
Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպքով նույն անտառտնտեսության տարածքում հատվել է 84 ծառ, պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 14 միլիոն դրամ: Այդ դեպքերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որպեսզի քրեական գործեր հարուցվեն:
Ոսկան Սարգսյան
Տավուշ