Տղաներին ասել եմ` պետք է պայքարեն մինչև վերջին վայրկյանը. Արմեն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի համար Եվրոպայի առաջնությունն առաջին լուրջ մրցաշարն է նոր պաշտոնում: Մարզիչը լավատես է, բայց նաեւ լարված: Նրա խոսքով ըմբիշներից յուրաքանչյուրը պատրաստ է իր չափով.

«Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են մեր առաջին համարները: Թիմը պատրաստ է, սակայն ամեն ինչ ցույց կտա գորգը: Աշխատել ենք բոլոր թույլ կողմերի վրա, շտկել նախորդ մրցաշարի սխալները:

Մինչեւ Եվրոպայի առաջնությունն անցկացրել ենք երեք հավաք: Այս անգամ ավելի շատ ուշադրություն ենք դարձրել տեխնիկային, արագությանը, գոտեմարտերի հստակությանը: Վերջին մի քանի օրերին տղաները կարգավորում են իրենց քաշը:

Ըմբիշների հետ փորձել ենք աշխատել նաեւ մրցագորգում հոգեբանական պատրաստվածության վրա: Նրանք միավորը հեշտ չեն վաստակում, նաեւ չի կարելի հեշտությամբ կորցնել ու հանձնվել: Պետք է պայքարեն մինչեւ վերջին վայրկյանը:

Ես լավ եմ տրամադրված, բայց որոշակի լարվածություն, իհարկե, կա»,-ասաց Արմեն Մկրտչյանը:




Լրահոս