Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը մի քանի ամիս էր՝ բնակվում էր Չինաստանում՝ Չան Չուն քաղաքում։ Վերջին շրջանում, սակայն, առաջին «հայսուպերսթարը», ով, ի դեպ, սպասում է իր առաջնեկին, կրկին հայրենիքում է։ Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Չինաստանում էր՝ ամուսնու գործի բերումով։ Ամեն դեպքում, երգչուհին առաջիկայի իր պլաններն այդ երկրի հետ չի կապում․ «Հնարավոր է՝ կրկին գնանք Չինաստան, բայց ժամանակավոր։ Թեպետ նույնիսկ այդ կարճատեւ այցերը օգտավետ են օտար երկրին, դրա մշակույթին ու ավանդույթներին ծանոթանալու առումով»,-մեկնաբանեց նա։
Այն հարցին, թե արդյոք կոնկրետ Չան Չունում հայկական համայնք կա, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Հատուկ համայնք չկա, բայց այնտեղ ապրող հայ երիտասարդները փորձում են ամեն կերպ միմյանց հետ պահել կապը, նշել ազգային տոները»։
Մենք հետաքրքրվեցինք՝ երբ է Սուսաննան պատրաստվում կրկին ակտիվացնել իր գործունեությունը երգարվեստում․«Եթե ոչինչ չխանգարի, հավանաբար հունիսին կներկայացնեմ նոր տեսահոլովակ՝ «Իմ» անունը կրող երգի (երաժշտության հեղինակ՝ Արթուր Ալեք, խոսքերի հեղինակ՝ Սուսաննա Պետրոսյան) հիման վրա։ Տեսահոլովակը կնկարահանի Նիկ Եգիբյանը։ Հուսով եմ՝ կկարողանանք գոհացնել մեր հանդիսատեսին։ Բացի այդ՝ ունեմ մեկ այլ, ինձ շատ հոգեհարազատ ու թանկ երգ, որը եւս առաջիկայում կներկայացնեմ երկրպագուների դատին»,-նշեց նա։
Ի դեպ, Չինաստանում եղած ժամանակ Սուսաննան եւս զբաղվել է երգարվեստով, մասնավորապես դասավանդմամբ․«Այնտեղ դասավանդել եմ մասնավոր հիմունքներով։ Ասեմ, որ այդ երկրում բարձր են գնահատում արտերկրից եկած մասնագետների դերը իրենց մշակույթի զարգացման գործում»-շեշտեց մեր զրուցակիցը։
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք առաջնեկին հայրենիքում լույս աշխարհ բերելը սկզբունքային հարց է․ «Այո՛, ինձ համար իսկապես կարեւոր է, որ երեխաս ծնվի Հայաստանում, բացի այդ՝ Չինաստանի տվյալ քաղաքն էկոլոգիապես այնքան էլ մաքուր չէր, ուստի նախընտրեցի վերադառնալ Երեւան»,-եզրափակեց Սուսաննան։
Աննա Բաբաջանյան