![](https://armlur.am/wp-content/uploads/2017/04/upload-2017-04-26T102459Z_2139867812_UP1ED4Q0SXM2N_RTRMADP_3_UKRAINE-CHERNOBYL-ANNIVERSARY-pic905-895x505-95691.png)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին վստահեցրել է, որ «Արևմուտք-2017» բելառուսա-ռուսական զորավարժությունները չեն վերածվի Ուկրաինա ներխուժման նախապատրաստման, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Պորոշենկոյի խոսքով՝ «նրանք ոչ մի կասկած չունեն Բելառուսի բարի մտադրությունների հարցում»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մինսկը դաշնակցային հարաբերություններ ունի Մոսկվայի հետ, որի հանդեպ վստահություն չկա:
«Այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է Բելառուսի նախագահից անձամբ հաստատում ստանալ, որ ուկրաինական սահմանի մոտ բելառուսա-ռուսական ռազմավարական զորավարժությունները չեն վերածվի Ուկրաինա ներխուժման»,-ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ համատեղ զորավարժություններին կհետևեն նաև միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն:
Համատեղ զորավարժությունները կկայանան 2017թ. սեպտեմբերին Բելառուսի տարածքում: