ՖՈՏՈ. Այս պահին անձնականի մասին չեմ մտածում. Ռիփփի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, դերասանուհի Ռիփփին, ով հանրությանը առավել հայտնի է «Կարգին սերիալ», «Դոմինո» սիթքոմներից, մի որոշ ժամանակ բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում եւ այնտեղ էր իրականացնում իր գործունեությունը: Վերջին շրջանում, սակայն, նա հայրենիքում է, հեռուստադիտողները հնարավորություն ունեն նրան տեսնելու էկրաններին: Ավելին` Ռիփփին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մտադիր է առաջիկայում հանդիսատեսի դատին հանձնել տեսահոլովակներ: Մենք պարզել ենք` Ռիփփին ապագայի ծրագրերը որ երկրի հետ է կապում, արդյոք հարմարվել է հայաստանյան իրականությանը եւ արդյոք ինքն իրեն համարում է, այսպես ասած, սկանդալային երգչուհի:

-Ռիփփի՛, ելնեով վերջին շրջանի Ձեր գործունեությունից` կարելի՞ է ասել, որ արդեն հայրենիքի հետ եք կապում ապագայի Ձեր պլանները:

-Բանն այն է, որ Հայաստանում այն նախագծի շրջանակում, որտեղ ընդգրկված եմ, պայմանագիր եմ կնքել եւ այսպես թե այնպես պարտավոր եմ մնալ այստեղ: Այնպես որ, առաջիկա երկու տարվա ընթացքում հաստատ հայրենիքում եմ լինելու: Սիրում եմ Հայաստանը եւ ուրախ եմ, որ ծրագրերս այսպես են դասավորվել:

-Բացի «Դոմինո» սիթքոմից` ուրիշ նախագծերից առաջարկներ կա՞ն: Օրինակ` երգարվեստի ոլորտում Ձեր գործունեությունը ակտիվացնելու նպատակ ունե՞ք:

-Իհարկե, ունեմ փոփ-ռոք, փոփ-R&B ժանրերում նոր երգեր, որոնց հիման վրա կնկարահանվեն տեսահոլովակներ: Առհասարակ, ես միշտ եմ երգարվեստով ակտիվ զբաղվել: Միայն մի պահ առհասարակ չեմ աշխատել, հետո վերսկսել եմ գործունեությունս:

-Իսկ կցանկանա՞ք հետագայում եւս մասնակցություն ունենալ հումորային ծրագրերի:

-Իհարկե, կուզենամ ներգրավվել ե՛ւ հումորային, ե՛ւ դրամատիկ ժանրի նախագծերում: Մասնագիտությամբ դերասանուհի եմ, եւ ինձ բեմի, էկրանի հետ կապված ցանկացած աշխատանք հետաքրքրում է:

-Հետաքրքիր է` մոսկովյան շուկայում Ձեզ ի՞նչն է գրավում:

-Այնտեղի շուկան, ի տարբերություն մերի, մեծ է, հնարավորությունները` լայն: Մոսկվայում հանդես եմ եկել ե՛ւ որպես երգչուհի, ե՛ւ որպես դերասանուհի` էպիզոդիկ դերերով:

-Ռիփփի՛, մի փոքր խոսենք անձնականից. հայաստանցի տղամարդկանց մտածելակերպն ու աշխարհայացքը որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ:

-Միայն կասեմ հետեւյալը` մարդիկ տարբեր են, ու դա լավ է: Այս պահին, առհասարակ, անձնականի մասին չեմ մտածում:

-Տղամարդկանց ընտրության հարցում ավելի բծախնդիր եք դարձե՞լ:

-Ես դրա վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեմ անի:

-Հետաքրքիր է` շոու-բիզնեսում ընկերներ ունե՞ք:

-Իհարկե, համարյա բոլորն էլ, ում հետ առնչվել եմ, իմ ընկերներն են: Առհասարակ, ոլորտի ներկայացուցիչների հետ հարաբերություններս հարթ են:

-Ռիփփի՛, լրատվամիջոցները Ձեզ պիտակավորում են որպես սկանդալային երգչուհի: Դուք համաձա՞յն եք այդ որակմանը:

-Ես այս պարագայում չեմ էլ հասկանում այդ բառի իմաստը, չգիտեմ` ինչի մասին է խոսքը:

-Ոմանք համարում են, որ Դուք մեկն եք, ով անընդհատ հայտնվում է բուռն իրադարձությունների կենտրոնում, ձգտում է ամեն կերպ ուշադրություն գրավել:

-Ես երբեք միտումնավոր կերպով ինձ վրա ուշադրություն բեւեռելու կարիք չեմ ունեցել: Միգուցե հայտնվում եմ մարդկանց ուշադրության կենտրոնում, բայց դա հատուկ չեմ անում:

-Այնպիսի տպավորություն է, որ վերջին տարիներին ավելի հանդարտ, հանգիստ հոգեվիճակում եք, ավելի կշռադատված կյանքով եք ապրում:

-Իհարկե, իմ կյանքում եղել են փոփոխություններ դեպի լավը, եւ ես շատ ուրախ եմ դրա համար: Բայց պետք է ասեմ, որ դրան զուգահեռ իմ գործունեությունն ավելի բուռն եւ ակտիվ է դարձել: Կարծում եմ` առաջիկայում երկրպագուներիս գոհացնելու մի շարք առիթներ կունենամ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս