Beeline–ը և ՄԶՀ ամփոփեցին «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը պարգևատրեցին «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում կայացած մրցույթի հաղթողներին և ամփոփեցին ծրագրի արդյունքները։
Մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Մանկական զարգացման հիմնադրամի գրասենյակում, որտեղ տեղադրված էին հաղթող երեխաների նկարները՝ իրենց ուղերձներով: Բոլոր հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր և նվերներ: Ամփոփմանը ներկա էին Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի վեց համայնքների հաղթողները:

«Երեխաների խոսքի ուժը» ծրագիրն իրականացվել է Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ, Եղեգնաձոր, Վայք, Իջևան և Դիլիջան համայնքներում: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները ծրագրի շրջանակում զարգացել է երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտանքային մտածողությունը, բարձրացել է ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունն երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագրին մասնակցել են ավելի քան 220 երեխաներ և 1500 ծնողներ և համայնքի բնակիչներ:

«Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են կրթության զարգացմանը և երեխաների աջակցմանը։ Beeline-ի համար, հատկապես կարևոր է այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներին և իրենց ծնողներին օգնել փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը» – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը:


«Կարևոր է, երբ հեռավոր համայնքներում ապրող դեռահասներն ու երիտասարդները մասնակից են դառնում համայնքի զարգացմանը: Հաղթողների մտքերը, կարծիքները իրենց համայնքի վաղվա օրվա վերաբերյալ ևս մեկ անգամ հրավիրում է տեղական իշխանությունների ուշադրությունը համայնքնի խնդիրների վրա և ավելի պարտավորեցնող է դարձնում դրանց լուծումները: Beeline-ի հետ համատեղ մեր հիմնադրամը շարունակում է զարգացնել երեխաների մտածողությունը և կարողությունները, ու կրթելով նրանց՝ ավելի բարեկեցիկ դարձնել նրանց կյանքը»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Նշենք, որ «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում համայքների հետ ստորագրվել է նաև եռակողմ փոխըմբռնման հուշագրեր՝ ուղղված երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացի խթանմանը Հայաստանում:

Հիշեցնենք, որ Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։




Լրահոս