Հակառակորդի կրակիոցից զոհված Մհեր Արզումանյանի ընտանիքի անդամներին արդեն հայտնել են իրենց որդու զոհվելու մասին լուրը: Զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Առաջաձոր համայնքից է: Համայնքի ղեկավար Դավիթ Մովսեսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Մհերը բազմազավակ ընտանիքի զավակ է, ունի երեք եղբայր և մեկ քույր. բոլոր եղբայրներն էլ ծառայել են բանակում:
Գյուղապետը մեզ հայտնեց, որ Մհերն արդեն մեկ տարի է, ինչ ծառայում էր, իսկ ընտանիքն էլ ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, աշխատող ուժ գրեթե չկա: Դավիթ Մովսեսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ առավոտյան ՊՆ ներկայացուցչի հետ են այցելել Մհերի ընտանիքին և հայտնել լուրը: Նրա խոսքով, տանը բոլորն էլ եղել են, բացի փոքր քույրիկից:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: