ԱԳՆ-ն արտագաղթը խթանելու պատրաստակամություն ունեցող աշխատակիցներ ունի. քրեական գործերը նոր ընթացք են ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական գերատեսչությունների աշխատակիցների կողմից ապօրինի ճանապարհով ՀՀ քաղաքացիների արտագաղթը կազմակերպելու քրեական գործերը նոր ընթացք են ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները ցանկանում են պարզել, թե ով է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից հետախուզվող անձին տեղեկանք տվել՝ հնարավորություն տալով նրան լքել Հայաստանը:

Եվ այսպես՝ այս տարվա ապրիլի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԱԾ-ն «բանդա» է բացահայտել: Պարզել էին, թե ինչպես են ՀՀ գերատեսչությունների պաշտոնատար անձինք ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետի եւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրենների կողմից ստեղծված «հանցավոր խումբը» խթանել է հարյուրավոր մարդկանց ապօրինի արտագաղթը Հայաստանից:

Ու պարզվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւս արտագաղթը խթանելու պատրաստակամություն ունեցող աշխատակիցներ ունի: Նրանք տեղեկանք են տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից եւ մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի բնակիչ Արսեն Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում գողություն է արել, բռնվել եւ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` գողություն, հարուցվել է քրեական գործ: Մեր հայրենակիցն այդ գործով ներգրաված է մեղադրյալ: Սակայն ճողոպրել է, ինչի համար էլ ՌԴ իրավապահները հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ:

Եւ ահա Արսեն Հակոբյանը՝ գիտակցելով, որ ուշ թե շուտ ՀՀ իրավապահները նրան «բռնելու» են, իրեն ապահովագրելու համար որոշել է Հայաստանից կազմակերպել իր փախուստը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2016 թվականի օգոստոսին նա կարողացել է ինչ-ինչ ճանապարհներով հետախուզման մեջ չգտնվելու վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից համապատասխան տեղեկանք ստանալ: Հակոբյանը վերցնելով տեղեկանքը՝ այն 2017թ. հունվարի 12-ին ներկայացրել է ՀՀ-ում գործող ԱՄՆ դեսպանատուն: Սակայն դատելով ստեղծված իրավիճակից՝ դեսպանատանը պարզել են եղելությունը:

Այսպիսով՝ ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող Արսեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը:

Այս արարքը պատժվում է տուգանքով՝նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իսկ թե արտաքին գործերի նախարարության կոնկրետ որ աշխատակցից ինչպես է Արսեն Հակոբյանը տեղեկանք ձեռք բերել, այդպես էլ քննչական մարմինները չեն բացահայտել կամ գաղտնի են պահում: Իսկ ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Արսեն Հակոբյանը քննիչներին ասել է, որ իրեն տեղեկանք տրամադրող քաղաքացուն չի ճանաչում: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում որոշել են Արսեն Հակոբյանի գործով նախաքննությունը ավարտել եւ գործը ուղարկել դատարան:
Ինչով կավարտվի այս պատմությունը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ ՀՀ գերատեսչությունների աշխատակիցների թեթեւ ձեռքով մարդկանց փախուստը Հայաստանից կազմակերպելու գործընթացը շարունակվում է:

Հասկանալի է, որ պետական աշխատողները «սիրուն աչքերի համար» չեն մարդկանց «լավություն անում». գործում են կա՛մ կարիքից դրդված, կա՛մ գեղեցիկ «վերաբերմունքի» դիմաց:

Հ. Գ. Հավելենք, որ այս հրապարակումից հետո ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում էր ներկայացրել` նշելով, որ ս.թ. հունվարի երեքին Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտագրով դիմել է արտաքին գործերի նախարարությանը, տեղեկացնելով, որ քաղաքացի Արսեն Հակոբյանը դեսպանությանը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ կողմից 2016թ. սեպտեմբերի հինգին տրամադրված դատվածության բացակայության  մասին տեղեկանքը, որը, սակայն ակներև կեղծ փաստաթղթի նշաններ է պարունակում: Այնուհետև, դեսպանությունը խնդրել է ուսումնասիրել փաստաթուղթը և հաստատել դրա վավերականությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս