«Մեմիրի Ռաֆոյի» առեղծվածը. ինչո՞ւ բանտում մահացավ կալանավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում երեկ մահացել է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Վարդենիս քաղաքի 42-ամյա բնակիչ Ռաֆայել Թադեւոսյանը, որը առավել հայտնի է Մեմիրի Ռաֆո անունով: 42-ամյա կալանավորի մահը տարաբնույթ հարցերի տեղիք է տվել:

Հիշեցնենք, որ Վարդենիս քաղաքի բնակիչ Ռաֆայել Թադեւոսյանը կալանքի տակ էր հայտնվել 2016 հունիսի 9-ին: Նրա անունը կապվում էր Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ «ռազբորկաների» հետ, որտեղ շրջանառվում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Եվ ահա այդ «ռազբորկաների» արդյունքում Ռաֆայել Թադեւսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելը:

Այս արարքի համար Ռաֆայել Թադեւոսյանին սպառնում էր առավելագույնը հինգ տարվա ազատազրկում: Ու մինչ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Ռաֆայել Թադեւոսյանի գործով քննությունը, 10 ամիս «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իր կալանքը կրող Ռաֆայել Թադեւոսյանը առեղծվածային պայմաններում մահացավ:

Վարկած 1

Ըստ Ռաֆայել Թադեւոսյանի հարազատների՝ նա առանձնապես չի դժգոհել իր առողջական վիճակից: Ուստի հարց է առաջանում՝ ինչի՞ց է մահացել Ռաֆայել Թադեւոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվական բաժնից հայտնեցին, որ ՔԿՀ այցելած շտապօգնության աշխատակիցները կալանավորի մոտ արձանագրել են կենսաբանական մահ` հավելելով, որ, այնուամենայնիվ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչի հետեւանքով է կալանավորը մահացել:

Սակայն այս պատմության մեջ մի շարք ուշագրավ հանգամանքներ կան, որտեղ էլ իրականում թաղված է շան գլուխը:

Բանն այն է, որ Ռաֆայել Թադեւոսյանի դիահերձումը իրականցվել է բավականին օպերատիվ կերպով: ՔԿՀ-ից զանգահարել են հարազատներին եւ ասել, որ Ռաֆայել Թադեւոսյանը մահացել է, այնուհետեւ նրա դին շտապ տարել են դիահերձման: Ըստ էության, ո՛չ կալանավորի պաշտպանը, ո՛չ հարազատները չեն տեսել, թե ինչ վիճակում է գտնվել Ռաֆայել Թադեւոսյանի դին:

Միգուցե նրան սպանե՞լ են կամ այլ հանգամանք կա՞, որը տեսականորեն կարող է թաքցվել: Բացառված չէ, որ նրա մահվան վկայականում գրվի այն, ինչ «անհրաժեշտ է», այլ ոչ թե այն, ինչ կա իրականում: Մի խոսքով, Ռաֆայել Թադեւոսյանի մահվան հանգամանքները մնում են օդից կախված. ինչո՞ւ ՔԿՀ-ում շտապեցին արագ դիահերձել կալանավորին:

Վարկած 2

Բանտարկյալների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը «Հրազդան» ՔԿՀ-ի այն խցում, որտեղ իր պատիժն է կրել Ռաֆայել Թադեւոսյանը, վիճաբանություն է եղել: Ըստ լուրերի՝ նա միջադեպի ժամանակ թմրանյութ է օգտագործած եղել եւ երբ վիճաբանության ժամանակ հարված է ստացել, թուլացել ու վայր է ընկել:

Ընկնելու պահից ի վեր Ռաֆայել Թադեւոսյանը չի տեղաշարժվել: Նրա խցակիցները աղմուկ են բարձրացրել, որպեսզի բժիշկները օգնության հասնեն: Ու երբ բուժօգնության հասածները ստուգել են ընկած Ռաֆայելին, պարզել են, որ մահացել է:

Եթե այս լուրերի մեջ շրջանառվող վարկածը թմրանյութի օգտագործման մասով ճիշտ է, ապա հարց է առաջանում, թե ինչպես է Ռաֆայել Թադեւոսյանի խցում թմրանյութ հայտնվել, ո՞վ է նրան փոխանցել, ի՞նչ տեսակի թմրանյութ է եղել, ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է նա օգտագործել: Ու ամենակարեւորը` ինչպե՞ս է ապացուցվելու, թե կոնկրետ ինչն է հանգեցրել նրա մահվան:

Վարկած 3

Արդեն գրել էինք, որ Ռաֆայել Թադեւոսյանը կալանավորվել էր Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութերի շուրջ «ռազբորկաների» արդյունքում, որտեղ շրջանառվում էին նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Եվ ահա վարկածներից մեկն էլ այն է, որ նրան «ոսկու թեմայով» առաջացած անհրաժեշտությունից ելնելով՝ «մաքրեցին» իրենց ճանապարհից, որպեսզի այլեւս դուրս չգա բանտից: Առավել եւս, որ Վարդենիսում լուրեր կան, թե Ռաֆայել Թադեւոսյանն իր գործով հերթական դատական նիստի օրը` մայիսի 3-ին, պետք է դատարանի դահլիճից ազատ արձակվեր:

Բանտապետը` դեպքի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանի հետ, որն ասաց, թե նախնական վարկածով Ռաֆայել Թադեւոսյանը մահացել է սրտի անբավարարությունից:

-Պարո՛ն Մարգարյան, ինչո՞ւ եք այդքան արագ կազմակերպել կալանավորի դիահերձումը, ինչ-որ բա՞ն եք թաքցնում:

-Իր փաստաբանը եւ հորեղբայրը քիչ առաջ ինձ մոտ են եկել մորգից, ես օրենքով ինչ նախատեսվում է, կատարել եմ, նրան ուղարկել եմ մորգ: Քիչ առաջ իր փաստաբանից իմացա՝ բժիշկը նախնական ինչ է ասել, թե ինչից է նա մահացել, սրտի մկանի անբավարարություն` ինֆարկտ, լյարդի ցերոզ ուներ, որը համարյա ռակի էր վերածվել:

-Դիահերձմանը արդյո՞ք հարազատներից որեւէ մեկը ներկա եղել է:

-Չգիտեմ, իրենք ներկա եղել են, թե ոչ, իրենք մորգից են եկել ինձ մոտ, այլ բան չեմ կարող ասել: Ես էլ եմ զանգահարել դատաբժշկին, նա էլ ինձ ասաց, որ նախնական տվյալով՝ նա մահացել է ինֆարկտից:

-Մեզ լուրեր են հասել, որ Ռաֆայել Թադեւոսյանը թմրանյութ է օգտագործել, խցում վիճաբանություն է եղել, հարված է ստացել, ինչից հետո ընկել, մահացել է:

-Ես նման բան չեմ կարող ասել, դա 40 օր հետո նոր կպարզվի: Նման բան որեւէ մեկը չի կարող ասել, մինչեւ լաբորատոր փորձաքննությունը չանցկացվի:

-Այսինքն՝ Դուք չե՞ք բացառում, որ թմրանյութ է մտել կալանավայր:

-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Եթե մենք իր մոտ որեւէ բան չենք հայտնաբերել, խուցը զննվել է, խուզարկվել է, օրենքով սահմանված կարգով ընթերականներով դիակի զննություն է կատարվել, ամեն ինչ արվել է, նոր տեղափոխվել է մորգ: Եթե այնտեղ որեւէ բան չի հայտնաբերվել, մնացածը 40 օր հետո նոր կարող եմ ասել:

-Իսկ մինչ այս դեպքը, Ռաֆայել Թադեւոսյանը երբեւէ Ձեզ դիմե՞լ է, որ լավ չի զգում իրեն, խնդիրներ ունի:

-Ինձ մոտ նա բողոքներ չի ներկայացրել, մնացած հարցերով դիմե՛ք լրատվական:
Մինչ կանցնի 40 օրը, եւ կփորձեն պարզել, թե ինչու է մահացել Ռաֆայել Թադեւոսյանը, արձանագրենք եւս մեկ տխուր իրողություն. Ռաֆայել Թադեւոսյանի որդին` Վահան Թադեւոսյանը, տեղեկանալով հոր մահվան մասին, դանակի մի քանի հարվածներ է հասցրել ինքն իր որովայնին` փորձելով ինքնասպան լինել: Մտերիմները հասցրել են Վահանին տեղափոխել Վարդենիս քաղաքում գտնվող ՀՀ

ՊՆ զինվորական հոսպիտալ:

Նշենք, որ 22-ամյա Վահան Թադեւոսյանը իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը: Ու այս պահին նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները:

Քնար Մանուկյան




Լրահոս